Առանց փշե պսակի հարության լուսե պսակ գոյություն չունի, եւ միայն արցունքների անձրեւից հետո կարելի է յոթնագույն ծիածանը տեսնել:
 
ՍԱՀԱԿ ԵՊՍ. ՄԱՇԱԼՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 08 (236), օգոտոս 2019 թ.  


 

       

ՀՐԱԺԵՇՏԻ ԽԱՐՈՒՅԿԱՀԱՆԴԵՍ
«ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԲՆՈՒԹՅՈՒՆ» ՃԱՄԲԱՐՈՒՄ

այաստան աշխարհի ամենահյուսիսում է գտնվում Եղնաջուր գյուղի «Վերադարձ դեպի բնություն» ճամբարը, որն ամեն տարի իր հյուրընկալ հարկի տակ է առնում Շիրակի մարզի երեխաներին՝ դարձնելով ճամբարականների ամառային հանգիստն առավել հետաքրքիր ու բովանդալակից:

Հեռավոր սարերի միջեւ ծվարած այս ճամբարը երեխաներին գրավում է յուրովի՝ նախ, որ երկու կողմից հարեւան երկրների սահմաններն են, դիմացը բացվում է Շիրակ աշխարհի գեղեցկուհին՝ Արփի լիճը, իսկ չորսբոլորը սարեր են ու սարեր, որոնք ամռանը զարդարվում են գունագեղ ու հազվագյուտ, նույնիսկ Կարմիր գրքում գրանցված ծաղիկներով:

Իմաստությունն ասում է. «Լավ է այնտեղ, ուր մենք չկանք», իսկ ես ասում եմ, որ լավ է այնտեղ, ուր մենք չենք կարող լինել, բայց կանք.... Յուրաքանչյուր ճամբարականի համար տասնօրյա փոքրիկ դրախտ է այս ճամբարը՝ բացառիկ ամեն ինչով, կտրված քաղաքի աղմուկից, մեքենաների ծխից, մոտ բնությանն ու սեփական արմատներին: Ճամբարի յուրաքանչյուր նոր օր տարբերվում է նախորդից իր բովանդակությամբ, եւ ճամբարականի հիշողության մեջ դաջվում ինքնատիպությամբ:

Մեծաթիվ ճանաչողական էքսկուրսիաների միջոցով երեխաները ոչ միայն բացահայտում են Եղնաջուր գյուղը համանուն գետակով, պատմական Վիշապաքար կոթողով, ՀԷԿ-երով, այլեւ «Արփի լիճ» ազգային պարկ այցելությամբ: Այս ամենը լրացնելու են գալիս ազգային երգն ու պարը: Սահմանապահների ռազմագիտության դասի միջոցով ճամբարականների մեջ, կարծես, ավելի է արմատավորվում հայրենասիրության գաղափարը: Նրանք ոչ միայն մոտիկից են ծանոթանում զենքին, այլեւ փորձում ինքնուրույն քանդել ու հավաքել:

Այս ամենն ուղեկցվում է Արտաշես սարկավագի անցկացրած հետաքրքիր հոգեւոր դասերով, Սուրբ Սարգիս մատուռ այցելությամբ: Յուրաքանչյուր հերթափոխի ընթացքում, Տեր Գարեգինի ձեռամբ, կատարվում է Սուրբ Մկրտության արարողակարգ, որի ընթացքում Աստծո որդեգիրներն են դառնում չմկրտված ճամբարականները:

Երեխաների առօրյան լրացնում են բազմաբնույթ սպորտլանդիաներն ու մրցույթները: Ճամբարում այս ամառ «Ժպիտի օր»-ն առանձնացավ նրանով, որ ճամբարականները հյուրընկալեցին Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանին: Նա ոչ միայն հերթական անգամ ծանոթավ ճամբարականների առօրյային, այլեւ ճաշի նստեց նրանց հետ ու մտերմիկ զրուցեց, իսկ վերջում օրն «անմահացավ» խմբանկարի տեսքով:

Ամեն տարի ճամբարականները հրաժեշտ են տալիս միմյանց՝ կրկին տեսնվելու մեծ ակնկալիքով, իսկ ճամբարի աշխատակիցներն ի գործ են դնում իրենց ողջ ուժն ու կարողությունը, որպեսզի երեխաները միշտ սիրով ու կարոտով հիշեն սարերի մեջ ծվարած այդ փոքրիկ աշխարհը:

Ճամբարականներն այս անգամ եւս հրաժեշտ տվեցին ամռանը խարույկահանդեսով, ուրախ երգ ու պարով եւ մեծ վստահությամբ, որ գալիք արձակուրդները կրկին ի մի կբերեն բոլորին:

ՍԵԴԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները