Աստծով ապրող մարդու համար մահը պարզապես մի դուռ է, որ բացում ենք՝ մտնելու հավիտենական կյանքի եւ հավիտենական արքայության մեջ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 12 (224), դեկտեմբեր 2018 թ.  


 

       

ՆՈՐՈԳԵՆՔ ՄԵՐ ՈՒԽՏՆ ԱՍՏԾՈ ՀԵՏ

«Որ ընտրեցար ի դասս երկնավոր զօրացն, պսակեցար ի Թագաւորէն զանթառամ եւ մկրտեցար արեամբդ քով սրբով Սուրբ Ստեփանոս Նախասարկաւագ մեծ»:
ՇԱՐԱԿՆՈՑ

եկտեմբերի 25-ին Սուրբ Յոթվերք եկեղեցու մի խումբ ուխտավորներ, ստանալով Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի հայրական օրհնությունը, նախաձեռնությամբ Ռիմա Բարինյանի, Ժաննա Խաչատրյանի եւ Զարիկ Իգիթյանի, մեկնեցին ուխտագնացության Արմավիրի թեմի Դողս գյուղ, ուր գտնվում է Ս. Ստեփանոս Նախասարկավագի անվան եկեղեցին:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի դեկտեմբերի 25-ին ոգեկոչում է Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված ու պանծալի սրբերից մեկի եւ Քրիստոսի սիրո վարդապետության համար նահատակված առաջին մարտիրոսի՝ Ս. Ստեփանոսի հիշատակը: Սուրբ Ստեփանոսի նահատակությունն արժեւորվեց որպես նրանից հետո նահատակված սրբերի զոհաբերության խորհրդանիշ: Առաջին նահատակը, հոգին ավանդելուց առաջ, տեսավ Հիսուսին՝ Հոր աջ կողմում: Ուստի նահատակ սրբերը, ինչպես Սուրբ Հայրերի գրվածքներից ենք տեղեկանում, ուրախությամբ եւ հրճվանքով էին ընդունում մահը:

Անգամ օրհասական եւ անելանելի թվացող պահին երանելի Ս. Ստեփանոսը, հավատքի զորագլուխ Հիսուսի նման, աղոթում էր իրեն քարկոծողների համար՝ խնդրելով Բարձրյալից, որ այդ քայլը նրանց մեղք չհամարի: Ավանդելով հոգին՝ նա դարձավ Քրիստոսի համար նահատակված առաջին վկան ու մարտիրոսը եւ այդ պատճառով կոչվեց Նախավկա: Թեեւ նա կենցաղավարեց պատմության եւ ժամանակի մեջ, սակայն իր առաքինի գործերով ու սրբակենցաղությամբ անմահացավ՝ դառնալով հավիտենականության ժառանգորդ եւ օրինակ յուրաքանչյուր քրիստոնյայի համար: Կյանքում նա անտեսեց ժամանակավորն ու անցավորը եւ ձգտեց մշտամնա արժեքների՝ գանձեր դիզելով երկնքում:

ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻՆ

Ուխտավորների առաջին հանգրվանը Դողս գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցին էր: Գմբեթավոր եկեղեցու սեւ եւ կարմիր տուֆի սրբատաշ քարերին նոր երանգներ էին խառնել սպիտակահեր ծառերն ու թփերը: Ներսում, ասես, շարունակվում էր գույների շքերթը՝ եկեղեցին զարդարող որմնանկարների տեսքով:

Այստեղ ուխտավորները ներկա գտնվեցին, Ս. Ստեփանոս Նախավկայի տոնի ուրախ առիթով, մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Ստեփանոս քհն. Մելիքյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մանրամասնող ոգեշինիչ քարոզ խոսեց Արմավիրի թեմի Առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանը:

Ի լրումն օրվա խորհրդի ներկաներն ստացան Սուրբ Հաղորդություն:

Ս. ԱՆՆԱ ԵՎ Ս. ՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Ուխտավորների հաջորդ կանգառը Աղավնատուն գյուղի Ս. Աննա եկեղեցին էր: Այստեղ եւս ուխտավորները ծնրադիր աղոթք առաքեցին առ Բարձրյալը՝ խնդրելով աշխարհին խաղաղություն, իրենց օջախներին հաջողություն, առողջություն, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն անսասանություն:

Վերջին հանգրվանը Ամբերդի Ս. Պողոս եւ Ս. Պետրոս խոնարհված եկեղեցին էր: Այստեղ նույնպես ուխտավորները երգեցին «Տեր ողորմեա»-ն եւ «Հայր մեր»-ը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները