Այո՛, մենք այլեւս ապրելով պիտի ապրենք, հաղթելով ապրենք: Հայրենասիրությունը բանաձեւելու կարիք չունի. նրանով պիտի ապրես, գործես, արարես:
 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 05 (233), մայիս 2019 թ.  


 

       

ՕԾՎԵՑ ՋՐԱՌԱՏԻ 7-ՐԴ ԴԱՐԻ
ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑՈՒ ԽԱՉԸ

Սակայն քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչով:
ԳԱՂ. Զ 14

եպետ վերականգնման ընացքի մեջ է Ջրառատ համայնքի 7-րդ դարի եզակի՝ Սուրբ Մինաս եկեղեցին, սակայն մայիսի 28-ին, ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, կատարվեց խաչի օծման հանդիսավոր արարողությունը:

Աղոթատունը Հայաստանի պատմամշակութային հուշարձանների ցանկում է: Ճիշտ է` 18-19-րդ դարերում շինությունը նորոգվել է, բայց կորցրել է 7-րդ դարում ունեցած տեսքը: Խորհրդային տարիներին Ս. Մինասը նույնպես որպես ամբար է ծառայել, իսկ 1988 թվականի երկրաշարժի հետեւանքով եկեղեցու պատերը փլվել են:

Տասնամյակներ անց, ծննդով ջրառատցի Հակոբյան եղբայրները, ովքեր բնակվում են Ղազախստանում, ցանկություն հայտնեցին Սուրբ Մինաս եկեղեցին վերակառուցել նախնական՝ 7-րդ դարում ունեցած տեսքին համապատասխան:

Եկեղեցուն սկզբնական տեսքը վերադարձնելու գործընթացը թվում է, թե հարթ է ընթանում. կա բարերար, լավ ու սրտացավ շինարար, համայնքի ու թեմի աջակցություն, եւ չկա ֆինանսական խնդիր: Սակայն խնդիրներ ստեղծողներ, այնուամենայնիվ, կան:

Եկեղեցու վերականգնման ընթացքում, կից գերեզմանատան հետ կապված, հարցեր են ի հայտ եկել: 1800-ականների որոշ գերեզմաններ գտնվում են այն հատվածում, որտեղ, ըստ նախագծի, պետք է կառուցվեր ավանդատունը: Իսկ կառուցմանը հիմնականում խանգարում է գյուղի փահլեւանի գերեզմանը: Խնդիրը բարձրացրել է պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը:

Այս հարցին անդրադարձավ նաեւ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

«Կան մարդիկ, ովքեր, փոխանակ ուրախանան, զանազան արհեստական խոչընդոտներ ստեղծեցին եւ դեռ ստեղծում են: Այդ բոլոր խոչընդոտները մենք հաղթահարելու ենք, ինչպես հաղթահարել ենք վերջին քսան տարիների ընթացքում: 7-րդ դարի եկեղեցի վերականգնելու հնարավորություն ամեն մարդ չունի ու չի կարող: Եվ ամեն գյուղ նման եկեղեցի չունի: Ու փոխանակ ուրախանալու, որ Շիրակ աշխարհում վերականգնվում է 7-րդ դարի այս եկեղեցին՝ իր ողջ շքեղությամբ, որոշ մարդիկ ու կառույցներ փորձում են զրպարտությամբ ու առանց հիմքի խոչընդոտել»,– ասաց Սրբազան Հայրը:

Գյուղը նախկինում անվանվել է Չրախլի, որ թարգմանաբար նշանակում է «լույսով լի», իսկ 1945 թվականին վերանվանվել է Ջրառատ: Հնաբնակների վկայությամբ` հիմնադրման օրվանից գյուղում Քյալաշ ամի անունով մի փահլեւան է եղել, որ ծնվել է 1800-ականների սկզբներին ու, ըստ պատմողների, ապրել մոտ հարյուր տարի:

ՕԾՈՒՄ ՍՐԲԱԼՈՒՅՍ ՄՅՈՒՌՈՆՈՎ

Օծման կարգն սկսվեց Տերունական աղոթքով, սաղմոսներով, որի ընթացքում տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տ. Կորյուն քհն. Մաթեւոսյանը կատարեց Խաչի` ջրով եւ գինով լվացումը: Ապա Միքայել Սրբազանը սրբալույս Մյուռոնով օծեց Խաչի ակը, թագը, բունը, աջ եւ ահյակ թեւերը` հայցելով Սուրբ Հոգու շնորհները, որպեսզի այն լինի Տերունական փրկչական նշան եւ պատճառ երկրպագության Սուրբ Երրորդության:

Արարողության ավարտին հայրական պատգամ-հորդորով Առաջնորդ Սրբազանը դիմեց ներկաներին՝ առանձնակի շեշտելով, որ առաջինը պետք է մեզանից յուրաքանչյուրը գոհություն հայտնի Աստծուն, որ այս պայծառ օրը, Իր մեծ ողորմությամբ, կանգուն ենք տեսնում յոթերորդ դարի հրաշք եկեղեցին, որի գմբեթին այլեւս պետք է փայլի Տիրոջ հաղթական Խաչը: Ապա շնորհակալություն հայտնեց բարերարներ Արտավազդ, Գնուն եւ Գնել եղբայրներին, ովքեր բացեցին իրենց սրտի դռները` Աստծո ձայնը լսելու եւ այն ի կատար ածելու համար: Սրանով նրանք թողեցին անմահ հիշատակ` եկեղեցուն տալով յոթերորդ դարի հմայքն ու գեղեցկությունը:

Սրբազան Հայրը նաեւ իր շնորհակալությունը հայտնեց շինարարներին, ճարտարապետին, համայնքապետին եւ բոլոր ներկաներին, ովքեր իրենց ջանքերով ու աղոթքներով նեցուկ եղան եկեղեցու վերականգմանը: Թեմակալ Առաջնորդը «մասնավոր շնորհակալություն» հայտնեց նրանց, ովքեր ամեն ջանք ու եռանդ չխնայեցին՝ զանազան արհեստական խոչընդոտներ ստեղծելու եւ ներկայում էլ շարունակում են` խանգարելով եկեղեցու վերականգման աշխատանքներին:

«Առաջացած խնդիրները հաջողությամբ հաղթահարելու ենք: Դրանք մեզ ավելի զորավոր են դարձնում, սակայն ցավալի է, երբ քո ժամանակը կարող ես օգտագործել աշխատելու եւ գործելու վրա, մինչդեռ այն օգտագործում ես արհեստական խնդիրներ լուծելու համար»,- ընդգծեց Սրբազան Հայրը:

«2017 թվականին եղբայրները ձեռնարկեցին այս աշխատանքը: Սկզբում շատերն էին թերահավատորեն վերաբերվում, բայց այսօր արդեն եկեղեցու խաչն օծվեց ու բարձրացվեց: Ամենաբարդ աշխատանքներն ավարտված են, մնում են ներքին հարդարման, զանգակատան կառուցման եւ տարածքի բարեկարգման աշխատանքները: Մոտ մեկ տարվա աշխատանք դեռ կա»,- տեղեկացրեց Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ վարչական շրջանի ղեկավար Ահարոն Ոսկանյանը՝ նկատելով, որ ամեն ինչ լավ կլինի, եթե խանգարողներ չլինեն:

Ախուրյանի հոգեւոր հովիվ Տ. Կորյուն քահանա Մաթեւոսյանը եւս հույս հայտնեց, որ եկեղեցին շուտով կօծվի: «Տա Աստված, որ շուտով նաեւ օծենք եկեղեցին: Ավանդատան համար ուզում էինք տասը մետր վերեւ տեղափոխել փահլեւանի գերեզմանը, թեեւ, գյուղաբնակներն են վկայում, փահլեւանը վերահուղարկավորված է, բայց, խնդիրները բացառելու համար, որոշվեց ավանդատունը փոքր կառուցել՝ գերեզմանը թողնելով իր տեղում»,– ասաց նա:

Արարողության ավարտին ներկաները համբուրեցին նորաօծ խաչը, եւ այն անփորձանք տեղադրվեց եկեղեցու գմբեթին:

Վերջում տեղի ունեցավ մատաղօրհնություն:

ԱՐՄԵՆ ՍԱՐԿԱՎԱԳ ԻՍԱՀԱԿՅԱՆ
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԽՈՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԽՈՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները