Երջանկությունը եսասիրություն չէ, ոչ էլ՝ ինքնամփոփվածություն: Ընդհակառակը՝ երջանկության
տիրանալ
նշանակում է դուրս
գալ ես-ից, գնալ
դեպի ուրիշները:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 07 (235), հուլիս 2019 թ.  


 

       

«Ի ՀԱՆԴԷՍ ՏՕՆԻ ՔՈ ՈՒՐԱԽԱՑԵԱԼ ՑՆԾԱՄՔ,
ՀԱՅՐ ԵՒ ՎԱՐԴԱՊԵՏ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԱՊԵՏ»
ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Հրաշափառ Աստուած եւ միշտ բարեխնամող,
Որ յառաջգիտութեամբ զփրկութիւն Հայաստանեաց սկզբնաւորեալ՝
Ի Պարթեւական մեղապարտ ազգէն Լուսաւորիչ մեզ շնորհեցէր,
Վասն որոյ բարեխօսութեամբ սորա Փրկիչ,
Կեցո զմեզ այժմ եւ ի քո յահաւոր գալստեանդ»:

                                                                                  ՇԱՐԱԿՆՈՑ

այոց երկրորդ Լուսավորիչ Ս. Գրիգորի աստվածաշնորհ գործունեության, հայոց համազգային մկրտության, քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու իրողության հետ կապված տոներն առանձնակի նվիրականություն ունեն Հայ Եկեղեցու յուրաքանչյուր զավակի համար, քանզի դրանց խորհրդով մեկ անգամ եւս զգալի է Աստծու ներկայությունը հայոց մեջ, Աստծու շնորհը հայ ժողովրդին եւ Բարձրյալի հանդեպ վերջինիս հավատի կենդանացնող ու փրկարար զորությունը: Եկեղեցին Լուսավորչին դասել է ավագ Սրբերի կարգը եւ նրա հիշատակը հավերժացնող հիշատակի օրեր սահմանել:

Որքան մաքուր ու լուսեղեն էին Ս. Գրիգորի կյանքն ու գործը, նույնքան էլ վսեմաշուք եղավ կյանքի արեւմարքը: Հայ Առաքելական Եկեղեցու պատմության մեջ քիչ չեն եղել անուններ, որոնք սրբացվել են, սակայն Լուսավորչինն ուրիշ է, ինչպես ուրիշ էր նրա ողջ կյանքը: Նա թերեւս այն միակ Սուրբն է, ով պատկանում է նաեւ համայն քրիստոնյա աշխարհին: Անշուշտ, Գրիգոր Լուսավորիչը քրիստոնյա աշխարհի համար բացառիկ է ոչ միայն իր սրբակենցաղ վարքագծով, այլեւ իր ապրած ողջ կյանիք վկայությամբ:

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ

325 թվականին, Նիկիայում տեղի ունեցած Տիեզերական ժողովից հետո, մեր հավատի լուսեղեն սյուն Հայրապետի կրտսեր որդին Ս. Արիստակեսը, բազմում է հայրապետական գահին: Ս. Գրիգորն այլեւս չի բաժանվում, իրեն այնքան հոգեհարազատ դարձած, ճգնարանից՝ Մանեի այրից, որը Սեպուհ լեռան վրա էր, Երիզայի մոտ: Հաճախ, այդ այրի մասին խոսելիս, այն համարում են սուրբ մարգարեի չարչարանաց վայր կամ հիշատակարան:

Խաղաղիկ այդ քարայրում, որի շուրջ մշտապես դեգերում էին պարզամիտ հովիվներն իրենց հոտերով, Սուրբն ավանդեց լույս հոգին: Ոչ ոք չլսեց եւ չիմացավ: Միայն պատահականությունը հովիվներին ներս բերեց քարայրի դռնից, ուր նրան գտան հավիտենական հանգստի մեջ: Դողդողացող մատներով, արցունքի կաթիլներն աչքներից կախ, ծածկեցին նրանք չարչարյալ մարմինը քարակույտով ու գլխիկոր հեռացան:

Վահան Մամիկոնյանի մարզպանության ժամանակ Աստված տեսիլքով ամենանվիրյալին՝ Բասենցի Գառնիկ ճգնավորին հայտնեց Սրբի մասունքների տեղը: Լուսավորչի սուրբ ու պաշտելի նշխարներն ամփոփվեցին Թորդանում, իսկ արդեն հինգերորդ դարում նրա աջ ձեռքի մասունքներն ամփոփվեցին բազկի ու մատների ձեւ ունեցող պատյանում, որը, երկար դեգերումներից հետո, սրբությամբ պահվում է Ամենայն Հայոց Հայրապետանոց Մայր Աթոռ Ս. Էջմիածում:

Ի ԴԵՊ

Աբբայուհի Մարիա Բոնուկկիեն, Սրբի մասունքների եւ դրանց հետ կապված հրաշագործությունների մասին, Նեապոլում շրջող զանազան պատմություններն ի մի է բերել եւ 1717 թվականին, Պապի թույլտվությամբ, տպագրել «Պատմութիւն կենաց, մարտիրոսութեան եւ սքանչելեաց Սրբոյն Գրիգորի» գրքում:

Այս Գրքից իմանում ենք, որ Իտալիայի մեկ այլ քաղաքի՝ Նարդոյի, բնակիչները Լուսավորչին համարում են իրենց քաղաքի պահապան Սուրբը: Իհարկե, չենք կարծում, որ իտալացին, առանց հիմնավոր պատճառների, կարող էր որեւէ այլազգի Սրբի նման պատվի արժանացնել: Դրա պատճառը Լուսավորչի հետմահու կյանքը, նրա մասունքներից ճառագող հրաշքներն էին: Եվ ահա այդ լույս մասունքներից 2001 թվականին, փրկչական 21-րդ դարագլխի առաջին տարում, հայոց լուսավորության տասնյոթերորդ հարյուրամյակի ուրախ առիթով, Հռոմի Հովհաննես-Պողոս Պապը Հայոց Եկեղեցուն նվիրեց Ս. Գրիգորի մասունքներից: Թող օրհնյալ լինի այդ վերադարձը: Մինչ այդ՝ շատ ավելի վաղ, իբրեւ Հայոց Հայրապետության խորհրդանիշ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Վաղարշապատ տարված նշխարներից պատրաստվել էր ոսկյա Սուրբ Աջը, որը երկար դեգերումներից հետո, շնորհիվ Աջապահյանների արքայաշառավիղ գերդաստանի, այսօր պահվում է Ամենայն Հայոց Հայրապետանոցում՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Այդ աջով է օրհնվում սրբալույս Մյուռոնը: Լուսավորչի աջն ունի նաեւ կնիքի դեր եւ օրինավոր ու ճշմարիտ հայրապետության երաշխավորություն: Ժամանակին կաթողիկոսների կոնդակները մակագրվում էին սուրբ աջի օրհնությամբ, մեռոնը դարեր շարունակ այդ աջով է նվիրագործվում, եպիսկոպոսների ձեռնադրության համար եւս Լուսավորչի մասնուքով աջն է գործածվում:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Անշուք թաղումը, սակայն անշուք չթողեց սրբի հիշատակը: Հայաստանյայց Եկեղեցին «Նշխարաց գյուտի» տոնը կատարում է մեծահանդես, որն այս տարի նշվեց հուլիսի 6-ին: Տոնի ուրախ առիթով Ս. Յոթվերք, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչներն ու քարոզխոսներն էին Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը եւ Տ. Փավստոս քհն. Սարգսյանը:

Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ի մի էին եկել ոչ միայն հավատավոր գյումրեցիներ, այլեւ Երեւանի Ս. Աստվածածին եւ Ս. Զորավոր եկեղեցիների ուխտավորները: Սուրբ Պատարագի ընթացքում ներկաները հաղորդվեցին մեր Տիրոջ Ս. Մարմնին ու Արյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները