Պետք է ընթանալ Տիրոջ շավիղներով, հոգիներում անթեղել Աստծո կենարար լույսը, իսկ ճակատներին՝ սրբալույս
Մյուռոնի դրոշմը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 10 (238), հոկտեմբեր 2019 թ.  


 

       

«ԱՆՅԱՂԹԵԼԻ ՆՇԱՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԶՕՐՈՒԹԵԱՆՆ
ԸՆԴՈՒՆԱՐԱՆ, ՈՎ ՍՈՒՐԲ ՔԱՌԱԹԵՒ…»
ԽԱՉԻ ԳՅՈՒՏԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Եւ զօրութեամբ խաչի Քո Քրիստոս հիմնեցուցեր զկաթողիկէ եկեղեցի՝ բնակարան Սուրբ Երրորդութեանդ, լուսաւորելով զհեթանոսս ի սմա կրկնակի ծննդեամբ»:
ՇԱՐԱԿՆՈՑ

րիստոսի համբարձումից հետո նրա խաչափայտը գտնվում էր լքված ու մոռացված վիճակում: Եկեղեցական ավանդությունը պատմում է, որ քրիստոնյաներին հալածող հրեաները Տիրոջ գերեզմանը ծածկում են հողով ու գերեզմանի մեջ թողնում այն խաչերը, որոնց վրա մահացել էին Հիսուս Քրիստոս եւ իր կողակից ավազակները: Վերջիններս նույնիսկ գերեզմանի դիմաց կանգնեցնում են Աֆրոդիտեի արձանը, որպեսզի խաչից բխող կենսատու զորությունը վերագրվի նրան:

Սակայն որոշ ժամանակ անց Հռոմի Կլավդիոս կայսեր կինը` Պատրոնիկեն, լինելով քրիստոնյա, ուխտի է գնում Երուսաղեմ, ուր հանդիպում է այդ ժամանակ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբայր Առաքյալին: Կայսրուհին փափագում է տեսնել Քրիստոսի գերեզմանը, խաչափայտն ու Գողգոթան, սակայն Հակոբոս Առաքյալից տեղեկանում է, որ հրեաները ոչ միայն այն ծածկել են հողով, այլեւ հսկում ու արգելում են մոտենալ: Պատրոնիկե կայսրուհու միջամտությամբ խաչերը հանում են հողի տակից եւ, որոշելու համար, թե որն է Քրիստոսինը, դրանց են մոտեցնում մահացած մի աղջկա: Վերջինս փրկչական խաչի հպումից կենդանանում է: Հակոբոս Տյառնեղբայրը, բոլորին ի տես եւ ի մխիթարություն, Խաչը բարձրացնում է Երուսաղեմի տաճարում:

Պատրոնիկե կայսրուհու խնդրանքով Տյառնեղբայրը նրան է նվիրում Խաչից մի մաս, որը կայսրուհին տանում է Հռոմ: Նվիրական Խաչափայտի անգին այս մասունքը հետագայում անցնում է նրա ազգականուհի Հռիփսիմեին, ով էլ իր հետ բերում է Հայաստան:

Դրանից հետո հրեաները, սպանելով Հակոբոսին, կրկին խլում են խաչափայտն ու ամփոփում Գողգոթայում: Խաչի գտնվելու վայրը մնում է անհայտ՝ մինչ խաչի բուն գյուտը:

313 թ., Միլանի հրովարտակով, քրիստոնյաներին արտոնվում է ազատ դավանել իրենց կրոնը, իսկ Երուսաղեմը դառնում է ուխտավայր, ուր աշխարհի տարբեր ծագերից սրբազան վայրը տեսնելու են գնում մեծաթիվ ուխտավորներ: 327 թվականին ուխտի է գնում նաեւ Կոնստանդիանոս կայսեր մայրը՝ Սրբուհի Հեղինեն: Բարեպաշտ թագուհին Երուսաղեմում ձեռնամուխ է լինում Փրկչի Խաչը փնտրելուն: Աստվածային նախախնամությամբ Գողգոթայում գտնվում են երեք խաչեր՝ թաղված աղբի մեջ: Երուսաղեմի Մակարիոս եպիսկոպոսը նշան է խնդրում Աստծուց, եւ շուտով պարզ է դառնում, թե որն է տերունական խաչը: Մի մեռած պատանու վրա հաջորդաբար դնում են խաչերը, բայց պատանին հարություն է առնում այն ժամանակ, երբ նրան են հպում Քրիստոսի կենսատու Խաչափայտը: Այդ հրաշքը տեսնելով՝ հրեա բնագետը եւս դառնում է քրիստոնյա, նվիրվում անդուլ քարոզչության՝ հասնելով եպիսկոպոսության աստիճանի: Բնագետ հրեան Կյուրեղ եպիսկոպոս Երուսաղեմացին էր:

Ճշմարիտ այս գյուտի՝ Խաչափայտը բարձրացնելու հիշատակը տոնախմբում են Քրիստոնյա բոլոր Եկեղեցիները: Խաչի նշանը, որով պարծենում էր Պողոս Առաքյալը, բովանդակ քրիստոնյա աշխարհում դառնում է հարգանքի ու պաշտամունքի առարկա եւ համարվում քրիստոնյաների խորհրդանիշ:

Ի դեպ՝ հույներն այն նույնացրել են Խաչվերացի հետ եւ տոնում են սեպտեմբերի 14-ին, իսկ կաթոլիկները՝ մայիսի 3-ին: Հայաստանյայց Եկեղեցին գյուտի փառավորման գաղափարը նույնացրել է Խաչվերացի հետ, սակայն Գյուտ Խաչը տոնախմբում է հոկտեմբերի 26-ի մոտակա կիրակի օրը կամ Խաչվերացից վեց շաբաթ հետո: Գյուտ Խաչի շարականն է «Հրաշակերտ եւ զօրեղ փայտ Խաչի քո Քրիստոս», ուր պատմվում է Խաչի գյուտը:

Հոկտեմբերի 27-ին վերստին համահունչ ղողանջեցին հայոց աղոթատների զանգերը՝ ի լուր ամենքի ավետելով, Խաչի գյուտի տոնի ուրախ առիթով, մատուցվելիք Սուրբ եւ անմահ Պատարագի սկիզբը: Սուրբ Պատարագ մատուցվեց նաեւ Գյումրու Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Հակոբ, Ս. Գրիգոր Լուսավորիչ եւ Ս. Հռիփսիմե եկեղեցիներում:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները