Երանի՜ այն սերնդին, ով կստանա հատուցումը եւ ձեռք կբերի ամբողջական Հայաստանը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 04 (232), ապրիլ 2019 թ.  


 

       

ԱՎԱԳ ՇԱԲԱԹԸ ԵՎ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՈՒՄ

վագ հինգշաբթի օրը` ապրիլի 18-ին, առավոտյան ժամերգությունից հետո Ս. Հակոբ եկեղեցում, ի հիշատակ Վերջին ընթրիքի եւ Ս. Հաղորդության խորհրդի հաստատման, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

ԿԱՐԳ ՈՏՆԱԼՎԱՅԻ

Երեկոյան ժամերգության ընթացքում Տ. Վարուժան քհն. Տերտերյանը կատարեց Ոտնալվայի կարգ` ի հիշատակ Տիրոջ օրինակի: Այս կերպ մեկ անգամ եւս ներկա հավատացյալներին փոխանցվեց, Քրիստոսի կողմից մեզ ավանդված, խոնարհության անկրկնելի դասը: Սուրբգրային ընթերցվածներից հետո Տեր Հայրը Ս. Խաչով եւ Ս. Ավետարանով օրհնեց ջուրն ու յուղը, ապա, ծնկի գալով, կատարեց Քրիստոսով սկիզբ առած արարողությունը` Սուրբ Խորանի վրա լվանալով եւ յուղով օծելով դպիրների ոտքերը:

Արարողության վերջում ներկաներին բաժանվեց օրհնված յուղը:

ԿԱՐԳ ԽԱՎԱՐՄԱՆ

Նույն օրը երեկոյան լեփ-լեցուն էր Սուրբ Հակոբ եկեղեցին: Մեծաթիվ հավատացյալներ ներկա գտնվեցին Խավարման կարգին: Սուրբ Խորանի վրա վառվող 11 մոմերը խորհրդանշում էին Տիրոջ Առաքյալներին, իսկ 12-րդը, որ սեւ գույն ուներ՝ Հուդային: Հիսուսին խորհրդանշող ամենամեծ մոմը վառվում էր մեջտեղում: Սուրբգրային ընթերցումներից հետո համապատասխանաբար մարվեցին մեկական մոմեր: Վառ մնաց միայն մեջտեղինը: «Տէր յերկնից» շարականի երգեցողությունից հետո այն եւս մարվեց, ապա մարվեցին եկեղեցու լույսերը: Արարողությունն ավելի ազդեցիկ դարձավ, երբ մթության խորքից հնչեց «Ուր ես մայր իմ» հոգեզմայլ տաղը:

ԿԱՐԳ ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹԱՂՄԱՆ

Ավագ Ուրբաթ, ամենահանդիսավոր եւ ամենատխուր օրը Քրիստոնյաների համար: Խաչելության արարողությունը հիշատակում է Տիրոջ չարչարանքը, խաչելությունը եւ մահը: Սուրբ Հակոբ եկեղեցում կարգը կատարվեց երեկոյան ժամերգուրյունից հետո, որին ներկա գտնվեցին շատ հավատացյալներ:

ՃՐԱԳԱԼՈՒՅՑ

Ապրիլի 20-ին՝ Սուրբ Զատկի խթման օրը կամ Ճրագալույցին, երեկոյան ժամերգությունից հետո, մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Նախ ընթերցվեցին Դանիել մարգարեի թղթերը: Օրվա պատարագիչն էր Ս. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Վարուժան քհն. Տերտերյանը: Մեծաաթիվ հավատացյալներ ստացան Սուրբ Հաղորդություն: Սուրբ Պատարագից հետո ներկաները վառվող մոմեր տուն տարան` իբրեւ Հիսուսի կենսատու Լույսի խորհրդանիշ:

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ

Ապրիլի 21-ին Հայաստանյայց Եկեղեցն նշեց մեր Տիրոջ հրաշափառ Սուրբ Հարության տոնը: Քրիստոսի Հարությունը ողջ մարդկության փրկության խոստումն է:

Սուրբ Հակոբ եկեղեցում զատկական Ս. Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Վարուժան քհն. Տերտերյանի, հընթացս որի ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի զատկական պատգամը:

Սրբազան արարողակարգից հետո Ս. Հակոբ եկեղեցու սոցիալական բաժինն անցկացրեց բարեգործական ակցիա, որի ժամանակ տասն անապահով ընտանիք ստացավ սննդամթերքի պարկեր: Ակցիան ֆինասավորվել էր մեր համաքաղաքացի մոսկվաբնակ մի ընտանիքի կողմից, որը ցանկացավ անհայտ մնալ:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Ապրիլի 22-ին Ս. Հակոբ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ` ի հիշատակ համորեն ննջեցելոց: Օրվա պատարագիչն էր Տ. Ռուբեն քհն. Գասպարյանը: Հավարտ Ս. Պատարագի կատարվեց հոգեհանգստյան կարգ:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՐՏՅՈՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները