Երջանկությունը եսասիրություն չէ, ոչ էլ՝ ինքնամփոփվածություն: Ընդհակառակը՝ երջանկության
տիրանալ
նշանակում է դուրս
գալ ես-ից, գնալ
դեպի ուրիշները:

   
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 07 (235), հուլիս 2019 թ.  


 

       

«ՅԻՇԵԱ ՏԷՐ, ՈՂՈՐՄԵԱ ՈՒ ՕՐՀՆԵԱ ԶԱՌԱՋԻ
ԿԱՑԵԱԼ ԶԺՈՂՈՎՈՒՐԴՍ ՔՈ»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՕԶԱՍԿՈՅԻ
ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

իրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը հունիսի 24-ից հուլիսի 26-ը հյուրաբար գտնվում էր Բրազիլիայում: Շրջագայություններին զուգահեռ՝ Սրբազան Հայրը, Բրազիլիայի հայոց թեմի Առաջնորդ Տ. Նարեկ եպս. Բերբերյանի առաջնորդությամբ, այցելեց տարբեր քաղաքներ, նաեւ հանդիպումներ ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, զրուցեց առօրյա խնդիրների շուրջ:

Այցելություններից առանձնակի տարբերվում է հայաշատ Օզասկո քաղաքը, ուր հունիսի 30-ին, տեղի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որի հոգեւոր հովիվն է Տ. Պողոս ավագ քհն. Պարոնյանը, Միքայել Սրբազանը մատուցեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

Օզասկոյի համայնքը հիմնականում կազմում են 20-ականներին այստեղ հաստատված սսեցիները, իսկ Ս. Հովհաննես Մկրտիչը Բրազիլիայի առաջին հայկական եկեղեցին է:

ՕԶԱՍԿՈն ԵՎ ԲՐԱԶԻԼԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Օզասկոն Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի հինգերորդ քաղաքն է (մոտ 1 մլն բնակիչ), հայերի թիվը հասնում է 4-5 հազարի: Օզասկոյի առաջին քաղաքապետը հայազգի Հրանտ Սանազարն էր: Օզասկոն հանդիսանում է Բրազիլիայում հայ համայնքի առանցքային կենտրոններից մեկը, ուր 1932 թ. կառուցվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին:

2008 թվականի հուլիսի 1-ին Բրազիլիայի Սան Պաուլոյի նահանգի Օզասկո քաղաքում` քաղաքապետարանին հարող հրապարակում, կայացել է հայկական խաչքար-հուշարձանի բացման արարողություն: Խաչքարը Օզասկոյին նվիրել է Գյումրու քաղաքապետարանը` ի նշան երկու քույր քաղաքների բարեկամության, որը հաստատվել է 2006 թվին: Օզասկոյի քաղաքապետ Էմիդիո դե Սոուզան է ստորագրել տեղական խորհրդարանի համապատասխան որոշումը: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քաղաքային ավագանու նույնանման որոշումը ստորագրել էր դեռ 2005-ին:

Հայերը Բրազիլիայում հաստատվել են 19-րդ դարի երկրորդ կեսից: 1895 թվականին Բրազիլիայում բնակվել է շուրջ 100 հայ: 1920-ականներին Բրազիլիա են գաղթել հայերի ավելի ստվար խմբեր, որոնք բնակություն են հաստատել առավելապես Սան Պաուլո քաղաքում: Վերջին տարիներին Հայաստանից Բրազիլիա է գաղթել ընդամենը 15-20 ընտանիք:

2009 թվականի տվյալներով` Բրազիլիայում բնակվում է շուրջ 40 հազար հայ, ովքեր հիմնականում (մոտ 20 հազար) կենտրոնացված են Սան Պաուլոյում եւ շրջակա քաղաքներում (Օզասկո, Պրեզիդենտե Ալտինո): Բրազիլահայ համայնքը ղեկավարվում է իր կանոնադրությամբ, համայնքի ազգային-հոգեւոր կյանքը կազմակերպում են եկեղեցական, կուսակցական, հայրենակցական, բարեգործական, մշակութային, կրթական, մարզական կազմակերպությունները: Գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բրազիլիայի թեմը (կազմավորվել է 1983 թվականին, առաջնորդանիստը` Սան Պաուլոյի Ս. Գեւորգ եկեղեցի): Գործում են հայ ավետարանական եւ հայ կաթողիկե եկեղեցիներ: Այսօր Սան Պաուլո քաղաքի հայ առաքելական Սուրբ Գրիգոր եկեղեցուն կից գործում է Ազգային Դուրյան վարժարանն իր նախակրթարանով, հրապարակվում է «Սիփան» պարբերականը:

Առաքելական թեւը ներկայացված է նաեւ Օզասկո քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցով: 2005 թ. ի վեր գործում է «Armenia viva» (Ապրող Հայաստան) ռադիոժամը: 2015 թ. դրությամբ բրազիլահայերի թիվը կազմում է շուրջ 100.000, ինչն արձանագրվել է նաեւ 2015 թ. հունիսի 2-ին ԲԴՀ Ազգային կոնգրեսի Դաշնային Սենատի` Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւում:

ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐ ՊԱՏԳԱՄԻՑ

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ուխտավորաբար Օզասկոյում գտնվող Տ. Միքայել արքեպս. Աջապահյանին ներկայացրեց բրազիլահայոց թեմի Առաջնորդ Տ. Նարեկ եպս. Բերբերյանը: Նարեկ Սրբազանի խոսքից հետո, պատարագիչ Սրբազան Հայրը ներկա հավատացյալներին դիմեց օրվան պատշաճող ոգեշունչ քարոզով՝ «Յիշեա Տէր, ողորմեա եւ օրհնեա զառաջի կացեալ զժողովուրդս քո եւ պարգեւեա սոցա զպիտոյսն եւ զօգտակարսն» բնաբանով:

Միքայել Սրբազանը նախ երախտիքի եւ շնորհակալության խոսքեր հղեց թեմակալ Առաջնորդին, Ս. Պատարագին վերաբերում անող Տ. Պողոս ավագ քհն. Պարոնյանին՝ մաղթելով կենաց արեւշատություն, ապա` ներկա հոգեւորականաց դասին ու բարեպաշտ ժողովրդին: Մեկ անգամ եւս կարեւորելով օրվա խորհուրդը, որ է Աստծո կողմից հիշված լինելը, ներվելու, օրհնվելու առաքինությունը, ինչի դրսեւորումն է բարի գործերի հաջողությունը՝ պատարագիչ Սրբազանն ի մասնավորի ասաց. «Սիրելինե՛ր, ընդհանրապես մեզանից յուրաքանչյուրը երբ կարդում է Ավետարանը, ուշադրությունը սեւեռում է խրատական խոսքերի վրա, որոնք ցուցումներ են պարունակում, սակայն երբեմն կամ հաճախ մեր աչքից վրիպում են այն հաստատումները, որոնք գալիս են լրացնելու այդ ցուցումները, ցույց տալու, թե ինչի՞ վրա են խարսխված դրանք, ինչո՞ւ պետք է լինել ընտիր Աստծո առջեւ, ինչո՞ւ պետք է քայլել Աստծո նախանշած ճանապարհներով, ինչո՞ւ հեռու մնալ անարդարություններից, գայթակղություններից, երիտասարդական ցանկություններից, ինչո՞ւ պետք է լինել հակառակորդի նկատմամբ հեզ ու անոխակալ, որ Աստված մեր հոգիներում ծագեցնի ապաշխարության լույսը։ Ահա այս ինչուների պատասխանն է տալիս Պողոս Առաքյալը:

Աստված երկրի վրա հիմնել ու հաստատել է մի իրողություն, եւ այդ իրողությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ Եկեղեցին, որը պատճենն է երկնքի։ Մեր աղոթքների մեջ հաճախ ասում ենք, թե Քրիստոսի բերածը երկնքի արքայությունն է, որ իջնում է երկիր, թագավորում մեր մեջ ու տարածվում ամենուր։ Ուրեմն՝ Աստծո հաստատուն հիմքը Եկեղեցին է։ Եկեղեցին քարերից շինությունը չէ, ճարտարապետական կառույցը չէ միայն, այլ բոլոր նրանց համահավաքն է, ովքեր հավաքվում են Քրիստոսի անունով՝ փառաբանելու Նրան եւ ցույց տալու աշխարհին իրենց հավատքը, վկայությունը։ Պողոս Առաքյալն ասում է՝ այդ Եկեղեցին ունի կնիք։ Ինչպես ամեն մի ստեղծագործություն տիեզերքում, այս աշխարհը նույնպես ունի իր ստեղծողի կնիքը։ Այդ կնիքն Ինքը՝ Քրիստոս է։

Եկեղեցին կազմված չէ կատարյալ մարդկանցից, սակայն հիմնական իրողությունը ոչ թե կատարյալ լինելն է, այլ կատարելության ձգտումը։ Փույթ չէ, որ դեպի արդարության ձգտման այս ճանապարհին կարող են լինել ընկրկումներ, սայթաքումներ, կարող է արդարությունն անհուսալիորեն հեռու թվալ, սակայն հիմնական ճշմարտությունն այն է, որ եթե մարդ ոտք է դրել Եկեղեցուց ներս, այլեւս երբեք դեմքը շուռ չպետք է տա դեպի անիրավություն։

Եկեղեցու հիմնական իրողությունն այն է, որ մենք հավաքվում ենք՝ Տիրոջ անունը հիշելու, Տիրոջը հիշելով՝ անիրավությունից հեռանալու, Քրիստոսի Եկեղեցին կազմելու։ Այստեղ ապրում, շնչում, պայքարում, Քրիստոսին են վկայում բոլոր նրանք, ովքեր Աստծո յուրայիններն են։

Սիրելի՛ հավատացյալ քույրեր եւ եղբայրներ Օզասկո քաղաքի, եկեղեցին կատարյալ մարդկանց հավաքատեղի չէ: Այն ապաշխարողների, մեղանչող եւ մեղանչած մարդկանց հավաքատեղի է, ովքեր գիտեն իրենց մեղանչական ու մեղավոր լինելը, հավաքվում են եկեղեցու կամարների ներքո, քանզի գիտեն, որ միայն Աստծով է փրկությունը։ Ոչ ոք ինքն իրենով փրկվել չի կարող, չի կարող կատարելության հասնել առանց Քրիստոսի, առանց եկեղեցու, առանց մեր եւ ձեր նմանների աղոթքների, բարեխոսության ու միջնորդության։

Միմիայն սիրով, համերաշխությամբ ու Տիրոջ պատվիրաններին հետեւելով կարող եք հասնել մեծ հաջողությունների, ստանալ Տիրոջ օրհնությունը, բարգավաճել ու զորացնել ձեր ընտանիքներն օտարության մեջ, հայրենիքից հեռու:

Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ոմանց թվում է, թե Աստծո հաստատած հիմքը խարխլվել, տկարացել է, որովհետեւ աշխարհի տարբեր հարթությունների վրա Քրիստոսի Եկեղեցում մեծաթիվ մարդկանց չես տեսնի։ Մյուս կողմից Քրիստոսի մեկ եւ անբաժան Եկեղեցին զանազան եղանակներով փորձում են բաժան-բաժան անել։ Սակայն այն միտքը, թե Աստծո հաստատած հիմքը տկարացել կամ խարխլվել է, ճիշտ չէ: Իրականում կխարխլվի մեր եւ ոչ թե Աստծո հաստատած հիմքը, որովհետեւ այն, ինչ Աստծո կողմից է հաստատված, խարխլվել չի կարող:

Աստծո հիմքը՝ Եկեղեցին, հաստատուն եւ անշարժ է ինչպես երեկ, այնպես էլ այսօր։ Զանազան փոթորիկներ կգան ու կհարվածեն այդ նավին, սակայն այն հաստատուն կերպով առաջ կընթանա։ Որքան էլ ալեկոծությունն ուժգին լինի, եկեղեցում գտնվող անձը, դեմքը դեպի Արդարության Արեգակը շրջած, կտեսնի Քրիստոսին, որ ասում է. «Ես եմ, մի՛ երկնչեք» ¥Հովհ. Զ 20¤։ Այսօր հավաքվել ենք՝ վկայելու, որ իրապես չենք երկնչում, հավատում ենք Եկեղեցու հաստատուն առաքելությանը, Աստծո կողմից դրված հաստատուն հիմքին եւ ճամփորդներն ու միջոցները պիտի դառնանք փրկության։

Մեկ անգամ եւս հիշելով Տիրոջ անունն այս եկեղեցու հարկից ներս՝ մաղթում եմ ամենքիդ բարօրություն: Հեռավոր այս երկրում անաղարտ պահեք հային վայել ավանդույթներն ու սովորույթները, մի մոռացեք մայրենին ու Հայաստան աշխարհը եւ ամուր կառչեք ձեր հավատից ու Եկեղեցուց, որ առաքելահիմն է ու լուսավորչահաստատ:

Թող Աստված ձեզ անվրդով ու անսասան պահի այդ հաստատուն հիմքի վրա այժմ եւ միշտ եւ հավիտյանս. ամեն։

Ի ԴԵՊ

Սուրբ եւ անմահ Պատարագին ներկա էին Օզասկոյի Աջապահյանները՝ հայտնի գերդաստանի շառավիղները: Սրբազան արարողակարգից հետո, ձեռամբ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, կատարվեց մկրտության կարգ: Աստծո որդեգիրը դարձավ փոքրիկ Լուիզա Աջապահյանը:

ՄԱՐԻԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները