Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության»,
ու այսպիսով եկեղեցին վերածել բրածո իրականության մը:

   
 
ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի տարի, թիվ 02 (230), փետրվար 2019 թ.  


 

       

ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՊԱՐԳԵՎԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

«Հոգեւոր արժեքների վրա ամուր հաստատված հասարակությունն է, որ կարող է իր կյանքի վերընթացը կերտել»:
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

ետրվարի 26-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ս. Ղեւոնդյանց քահանաների տոնը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էին համախմբվել Հայոց Եկեղեցու տարբեր թեմերում ու կառույցներում սպասավորող 230 եկեղեցականներ: Տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ եւ Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ պարգեւաբաշխման արարողություն:

Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունեց քահանաների հավաքի կազմակերպիչ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Սրբազան Հայրը, շնորհավորելով Նորին Սրբությանը եւ ողջ հոգեւորականաց դասին բերկրառատ տոնի առիթով, նշեց, որ Ս. Ղեւոնդյանց տոնը հնարավորություն է ընծայում ամենքին՝ ոգեշնչվելու նրանց օրինակով, ուրախանալու ձեռքբերումներով ու հաջողություններով եւ լիցքավորվելու Մայր Աթոռի կենարար շնչով:

Այնուհետեւ տեղի ունեցավ ավանդական պարգեւաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա նվիրյալ եւ արդյունավոր ծառայության ու վաստակի` Վեհափառ Հայրապետն արքության պատիվ շնորհեց Արմավիրի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանին, Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանին եւ Հարավային Ռուսաստանի հայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանին:

Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Արարատյան Հայրապետական թեմից Տ. Հովսեփ քհն. Սարգսյանը, Շիրակի թեմից Տ. Փառեն քհն. Պետրոսյանը, Արագածոտնի թեմից Տ. Մխիթար քհն. Ահարոնյանը, Մայր Աթոռի Հառիճի «Թրբանճյան» ընծայարանում սպասավորող Տ. Ավետիս քհն. Մակարյանը, Կալկաթայի մարդասիրական ճեմարանում ծառայող Տ. Արծրուն քհն. Միքայելյանը, Գուգարաց թեմից Տ. Տաճատ քհն. Բարսեղյանը, Տ. Նահապետ քհն. Կարապետյանը, Տ. Եզնիկ քհն. Մարդիրյանը եւ Տ. Մամբրե քհն. Ոսկանյանը, Կոտայքի թեմից Տ. Մաշտոց քհն. Հմայակյանը, Արցախի թեմից Տ. Սերովբե քհն. Պատվականյանը, Վիրահայոց թեմից Տ. Կիրակոս քհն. Սիմոնյանը, Տ. Նարեկ քհն. Տիգրանյանը եւ Տ. Գեւորգ քհն. Ասատրյանը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմից Տ. Քերովբե քհն. Բարսեղյանը եւ Տ. Հովհաննես քհն. Գրիգորյանը, Կանադայի հայոց թեմից Տ. Դավիթ քհն. Մարգարյանը, Տ. Հրանտ քհն. Մարգարյանը եւ Տ. Հայարի քհն. Թանաշյանը, Բուլղարիայի հայոց թեմից Տ. Նժդեհ քհն. Քեշիշյանը:

Նորին Սրբությունը նաեւ ծաղկյալ փիլոն կրելու իրավունք շնորհեց Շիրակի թեմից Տ. Եզնիկ քհն. Գալստյանին, Տ. Փավստոս քհն. Սարգսյանին եւ Տ. Նշան քհն. Պանֆյորովին, Կոտայքի թեմից Տ. Հարություն քհն. Ծատուրյանին եւ Տ. Մաշտոց քհն. Բաբայանին, Գուգարաց թեմից Տ. Սողոմոն քհն. Ավետիսյանին, Արագածոտնի թեմից Տ. Մամբրե քհն. Պատուրյանին եւ Տ. Մուշե քհն. Վահանյանին, Ուկրաինայի Հայոց թեմից Տ. Մկրտիչ քհն. Գրիգորյանին, Տ. Նարեկ քհն. Ամիրյանին եւ Տ. Ներսես քհն. Շահնազարյանին, Եգիպտոսի հայոց թեմից Տ. Հակոբ քհն. Հակոբյանին, Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակությունից Տ. Անդրեաս քհն. Իսախանյանին:

Պարգեւաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգեւորականաց դասին հղեց իր օրհնությունն ու հայրապետական պատգամը: Շնորհավորելով ներկաներին Ս. Ղեւոնդյանց տոնի առիթով` Նորին Սրբությունը նշեց, որ Ս. Ղեւոնդ երեցի եւ նրա ուխտակիցների հիշատակի տոնախմբումն առիթ է տալիս խորհրդածության եւ անդրադարձի հայ եկեղեցականի կերպարի շուրջ՝ նրա կոչման ու առաքելության իսկության վերաբերյալ:

«Ղեւոնդ երեցը Տիրոջ Ս. Սեղանի սպասավոր էր, ինչպես այստեղ ներկա ձեզանից յուրաքանչյուրը: Խոնարհ նվիրյալ, որի կրծքի տակ բաբախում էր Աստծո եւ հայրենիքի հանդեպ անսահման սիրով լցված սիրտը: Այս սերն ու սեփական կյանքը Տիրոջ օրինակով իբրեւ փրկագին հանուն ժողովրդի վճարելու աներկբա պատրաստակամությունն էին, որ Տիրոջ նվիրյալ սպասավորի խոնարհությունը վերափոխեցին անօրինակ ուժի, հնազանդությունը` օրհնյալ ըմբոստության, մղեցին հավատը վահանի վերածելու եւ կենսապարգեւ խաչը դատապարտության սուսեր դարձնելու ընդդեմ հակառակորդների հայոց ազգի, նրա հավատի եւ արժեքների»,- ասաց Վեհափառ Հայրապետը` համոզում հայտնելով, որ հայոց պատմության մեջ Ս. Ղեւոնդյանց ընդվզումով սկսված պատերազմը երբեք չդադարեց, այլ դարեր շարունակվեց:

«Մեր ժողովուրդը եւ հայ եկեղեցականը, մեր Եկեղեցին այսօր էլ կանգնած են սեփական ազգային-հոգեւոր արժեքների պաշտպանության դիրքերում, քանի դեռ չեն դադարում հարձակումները մեր ազգային, հոգեւոր ինքնության վրա, անհանգստացնող երեւույթներ, որոնք խաթարում եւ խեղում են հազարամյակներով կերտված ու հղկված արժեհամակարգը: Սակայն սա երբեք չի նշանակում սահմանափակում, ներպարփակում կամ անհանդուրժողականություն: Հայը եւ հայկականը երբեք այդպիսին չեն եղել, ընդհակառակը` առաջագնացն են եղել ազատամտության, լայնախոհության եւ բարի գործոց մեջ», - ընդգծեց Հայոց Հովվապետը:

Վերհիշելով Եղիշե վարդապետի խոսքը, թե «միաբանությունը բարի գործերի մայրն է, իսկ անմիաբանությունը՝ չար գործերի ծնունդը»` Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորեց միաբանության պահպանությունը հասարակական կյանքում` հավելելով, որ ազգային, պետական եւ եկեղեցական կյանքում կարող են արձանագրվել բարի արդյունքներ, եթե առկա է միաբանությունը:

«Միաբանության մեջ է մեր ժողովուրդն անպարտելի, մեր հոգեւոր դասի միաբանության մեջ է Եկեղեցին հաղթական հոգեփրկչական իր առաքելության մեջ: ...Բազում են մարտահրավերները, նվազ վնասաբեր չեն 21-րդ դարի գայթակղություններն ու փորձությունները: Այս ամենը մեզ պետք է մղի առավել զգոն լինելու, ավելի աշխույժ եւ ժրաջան՝ մեր ծառայության մեջ: Անհոգնաբեկ, հանձնառության աննկուն ոգով պիտի մեր սպասավորությունը բերենք մեր ժողովրդի հոգեւոր կյանքի պայծառության համար: Մենք մեր ժամանակի պատասխանատուներն ենք, հոգեւոր տեսուչները: Յուրաքանչյուրիդ ծառայությամբ է այսօր պայմանավորված ամեն մի հայի, հայոց պետականության ապագան: Մեր համոզումն է, որ հոգեւոր արժեքների վրա ամուր հաստատված հասարակությունն է, որ կարող է իր կյանքի վերընթացը կերտել»,-ասաց Նորին Սրբությունը` հորդորելով հոգեւոր դասի ներկայացուցիչներին նվիրումով, կոչման բարձր գիտակցությամբ իրականացնել իրենց ծառայությունը մեր ազգին եւ հայրենիքին:

Վերստին շնորհավորելով եկեղեցականներին Ս. Ղեւոնդյանց տոնի ուրախ առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Տիրոջ Ս. Հոգու առաջնորդությունը եւ զորակցությունը նրանց դժվարին առաքելության մեջ:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները