Այո՛, մենք այլեւս ապրելով պիտի ապրենք, հաղթելով ապրենք: Հայրենասիրությունը բանաձեւելու կարիք չունի. նրանով պիտի ապրես, գործես, արարես:
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 05 (233), մայիս 2019 թ.  


 

       

«ՀԱՄԲԱՐՁԱՒ ԱՍՏՈՒԱԾ ՕՐՀՆՈՒԹԵՄԱԲ
ԵՒ ՏԷՐ ՄԵՐ ՁԱՅՆԻՒ ՓՈՂՈՅ»
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Համբարձէք իշխանք, զդրունս մեր ի վեր, համբարձցին դրունք յաւիտենից եւ մտցէ Թագաւոր փառաց»:
ՇԱՐԱԿՆՈՑ

եր Տիրոջ՝ Հիսուս Քրստոսի հրաշափառ Սուրբ Հարությունից քառասուն օր հետո նշվում է Համբարձման տոնը: Քրիստոսի համբարձման վայրը՝ Ձիթենյաց լեռը, Երուսաղեմի շրջակայքում եղած ամենաբարձր լեռներից է: Սուրբ Գրիգոր Տաթեւացին գրում է. «Եվ թե ինչու Բեթանիայում համբարձավ եւ ոչ այլ տեղ, սա է պատճառը, որովհետեւ Բեթանիա նշանակում է սգո եւ չարչարանքների տուն, մատնացույց է անում մեր բնությունը, որ վայելուչ դրախտից ընկանք այս երկիրը, որ սգո եւ չարչաչանքների տեղ է, որտեղ մահացանք ինչպես Ղազարոսը»: Նաեւ, դա այն բարձունքն էր, ուր Հիսուս աղոթում էր, եւ որտեղ Նրան ձերբակալեցին:

Համբարձման խորհուրդն այսօր առաքելագործության պատգամն է, որ ամենքիս ուղղում է Քրիստոս: Տիրոջ համբարձումը նաեւ Նրա երկրավոր առաքելության ամբողջացումն ու կատարելությունն է: Քրիստոս երկինք մտնելով՝ ամենքիս ցույց տվեց, որ մենք եւս այնտեղ պետք է գնանք: Եթե համբարձման պատմությունը չլիներ, մենք երբեք չէինք իմանա, թե, Ս. Հարությունից հետո, Քրիստոսի հետ ինչ տեղի ունեցավ, ինչպես վերամիավորվեց Հայր Աստծո հետ, եւ այդ կատարյալ վերամիավորման պատկերը մեզ համար կատարյալ հույս է՝ Աստծո հետ միավորման: Տաթեւացին այս տոնն ուրախության օր է անվանում, քանզի «Հիսուս ցորենի հատիկի նման մեռավ եւ հարության առավ եւ համբարձվեց ու ամփոփվեց երկնային հնձանում»:

ԱՎԱՆԴՈՒՅԹ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԻ

Համբարձման տոնը ժողովրդական մշակույթում հայտնի է «Վիճակ», «Ջանգյուլում» եւ «Կաթնապուրի տոն» անվանումներով: Համաձայն ժողովրդական հավատալիքների՝ Համբարձման գիշերը բոլոր ծաղիկներն ու խոտերն սկսում են միմյանց հետ խոսել ու ասել, թե իրենք ինչ ցավի դեղ են կամ իրենց արմատների մոտ ինչ է պահված: Եվ ով այդ ժամանակ «շահմար» օձին խփի, հավասար կիսի եւ ուտի պոչը, նա ծաղիկների լեզուն հասկանալու շնորհ կստանա: Այս համոզմամբ համբարձման գիշերը մարդիկ երկրի վրա որոնում են ծաղիկների լույսը եւ փորձում ձեռք բերել, դրանց լեզուն հասկանալու շնորհը:

Համբարձման տոնն ուղեկցվում է նաեւ ժողովրդական հանդիսություններով: Այդ օրն աղջիկները յոթն աղբյուրից ջուր են բերում, յոթը ծաղկից փնջեր կապում, պսակներ հյուսում եւ վիճակ գցում՝ այդ կերպ վճռելով իրենց սպասվող բախտը: Հավելենք նաեւ, որ վիճակ գցելու սովորույթն առաքյալների՝ Քրիստոսի Համբարձումից հետո, Երուսաղեմ վերադառնալու եւ Վերնատանը վիճակ գցելու հիշատակությունն է, երբ, տիրադավ Հուդա Իսկարիովտացու փոխարեն, տասներկուերորդ առաքյալ ընտրվեց Մադաթիան:

Տոնի ծիսական կերակուրը կաթնապուրն էր, որ պտղաբերության խորհուրդ ուներ, քանզի պատրաստվում էր, կյանքի շարունակելիության խորհրդանիշ, հատիկով եւ աճ, բազմացում ապահովող կաթով: Սովորույթի համաձայն՝ Զատկից մինչեւ Համբարձում կաթնապուր չէին պատրաստում, որ կովերի կաթը չպակասի, իսկ Համբարձմանն առաջին անգամ եփվող կաթնապուրը ճաշակվում էր մեծ հանդիսավորությամբ, անցորդներին հրավիրում էին ճաշակելու եւ բաժին հանում դրկիցներին: Այդպիսով՝ ձգտում էին խթանել բերքատվությունը, նպաստել պտղաբերությանը, բնության զարթոնքին:

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՔՐԻՍՏՈՍԻ

Մայիսի 30-ին՝ հինգշաբթի օրը, Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնի ուրախ առիթով, հայոց բոլոր եկեղեցիներում վերստին հնչեղ ղողանջեցին զանգերը: Ս. Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում եւս հավաքվել էին մեծաթիվ հավատացյալներ՝ ներկա գտնվելու մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

ՏՈՆ ԱԶԳԱՅԻՆ

Համբարձման տոնի հետ մեկտեղ Հայաստանյայց Եկեղեցին ոգեկոչում է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը 1441 թ. Սսից Ս. Էջմիածին փոխադրման հիշատակը, երբ պատմության թելադրանքով 15-րդ դարում, սրանից 577 տարի առաջ, վերահաստատվեց Սուրբ Էջմիածնում: Ինչպես Թովմա Մեծոփեցի պատմիչն է ասում՝ այն պահին, երբ Արեւելյան վարդապետներն ու հավատացյալները հավաքվել էին այստեղ՝ այս սուրբ տաճարում, սավառնաթեւ մի արծիվ գալիս եւ բազմում է տաճարի Սուրբ Խաչին, եւ դա նշան էր, որ վարդապետները գնան ու առաքելագործեն, որովհետեւ այդ պահին, ինչպես Թովմա Մեծոփեցին է նորից վկայում, բացում են Ավետարանը եւ ընթերցվում է այն հատվածը, ուր Քրիտոս ասում է. «Այս աշխարհում նեղություններ կտեսնեք, բայց քաջալերվեցեք. Ես հաղթեցի աշխարհին»:

Այս պատգամով Առաքելական Աթոռը 1441 թվականին, հենց Համբարձման տոնին, վերահաստատվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Եվ այդ պահից ի վեր հայոց վարդապետները, եպիսկոպոսաց դասը, ամբողջ ժողովուրդը ձեռնամուխ եղան տաճարի վերաշինությանը: Ի հիշատակություն պատմական այդ օրվա եւ ի հավերժություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի՝ հընթացս սրբազան արարողակարգի, կատարվեց գոհաբանական մաղթանք:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները