ԿԵկեղեցին այն չէ,
ինչ մենք
կառուցում ենք,
այլ մի
իրականություն է, որով ինքներս
մեզ ենք
կառուցում:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 03 (231), մարտ 2019 թ.  


 

       

«ԲԱՐՈՎ ՄՏԱՆՔ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ, ՍԻՐՈՎ ՀԱՍՆԵՆՔ
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ»
ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Ստեղծվեց եւ դրախտ բարձրագույն, Ծառ ու ծաղկունք դրախտում անհուն, Պես-պես ձեւերով լուսափայլուն, Որպեսզի բնակություն լինի մարդուն»:
ԱՆԱՆՈՒՆ ՍՅՈՒՆԵՑԻ

այաստանի բոլոր շրջաններում, մինչեւ 20-րդ դարասկիզբը, բարեկենդանը, որպես գարնանային շարքի առաջին տոն, սիրված եւ սպասված էր. «Ահա եկան հայոց ազգի օրերը, հանեցեք հինը, հագեք նորը»: Գյուղական վայրերում այն տեւում էր երկու շաբաթ, քաղաքներում՝ մեկ, բայց բոլոր դեպքերում էլ գագաթնակետը վերջին կիրակին էր, որ կոչվում էր Բուն Բարեկենդան:

Տոնին բնորոշ ծիսաշարքի ամենակարեւոր հատվածները կատարվում էին այդ օրը: Հաջորդ օրն սկսվում էր Մեծ Պահքը: Շատ քրիստոնեական տոների նման՝ բարեկենդանը նույնպես արմատներով հեթանոսական է եւ, կապվելով բնապաշտպանական հավատալիքների հետ, խորհրդանշում է բնության զարթոնքն ու նոր կյանքի սկիզբը: Տոնի անունն առաջացել է բարի եւ կենդանություն, ուրախություն բառերից, որոնք սերտորեն կապված են նրա ծիսական իմաստի, բերքը շատացնելու, կյանքը չար ուժերից ապահովելուն նվիրված հմայական պատկերացումների հետ:

Եկեղեցական տոնացույցում Բուն Բարեկենդանն ունի 35 օրվա շարժականություն եւ նշվում է փետրվարի 1-ից մինչեւ մարտի 7-ն ընկած ժամանակաշրջանում:

Չնայած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնի առիթով հատուկ Ս. Պատարագ չունի, բայց նրա քրիստոնեական խորհրդին առնչվող որոշակի տարրեր են պարունակում Բուն Բարեկենդանի շարականները, որտեղ արտացոլվում են Աստծո կողմից մարդու արարման եւ դրախտում նրա բնակվելու իրադարձությունները: Քրիստոս հիշատակվում է որպես երկրորդ Ադամ, Ում զոհաբերությամբ մարդիկ արժանի դարձան դրախտի փրկությանը:

Մեծ Պահքն սկսվում է Բուն Բարեկենդանով: Այն խորհրդանշում է նախաստեղծների՝ Ադամի ու Եվայի դրախտային անհոգ եւ ուրախ կյանքը, իսկ հաջորդ օրը՝ երկուշաբթիով սկսվող Մեծ Պահքը՝ պատվիրազանցությամբ դրախտից արտաքսվելը, որի համար Մեծ Պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման: Ըստ Եղիշե պատմիչի՝ «եթե Ադամն ու Եվան պատվիրանը պահեին, ապա ծառը կշարունակեր որպես բարին մնալ: Այն չար դարձավ, երբ խախտվեց պատվիրանը: Նույն ձեւով մարդն իր բնույթով թե՛ մահկանացու էր եւ թե՛ անմահ: Եթե պատվիրանը պահեր, անմահ կմնար, չպահեց եւ դրախտից արտաքսվելով մահկանացու դարձավ»:

Բուն Բարեկենդանի նախորդ շաբաթ երեկոյան եկեղեցու խորանը վարագուրվում է եւ այսպես մնում մինչեւ 40-օրյա Պահքի ավարտը՝ բացվելով միայն բացառիկ դեպքերում: Բուն Բարեկենդանի օրը Ս. Պատարագը մատուցվում է փակ, վարագուրված խորանի հետեւում:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ

Բուն Բարեկենդանը ծագումով ավելի հին է եւ որոշ աղերսներ ունի հայոց հնագույն դարերի Նոր տարվա ավնդական տոնախմբությունների հետ: Այսինքն՝ հայտնի էր խնջույք-խրախճանքով, երգ ու պարով, տաղասացություններով, տոնածիսական խաղերով: Առատ ուտելիքները զարդարում էին խնջույքի սեղանները: Առատության եւ բազմազանության պատճառով տոնն անվանում էին նաեւ «Փորեկենդան»: Կազմակերպվում էին դիմակավոր խաղեր, զբոսանքներ: Իսկ եկեկոյան, երբ արդեն ավարտված էր լինում խնջույքը, որպես ուտիք եւ ուրախ օրերի ավարտի ծիսական խորհրդանիշ, «փակում էին իրենց բերանները» ձվով կամ ձվածեղով եւ միմյանց դիմում բարեմաղթանքով. «Բերաններս փակում ենք սպիտակ ձվով, Աստված արժանացնի կարմիր ձվով բացելուն»:

Զվարճություններն ավարտվում էին բարեկենդանի խորհրդանիշ «Ուտիս տատին» արտաքսելու եւ Մեծ Պահքի խորհրդանիշ «Պաս պապին» հրավիրելու ծեսով: «Ուտիս տատը» շերեփը ձեռքին, կերած, խմած, գզգզված մազերով տիկնիկ էր: Երիտասարդները, իրենց վերջին խնջույքից հետո, նրան բարձր սարից գլորում էին ցած: Սկսվում էր «Պաս պապի» իշխանությունը, որը խստությունների շրջան էր եւ ընդգրկում էր համեստ, չափավոր կյանքի, բուսական ուտելիքի եւ հոգեւոր արգելքի յոթը շաբաթները:

Բարեկենդանը նշվել է նաեւ վանքերում՝ հոգեւորականության շրջանում: Տոնի վերջին շաբաթ եւ կիրակի օրերին այստեղ նույնպես թատերախաղեր են կազմակերպվել եւ կոչվել «Աբեղաթող»: Ի տարբերություն ժողովրդական խաղերի՝ այստեղ հանդիսատես չկար:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ Ս. ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Այս տարի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով, Բուն Բարեկենդանը նշվեց մարտի 3-ի կիրակի օրը: Ս. Աստվածածին մայր եկեղեցում այն սկսվեց կիրակնօրյա Սուրբ եւ անմահ Պատարագով: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը մեկնեց օրվա խորհուրդը եւ հանգամանալից բացատրություն տվեց բուն տոնի մասին, նկարագրեց, թե ինչպես է այն տոնախմբվել հնում եւ ինչպես է այսօր տոնում Բուն Բարեկենդանը մերօրյա քրիստոնյան:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՐՄԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ


«Ս. ՅՈԹՎԵՐՔ»-Ի ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ,
ՔԴՔԿ-Ի ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ,
ՄԻ ԽՈՒՄԲ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները