Աղօթելը
Աստուծոյ հետ հաղորդութեան այն պահն է, որ մարդու միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, հոգին կ’ազնուացնէ եւ կամքը կը լարէ դէպի բարին:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 8 (220), օգոստոս 2018 թ.  


 

       

ԳՅՈՒՏ ԳՈՏՎՈ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ

ստվածամորը նվիրված տոների ոսկե շղթայի յուրահատուկ օղակներից մեկն է հանդիսանում նրա գործածած գոտու գյուտը նշանավորող տոնը, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար հետսամուտ է:

Խորհրդանիշերը, սկսած վաղնջական ժամանակներից, մշտապես ուղեկցել են մարդուն՝ դառնալով նրա կենսակերպի բաղկացուցիչ մասը: Հիմնարար շատ խորհրդանիշեր ժամանակի հետ ու ժամանակին համընթաց ձեռք բերեցին նոր ու հավելյալ հնչեղություն: Համամարդկային խորհրդանիշերի բազմատար ու բազմաշերտ շտեմարանում, իր խորհրդանշական իմաստներով, հարուստ ու ինքնատիպ է նաեւ գոտին: Այն, որպես չարխափան հուռութք եւ պահպանիչ թալիսման, օգտագործվել է շատ ժողովուրդների, ինչպես նաեւ հայերի մոտ:

Ենթադրվում է, որ եռահանգույց գոտի է կրել նաեւ Տիրամայրը՝ որպես անարատ հղության, խոնարհության, ողջախոհության նշան եւ որպես վանականության, հավատի ամրապնդման խորհրդանշան:

ՏԻՐԱՄՈՐ ԳՈՏՈՒ ԳՅՈՒՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

V դարի սկզբին, բյուզանդական Արկադեոս կայսեր օրոք ¥395-408 թթ.¤, Երուսաղեմում գտնվեց Ս. Աստվածածնի գոտին եւ հատուկ ուշադրությամբ, հանդիսավորությամբ ու հարգանքով տարվեց Կ. Պոլիս, դրվեց փոքրիկ արկղի մեջ եւ, կնքվելով արքունի մատանիով, պահվեց Սուրբ Աստվածածնի անունը կրող նորաշեն եկեղեցում, իսկ հավատացյալները մեծ երկյուղածությամբ ընդառաջ գնացին եւ ակնածանքով խոնարհվեցին նրա առջեւ:

Այդ ուրախ առիթով հույները Ս. Կույսին նվիրված մի նոր եկեղեցի եւս կառուցեցին եւ գոտին դրեցին այնտեղ՝ որպես հավատացյալների պաշտամունքի առարկա եւ հայտնության տոն նշանակեցին օգոստոսի 31-ը:

Հայ Եկեղեցին մինչեւ XVIII դ. այս տոնը չի նշել: Հետագայում՝ 1774 թվականին, երջանկահիշատակ Սիմեոն Երեւանցի Կաթողիկոսն իր հրատարակած Տոնացույցում ընդգրկեց «Գյուտ Գոտվո» տոնը, որը եւ հետայդու Առաքելական Եկեղեցու տոնակարգի մաս կազմեց: Այն, յոթն օրվա շարժականությամբ, նշվում է օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:

Ս. Աստվածածնի «Գոտու գյուտը» Հայ Եկեղեցու՝ Տիրամորը նվիրված յոթը տոներից մեկն է: Եկեղեցու այս յոթը տոները ցույց են տալիս Աստվածամոր՝ հայ ժողովրդի հոգեւոր կյանքում ունեցած կարեւոր եւ նշանակալից տեղի ու դերի մասին: Նա, որպես մայրության եւ առաքինության կատարյալ օրինակ, դարեր ի վեր իր այդ հատկանիշներով կերտել ու ձեւավորել է հայ օրիորդի, կնոջ եւ մոր նկարագիրն ու դիմագիծը՝ միաժամանակ հրաշագործություններով շարունակելով այսօր էլ իր կենդանի ներկայությունն ու ներգործությունն ունենալ մեր կյանքում:

Այս տոնից բացի՝ կան նաեւ ավանդություններ, որոնք պատմում են Աստվածածնի մազերի մասունքների մասին: Ըստ սրբազան ավանդության՝ Հովհաննես Ավետարանիչը կամ Մարիամ Մագդաղենացին ննջման օրը կտրում է Սուրբ Կույսի մազերից եւ պահում՝ հավատացյալների մխիթարության համար:

Մենք տոնախմբում ենք Սուրբ Կույսի տփի եւ գոտու գտնվելու հիշատակը, որպեսզի, վերհիշելով այս պատմությունները, մեկ անգամ եւս անդրադառնանք Սուրբ Աստվածածնին եւ նրա միջոցով փառավորենք Քրիստոսին, քանզի նա է համարվում գլխավոր բարեխոսը ողջ մարդկության՝ «Սուրբ զԱստուածածինն եւ զամենայն սուրբս բարեխօս արասցուք առ Հայր ի յերկինս…»:

Սուրբ Կույսն Ավետման օրվանից դարձավ Աստվածակիր եւ Աստվածամայր, որով վեր բարձրացրեց կնոջ կերպարն իր մեղսական վիճակից՝ դառնալով յուրաքանչյուր քրիստոնյա զավակի համար սիրելի մոր կերպար:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Օգոստոսի 26-ին՝ Աստվածածնի գոտու գյուտի տոնի ուրախ առիթով, Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը:

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող ոգեշինիչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը՝ հանգամանալից անդրադառնալով նաեւ տոնի դերին ու նշանակությանը յուրաքանչյուր քրիստոնյա մարդու եւ հատկապես կնոջ կյանքում:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները