ԿԵկեղեցին այն չէ,
ինչ մենք
կառուցում ենք,
այլ մի
իրականություն է, որով ինքներս
մեզ ենք
կառուցում:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 03 (231), մարտ 2019 թ.  


 

       

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ
ՇԻՐԱԿԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՄԱՐԶՊԵՏԻՆ

արտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շիրակի նորանշանակ մարզպետ պրն. Տիգրան Պետրոսյանին՝ ուղեկցությամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հանդիպման ընթացքում, իր շնորհավորանքներն ու օրհնությունը հղեց մարզպետին՝ նշանակման առիթով:

Այնուհետեւ խոսվեց 1988 թվականի երկրաշարժի աղետալի հետեւանքների ու դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը նշեց, որ Շիրակի մարզի բնակչությունը, շնորհիվ իր հավատքի եւ զորեղ կամքի, կարողացավ ամուր ու հաստատուն պահել իր ոգին: Նորին Սրբությունը կարեւորությամբ ընդգծեց, որ այսօր պետության կողմից աշխատանքներ են իրականացվում, որպեսզի Գյումրիին վերադարձվի երբեմնի փառքը:

Հայոց Հայրապետը փաստեց, որ Մայր Աթոռը մշտապես իր զորակցությունն է բերել Գյումրիին` տարբեր ծրագրերի միջոցով նպաստելով սոցիալական խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ մշակութային կյանքի զարգացմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ Մայր Աթոռի եւ Շիրակի թեմի կողմից նախաձեռնված այդ ծրագրերը շարունակական են լինելու:

Անդրադառնալով թեմի հոգեւոր կյանքի զորացմանը եւ հոգեւոր դասի ծառայությանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ ընդգծեց, որ շիրակցիները միշտ առանձնացել են, քրիստոնեական հավատի հանդեպ ունեցած, իրենց նախանձախնդրությամբ ու եկեղեցասեր նկարագրով:

Իր հերթին նորանշանակ մարզպետը նշեց, թե, որպես հայ մարդ եւ հայ քրիստոնյա, պատիվ է համարում գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Պրն. Տիգրան Պետրոսյանը Նորին Սրբությանը ներկայացրեց Շիրակի մարզի խնդիրներն ու առկա մարտահրավերները, անդրադարձավ մարզի զարգացման հեռանկարներին` այդ գործում կարեւորելով նաեւ համագործակցությունը Հայոց Եկեղեցու հետ:

Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսն ուժ եւ կարողություն մաղթեց մարզպետին՝ մարզի ժողովրդի բարօր ու շեն կյանքի կերտման գործում:


ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները