Քրիստոնյայի անունը սոսկ անվանապես կրելը բավարար չէ փրկության համար, այլ այդ ճշմարտությանը հավատալը, այդ ճշմարտությանն ապավինելը. այդ ճշմարտությունը կյանքում արժեւորել
եւ ներկայացնելն է փրկության ճանապարհը:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 10 (222), հոկտեմբեր 2018 թ.  


 

       

«ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ
ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ»

«Որ զգիտութիւն Քո զերկնային եւ զհոգեւոր զիմաստութիւն առատապէս ծաւալեցէր յեկեղեցիս Հայաստանեայց ի ձեռն սրբոց թարգմանչացն…»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ՀԱՅՈՑ ՔԵՐԹՈՒԹՅԱՆ ՈՍԿԵԴԱՐԸ

րբոց Թարգմանչաց տոնը մեր Եկեղեցու տոնացույցում յուրահատուկ տեղ ունի, քանի որ այն ազգային եւ կրոնական ինքնուրույնութեան գյուտի տոնն է: Այլ խոսքով՝ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետի գյուտով հայ ժողովուրդն ունեցավ միջոց ու բանալի՝ ավելի խոր, հաղորդական ու անմիջական կերպով Աստծո խոսքի հետ հաղորդակցվելու, զորանալու եւ լուսավորվելու: Հիրավի մաշտոցյան գրով անմահացել է մեծասքանչ հայոց լեզուն ու ոսկեհունդ արմատից բարձրացել կանաչազարդ ծառը՝ հայ մշակույթը: Արդարեւ «հիշեց մեզ Տերն ու օրհնեց»՝ պարգեւելով «անձինք պսակաւոր», «որք զարդարեցին տնօրինաբար զիմաստս անեղին՝ հաստատելով յերկրի զգիր կենդանի»:

Մաշտոցյան տառերը դարձան կենդանագիր խոսքի ծառայության մատռվակներ: Հայաբարբառ, հայրենախոս դարձան օրենուսույց Մովսեսը՝ մարգարեական գնդի հետ եւ առաջադեմ Պողոսը՝ առաքյալներով, Քրիստոսի աշխարհակեցույց Ավետարանի հետ միասին: V-րդ դարում՝ գրերի գյուտից հետո, հայ հոգեւոր այրերը՝ Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթեւը, ձեռնամուխ եղան Աստվածաշնչի թարգմանությանը, որ տեւեց շուրջ երեսուն տարի եւ որը, հստակության ու լեզվի մաքրության շնորհիվ, անվանվեց «թարգմանությունների թագուհի»: «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ». դժվար է ասել, թե ինչու է Մաշտոցն առաջին թարգմանության համար ընտրել Առակաց գրքի հենց այս տողը. գուցե պատահմա՞մբ, գուցե աստվածաշնչյան այդ իմաստուն խոսքը հետագայում դառնալու էր մեր բազմադարյան մշակույթի կարգախո՞սը:

ՈՒԽՏԱՎՈՐՆԵՐՆ ՕՇԱԿԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 13-ին Ս. Յոթվերք եկեղեցու մի խումբ հավատացյալներ, Ռիմա Բարինյանի նախաձեռնությամբ, ստանալով թեմակալ Առաջնոդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի հայրական օրհնությունը, օրվա խորհրդով լցված, մեկնեցին Օշական՝ ներկա լինելու եւ հաղորդակից դառնալու Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, Ս. Թարգմանչաց տոնի ուրախ առիթով մատուցվելիք, Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Զաքարիա վրդ. Բաղումյանը:

«ՅԻՇԵԱՑ ԶՄԵԶ ՏԷՐ ԵՒ ՕՐՀՆԵԱՑ ԶՄԵԶ»

Օշականում ուխտավորները ոչ միայն ներկա գտնվեցին մատուցվելիք ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագին այլեւ երկյուղածությամբ խոնարհվեցին մեծ ուսուցչապետի գերեզմանին եւ հայցեցին Սրբի բարեխոսությունը՝ առանձնակի շեշտելով. «Անճառելի շնորհք լցեալք ի յիշատակի սուրբ Վարդապետին, խնդրենք ի Քէն, Տէր, կեցո զանձինս մեր»:

ՇՈՒՂՈՒՆՑ ԱՎԵՏԱՐԱՆ

Արդեն ավանդույթ է դարձել տարին մեկ անգամ, Ս. Թարգմանչաց տոնին, 200 տարուց ավելի Աշտարակի սրբություն հանդիսացող, ինչպես նաեւ Ս. Ամենափրկիչ եւ Ս. Կարմրավոր եկեղեցիներում հանգրվանած, Շուղունց հրաշագործ Ավետարանը դուրս բերելը Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից:

Ձեռագիր Ավետարանը գրվել է 1669 թվականին, Իսպահանի Ջուղա (Շող) գյուղում, Ս. Ամենափրկիչ վանքի կրոնավոր Բարսեղի ձեռքով եւ խոջա Մանասի պատվերով: Ս. Գիրքը նկարազարդ է եւ ունի տասներեք մանրանկար: Առաջին էջում կա հետեւյալ հիշատակարանը. «Այս Սուրբ Աւետարանս գրչագիր որ ի նախնեաց մերոց յԱզարիայէ եւ յԱնանիայէ եղբարց ի զարմէ Ջուխեանց տան յորդւոյ եւ ի թոռանէ նոցին ի Յովհաննիսէ եւ ի Սերկէէ Ջուխեանց տուաւ յիշատակ Ս. Ամենափրկիչ եկեղեցւոյ գիւղ Աշտարակ որոյ յիշատակն օրհնութեամբ եղիցի. Ամեն»:

Հընթացս Սուրբ Պատարագի ուխտավորները խոնարհվեցին Շուղունց Ավետարանին, աղոթք առաքեցին առ Բարձրյալը, նաեւ իրենց հավատքի մոմերը վառեցին՝ հայցելով մեծ Սրբի բարեխոսությունը:

ՏԵՂԵՐ ԿԱՄ ԴՂԵՐ

Հաջորդ հանգրվանը Տեղերի Ս. Աստվածածին եկեղեցին էր՝ կառուցված 1213 թվականին, Մամախաթուն Վաչուտյանի նախաձեռնությամբ: Ճարտարապետն է Աղբայրիկը: Եկեղեցու գավթում են գտնվում Մամախաթունի, ամուսնու, ինչպես նաեւ Վաչուտյան գերդաստանի շիրիմները:

Այստեղ՝ եկեղեցու խնկաբույր կամարների ներքո, ուխտավորները երգեցին շարականներ եւ ի խորոց սրտի աղոթք առաքեցին առ Աստված՝ հայցելով Տիրոջ զորակցությունը:

Ուխտավորները տունդարձի ճանապարհին եղան Բյուրականի Ս. Հովհաննես եկեղեցում: Հենց եկեղեցու բակում նստեցին սիրո ճաշի: Ուխտագնացության մասնակիցներն իրենց շնորհակալությունն են հայտնում վարորդ Արկադի Խաչատրյանին եւ Զարիկ Իգիթյանին:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԹՈՎՄԱՍ ԴՊԻՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները