Քրիստոս Իր մկրտությամբ սրբեց ջուրը, որպեսզի այդ ջուրը դառնա միջոց՝ մեր փրկության համար: Քրիստոս, Իր մկրտությամբ, ջրով մկրտությունը դարձրեց փրկության առհավատչյա՝ սրբագործելով, մաքրագործելով այն:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    Ի Տարի, Թիվ 01 (225), հունվար 2019 թ.  


 

       

ՏԱՐԵՄՏԻ ԿԱՂԱՆԴՉԵՔԸ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ
ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ

եկտեմբերի 31, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ամեն տարվա նման, վանքի սեղանատանը պահոց կերակուրներ են պատրաստվում, քանի որ տաղավար տոներին նախորդում է պահոց մեկշաբաթյա շրջանը: Ամանորի սեղանին եւս պահոց կերակուրներ են:

Մայր Աթոռ Ս. էջմիածնի տարեմտի երեկոն կամ կաղանդչեքն սկսվեց Տերունական աղոթքով: Ինչպես միշտ, դեկտեմբերի 31-ի երեկոյան, երբ մի քանի ժամ էր մնում, որ եկեղեցիների զանգերն ազդարարեն Նոր տարվա սկիզբը, Գարեգին Բ Ամենայան Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Մայր Աթոռի սեղանատանը հավաքվեցին եկեղեցու թեմակալ առաջնորդները, միաբանները, Մայր Աթոռի պաշտոնյաները, ճեմարանականները, դասախոսները: Տոնական երեկոն սկսվեց ՀՀ եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի օրհներգերով:

Հավաքվածներին ուղղված շնորհավորանքներով հանդես եկան հոգեւոր կրթարանի դասախոսներն ու հոգեւորականները, ճեմարանի տեսուչ Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանը ներկայացրեց տարեվերջի արդյունքները եւ ամփոփեց ուսումնական տարին: «Մեր սաները տարեց տարի ամրանում են աղոթքով եւ կոփվում որպես ապագա հոգեւորականներ»,- ասաց Գարեգին վարդապետը:

«Խորհուրդ է տրվում ամուր գամվել աթոռներին, քանի որ մեր ստեղծագործական խումբը հետեւանքների համար պատասխանատու չէ»,- այս նախազգուշացումով մեկնարկեց կաղանդչեքի ավանդական արարողությունը: Ճեմարանականների համար սա հաճելի պատասխանատվություն է: Այս տոնախմբությունից դեռ ամիսներ առաջ վեցերորդ լսարանցիները վերհիշում են տարվա ընթացքում տեղի ունեցած հումորային իրավիճակները, գրի առնում եւ սկսում կաղանդչեքի փորձերը: Ներկաներից շատերը հայտնվեցին նրանց կատակների թիրախում:

Ամանորին եւ Սուրբ Ծննդյանը նվիրված համարներ էր պատրաստել ճեմարանի երգչախումբը: Տղաները կատարեցին նաեւ հայրենասիրական երգեր, հնչեցին ժողովրդական մեղեդիներ: Կաղանդչեքի ուրախ եւ հումորով լի երեկոն սպասված էր նաեւ Քյուրքչյան կենտրոնի սաների համար: Նրանք եւս ներկա էին տոնախմբությանը:

Համերգային եւ հումորային ծրագրերից ոչ պակաս սպասված էր նաեւ վիճակահանությունը: Ներկաներից մի քանիսն արժանացան տոնական նվերների: Երեկոն ավարտվեց Վեհափառ Հայրապետի մաղթանքով ու հայրական օրհնությամբ: Նորին Սրբությունը 2018-ն արդյունավետ տարի համարեց Հայ Առաքելական Եկեղեցու համար: Վեհափառ Հայրապետը 2018 թվականը հռչակել էր երիտասարդության տարի: Տարվա առաջին կեսը լի էր երիտասարդական ծրագրերով: Հայոց Հովվապետը բարձր գնահատեց Մայր Աթոռի միաբանության, պաշտոնեության եւ ճեմարանի դասախոսական կազմի ու սաների աշխատանքը՝ մաղթելով օրհնյալ եւ բարեբեր տարի:

Ի դեպ՝ 2019 թվականը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, կհռչակվի ընտանիքի տարի: «Մենք մեծ առաքելություն ունենք: Պիտի կարողանանք զորացնել մեր ժողովրդի զավակների հոգում հավատքը ե՛ւ դեպի մեր անցյալը, ե՛ւ առավել չափով դեպի մեր վաղվա օրը, որպեսզի այդ հավատքի զորությամբ մենք կարողանանք կյանքի նոր մարտահրավերները դիմագրավել, լուծման առաջնորդել, գտնել այնպիսի լուծումներ, որոնք կնպաստեն մեր երկրի զորացմանն ու մեր ժողովրդի բարօրությանը: Ես վստահ եմ, որ մեր Եկեղեցին ի վիճակի է, իր եկեղեցականաց միջոցով, այդ առաքելությունն ամբողջապես, լիարժեք կերպով իրականացնել մեր ժողովրդի կյանքում»,- ասաց Նորին Սուրբ Օծությունը:

Տոնական տրամադրությունը, հումորն ու նվերներն իհարկե օրվա կարեւոր մասն են, բայց ճեմարանականները խոստովանում են, որ ամենակարեւորը տարեմուտը միասին անցկացնելն է, միասին գոհաբանական աղոթք բարձրացնելը եւ Աստծուն շնորհակալ լինելը՝ տարվա կարեւոր ձեռքբերումների համար:

ՄԱՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները