Աստծով ապրող մարդու համար մահը պարզապես մի դուռ է, որ բացում ենք՝ մտնելու հավիտենական կյանքի եւ հավիտենական արքայության մեջ:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 9 (221), սեպտեմբեր 2018 թ.  


 

       

«ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ,
ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ»
ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 15 ԴՊՐՈՑՈՒՄ

«Աշակերտիլ հարկ է աշակերտելէ առաջ, ինչպես լեցուիլ լեցնելէ առաջ, առնել տալէ առաջ… եւ կեանքին նայիլ արժէքի, հաւատքի ապրումով, պատասխանատութեան զգացումով»:
ԳԱՐԵԳԻՆ Ա

զգի հոգեմտավոր դրսեւորումները, վարքն ու բարքը, զգացական եւ իմացական ողջ շտեմարանն իր բոլոր տեսակներով ու տարատեսակներով պայմանավորված են գործող կրթական համակարգով: Առանց ազգային հայեցի կրթական համակարգի չկա եւ չի կարող լինել հայ մշակույթ, գիտական, հասարակական ու քաղաքական միտք:

Գիտելիքի օրվա խորհուրդը լուսավոր է եւ լեցուն կյանքի առաջընթացի հույսով: Անշուշտ կյանքի արագընթաց զարգացումներում, առավել քան երբեւէ, կարեւոր են ուսումն ու գիտելիքը, բայց պետք է հիշել, որ միշտ, բոլոր ժամանակներում, կարեւոր են հոգին կրթելը, ճշմարտության եւ բարու մեջ հաստատվելը:

Արարող ուժ է գիտելիքը, ստեղծագործ զորություն եւ բարիք, երբ ամուր կերպով հաստատված է հավատքի վեմի եւ հոգեւոր արժեքների հիմքերի վրա: Ահա այսպիսի ճանաչողությունը, այսպիսի կրթական դարբնոցն է, որ, Ավետարանի խոսքի համաձայն, դիմակայում են ժամանակի հողմերին ու հորձանքներին:

Հոգեւոր արժեքների զորությամբ՝ դարերի փորձությանց բովով ու հրով անցնելով, ձուլածո ոսկի է դարձել հայ դպրոցը՝ մաքուր ու անաղարտ: Դպրոցում հայ մանկանց միտքն ու հոգին կրթող ուսուցիչները կոչված են առաջնորդել, գիտելիքով սնել մեր մատաղ սերնդին, սովորեցնել ճանաչել ու սիրել մեր հայրենիքն ու մայր Եկեղեցին:

Ահա սա պետք է լինի կրթության ուղեծիրը, սրանով են լուսավոր եւ առաջատար դարձել ու դառնում ցանկացած ուսում ու գիտություն: Բարեփոխել կյանքը, բարվոք վճիռներ տալ հառնած խնդիրներին եւ իրականություն դարձնել առաջընթացի տեսլականը: Բնականաբար ուսյալ եւ կիրթ հասարակությունն է ընդունակ բարեփոխել կյանքը:

Սեպտեմբերի 1-ը՝ աշնան սկիզբն ազդարարող առաջին օրը, իր մեջ լույս ու ջերմություն, գունագեղություն եւ վառվռուն ցոլանքներ, ծաղիկների բույր եւ պայծառ ու գրավիչ թովչություն ունի, նաեւ ժպիտներ՝ աղերսված մանկան ու մանկության հետ: Այսօր արդեն դպրոց եկած առաջին դասարանցին, իններորդցու հետ, հպարտորեն է նայում իր վաղվան ու անհամբերությամբ սպասում առաջին դասն ազդարարող զանգի կանչին:

Գյումրու թիվ 15 դպրոցի բակում տիրում էր ջերմ մթնոլորտ՝ նոր ուսումնական վերամուտի առիթով: Դպրոց էին այցելել Շիրակի թեմի ՔԴՔԿ-ի վարիչ-տնօրեն Տ. Նշան քհն. Պանֆյորովը, Շիրակի մարզի կրթության բաժնի վարիչ Հրայր Կարապետյանը, Գյումրու կրթության բաժնի պատասխանատու Գեւորգ Ղումաշյանը եւ, երեխաներից ոչ պակաս ոգեւորված, ծնողներ, տատիկներ ու պապիկներ:

Տերունական աղոթքից հետո, օրվա առիթով, ներկաներին իր հայրական օրհնությունը բաշխեց Տեր Հայրը: Այնուհետեւ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հղեցին դպրոցի տնօրեն Սեդա Համբարձումյանն ու Հրայր Կարապետյանը:

Վերջում՝ հենց բակում, ելույթ ունեցավ դպրոցի երգչախումբը, իսկ գեղեցիկ պարով հանդես եկավ Էդվարդ Համբարձումյանը: Ապա կատարվեց տնօրհնեք:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` ՔՆԱՐԻԿ ԱԴԱՄՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները