Երանի՜ այն սերնդին, ով կստանա հատուցումը եւ ձեռք կբերի ամբողջական Հայաստանը:
 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 04 (232), ապրիլ 2019 թ.  


 

       

«ԱՍՏՈՒԱԾ ՈՐ ԵՒ ԶՏԷՐՆ ՅԱՐՈՅՑ ԵՒ ԶՁԵԶ ՅԱՐՈՒՍՑԷ ԶՕՐՈՒԹԵԱՄԲ ԻՒՐՈՎ»
ՉԱՐՉԱՐԱՆԱՑ ՇԱԲԱԹԸ ԵՎ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Նորացուցէք զօրհնութիւն յարուցելոյն ի մեռելոց, որ նորոգեցան զտիեզերս: Եկայք ժողովուրդք, նոր օրհնութիւնս երգեսցուք, երգեսցուք երգ նոր Աստուծոյ Փրկչին մերոյ»:
ՇԱՐԱԿՆՈՑ

եր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին երեք տարիների տնօրինությունների շարքում առանձնակի խորհուրդ ու նշանակություն ունի Նրա խաչ բարձրանալու առաջընթաց շաբաթը, որ Եկեղեցում կոչվում է Ավագ շաբաթ, իսկ Ավագ շաբաթվա օրերի մեջ՝ թերեւս Ավագ հինգշաբթին: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր եւս կրում է «ավագ» անվանումը եւ ունի իր այլաբանական խորհուրդը:

Ապրիլի 15-ին՝ Ավագ երկուշաբթի, հիշատակն էր անպտուղ թզենու: Այս օրը մտաբերում ենք Հիսուսի անեծքով չորացած ծառը եւ Երուսաղեմի Տաճարի մաքրագործումը: Երբ Հիսուս աշակերտների հետ անցնում էր, քաղց զգաց եւ, մոտենալով թզենուն, տեսավ, որ վրան միայն տերեւներ են: Նա անիծեց թզենուն՝ ասելով. «Էլ քեզանից ոչ ոք պտուղ չուտի յաւիտեան» (Մրկ. ԺԱ 14):

Ավագ երեքշաբթի՝ ապրիլի 16-ին, հիշատակվում է տասը կույսերի առակը: Ավետարանիչը մարդկությանը բաժանում է երկու մասի՝ իմաստունների եւ հիմարների: Կույսերը դռան մոտ վառած կանթեղներով սպասում էին փեսայի գալուն: Նրանցից հինգը նաեւ լրացուցիչ յուղ էր վերցրել: Մարդկության հիմար մասը խորհրդանշող կույսերը, որ պահուստի յուղ չունեին, խնդրեցին իմաստուններին օգնել իրենց, բայց վերջինները մերժեցին: Օրվա ավետարանական պատգամն է. «Արթուն կացեք, որովհետեւ չգիտեք Տիրոջ գալստյան եւ ձեր բարի կամ չար գործերի քննության ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը» (Մտթ. ԻԴ 42):

Ապրիլի 17-ին՝ Ավագ չորեքշաբթի օրը, հիշվում է Փրկչի՝ մեղավոր կնոջ ձեռքով օծվելը յուղով՝ ի նշան մոտալուտ թաղման. «Իմ մարմնի վրա այդ իւղը թափելով՝ նա իմ թաղուելը կանխանշեց» (Մտթ. ԻԶ 2): Նաեւ հիշվում է Հուդայի՝ տաճարի իշխանավորների հետ համաձայնության գալը եւ երեսուն արծաթով Վարդապետին մատնելը:

Ապրիլի 18: Ավագ հինգշաբթի, Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնալվա:

Առավոտյան ժամերգությունից հետո, Վերջին ընթրիքի խորհուրդն է, նաեւ կատարվում է Ապաշխարողաց կարգ, որին մասնակից հավատացյալները, Մեծ պահքից հետո, արձակվում են իրենց մեղքերից: Ապաշխարությունը Հայ Եկեղեցու յոթը խորհուրդներից է:

Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, ի հիշատակ Վերջին ընթրիքի եւ Ս. Հաղորդության խորհրդի հաստատման, մատուցվեց Սուրբ Պատարագ, հընթացս որի Ս. Հաղորդություն ստացան մեծաթիվ հավատացյալներ:

ԿԱՐԳ ՈՏՆԱԼՎԱՅԻ

Երեկոյան ժամերգության ընթացքում, ձեռամբ Սրբազան Հոր, կատարվեց Ոտնալվայի կարգ՝ ի հիշատակ Տիրոջ օրինակի: Ի դեպ՝ եկեղեցական այս կարգը հեղինակել է Ս. Եփրեմ Ասորին Դ դարում եւ հայերեն է թարգմանվել ԺԱ դարի մեր Հայրապետ Գրիգորի Բ Վկայասերի կողմից, իսկ հետագայում ճոխացվել է զուտ հայկական երգերի ու աղոթքների հավելումով:

Սուրբգրային ընթերցվածներից հետո Միքայել Սրբազանը Ս. Խաչով եւ Ս. Ավետարանով օրհնեց ջուրն ու յուղը, ապա ծնրադիր կատարեց, Քրիստոսով սկիզբ առած, արարողությունը՝ Ս. Խորանի վրա լվանալով եւ յուղով օծելով տասներկու մանկահասակ տղաների ոտքերը:

Այս կերպ մեկ անգամ եւս ներկա հավատացյալներին փոխանցվեց, Քրիստոսի կողմից մեզ ավանդված, խոնարհության անկրկների ու մեծագույն դասը:

Վերջում ներկաներին բաժանվեց օրհնված յուղը:

ԿԱՐԳ ԽԱՎԱՐՄԱՆ

Օրը եզրափակվեց Խավարման կարգով: Այն խորհրդանշում է Քրիստոսի մատնվելը հրեաների ձեռքը, որ տեղի ունեցավ Գեթսեմանի պարտեզում: Հրեական իրականության մեջ օրվա սկիզբը գիշերն էր, ուստի այդ ժամանակ պատահած դեպքը թեեւ համարվում է կատարված Ուրբաթ օրը, բայց մեր ընկալմամբ այն հինգշաբթվա իրադարձություններից վերջինն է, եւ այդ խորհրդակատարմամբ էլ ավարտվում են օրվա ծիսական արարողությունները:

Խավարման խորհրդավոր կարգը ձգվեց մինչեւ կեսգիշեր: Ս. Խորանի վրա վառվող տասնմեկ մոմերը խորհրդանշում էին Տիրոջ Առաքյալներին, իսկ տասներկուերորդը, որ սեւ գույնի էր, Հուդային: Մեջտեղում վառվում էր Հիսուսին խորհրդանշող ամենամեծ մոմը:

Ավետարանական ընթերցումներից հետո համապատասխանաբար մարվեց մեկական մոմ: Վառ մնաց միայն մեջտեղինը: «Տէր յերկնից» շարականի երգեցողությունից հետո այն եւս մարվեց, ապա մարվեցին եկեղեցու լույսերը: Արարողությունն առավել ազդեցիկ դարձավ, երբ մթության խորքից հնչեց «Ուր ես, մայր իմ» հոգեզմայլ տաղը, որին հաջորդեց Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի խոսքը:

ԿԱՐԳ ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹԱՂՄԱՆ

Ավագ Ուրբաթ կատարվում է Քրիստոս Աստծո սոսկալի չարչարանքների ու խաչելության հիշատակությունը: Յուրքանչյուր քրիստոնյա, մասնակից լինելով այս կարգին, իր Փրկչի հետ, խորհրդավոր կերպով, քայլ առ քայլ անցնում է խաչելության ու չարչարանքի ճանապարհը: Ս. Յոթվերքում այն կատարվեց ժամը 11:00-ին՝ մեծաթիվ հավատացյալների ներկայությամբ:

Երեկոյան ժամերգությունից հետո՝ Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանի հանդիսապետությամբ, կատարվեց թաղման կարգ, հընթացս որի Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը, զարդարված ծաղիկներով, մեջտեղում քողածածկ պատանքված խաչը, թափորով պտտեցվեց մայր եկեղեցում:

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ. ՃՐԱԳԱԼՈՒՅՑ

Սուրբ Զատկի Խթման օրը կամ Ճրագալույցի երեկոյան՝ ժամերգությունից հետո, մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ժամանակ հնչեց Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը՝ ցնծության եւ հույսի մեծագույն լուրը, որ մարդիկ փոխանցում են իրար՝ ի նշան խավարի մոտալուտ ցրման:

Ս. Աստվածածին մայր եկեղեցում նախ ընթերցվեցին Դանիել մարգարեի թղթերը: Երեք ընթերցողները խորհրդանշում էին բոցավառ հնոց նետված երեք երիտասարդներին: Սա նաեւ խորհրդանշում է Հիսուսի երեքօրյա թաղումը, Ով, սակայն, մնաց անապական: Օրվա պատարագիչն էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Հայր Սուրբը:

Ս. Պատարագից հետո հավատացյալները տուն տարան վառվող մոմեր՝ որպես Հիսուսի կենսատու Լույսի խորհրդանիշ:

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ

Ապրիլի 21-ին Հայաստանյայց Եկեղեցին նշեց Տիրոջ Ս. Հարության տոնը: Ավետարանիչները պատմում են, որ, շաբաթ օրվա պատճառով, թերի մնացած օծումը կատարելու գնացող կանայք դառնում են Հարության իրողության ականատեսները: Թերեւս մարդկային պատմության մեջ միակ դեպքն է, երբ թափուր գերեզմանը եւ այդտեղ դրված մարմնի բացակայությունը մերձավորներին ուրախություն է պատճառում: Հրեշտակի բերանով հնչած՝ «այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղկ. ԻԴ 5) խոսքը դառնում է քրիստոնեության հիմքն ու հույսը, նպատակակետը: Տիրոջ ճշմարիտ հետեւորդը նույն պարգեւն է ստանալու Հարուցյալ Փրկչից:

Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց զատկական Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանի, որի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի զատկական պատգամը: Սուրբ Հարության Ս. Պատարագին մասնակցում էր Երուսաղեմի միաբան Տ. Արիս արքեպս. Շիրվանյանը:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Ապրիլի 22-ին մայր եկեղեցում մատուցվեց մեռելոցի Ս. Պատարագ՝ ի հիշատակ համորեն ննջեցելոց: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանը: Հավարտ Ս. Պատարագի կատարվեց հոգեհանգստյան կարգ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները