Միս ու ոսկոր չենք, հոգի ենք: Հոգին կնիք մը ունի իր վրայ, դրոշմ մը ունի իր վրայ, Հայութիւն՝ քրիստոնէական դրոշմով եւ ազգային ինքնութեամբ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 7 (219), հուլիս 2018 թ.  


 

       

ԹԱԴԵՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԵՎ ՍԱՆԴՈՒԽՏ ԿՈՒՅՍԻ ՏՈՆԸ
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

«Սուրբ ճգնաւորօքն աղաչեսցուք զՏէր, որք զչարսն պարտեցին, նեղութեանցն համբերեցին, լուսեղէն եւ երկնային անթառամ պսակացն արժանի եղեն: Աղօթիւք նոցա եւ բարեխօսութեամբ մեզ ողորմեսցի: Ամենակալ Տէր Աստուած մեր, կեցո եւ ողորմեա»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ռաքելահաստատ Հայոց Սբ. Եկեղեցին այս տարի հուլիսի 14-ին տոնեց մեր առաջին լուսավորիչներից Սբ. Թադեոս Առաքյալի եւ առաքելագործ Սանդուխտ կույսի հիշատակի օրը: Քրիստոնեական հավատի քարոզչությունը եւ աշխարհի տարբեր ազգերին Աստծո խոսքին հաղորդակից դարձնելը Հիսուս Քրիստոսի պատգամն էր: Դիմելով իր աշակերտներին՝ Հիսուս կոչ արեց. «Գնացեք, ուրեմն, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին» (Մատթ. ԻԸ 19): Այս պատգամն ուղեցույց դարձավ նախ Իր աշակերտների, ապա քրիստոնեական հավատի նվիրյալ ուրիշ անձանց համար, ովքեր այն տարածեցին հեռու եւ մոտիկ երկրներում:

Հայոց Եկեղեցու հնագույն շրջանի պատմությանը վերաբերող տեղեկությունները հիմնականում փոխանցվել են սրբազան ավանդությամբ: Անշուշտ սա պայմանավորված է նրանով, որ մինչեւ Ե դարը, այսինքն՝ հայոց գրերի գյուտը, Եկեղեցու ձեւավորման հետ կապված իրադարձությունները սերնդից-սերունդ ավանդվել են բանավոր կերպով եւ միայն Ե դարում են գրի առնվել հայ մատենագրության ու պատմագրության մեջ:

Հետեւաբար՝ Եկեղեցու ավանդության համաձայն, հայոց աշխարհում քրիստոնեությունն առաջին անգամ տարածվել է տակավին առաքելական ժամանակներից, ավելի ստույգ՝ Քրիստոսի Առաքյալներ Թադեոսի ու Բարդուղիմեոսի կողմից: Ուստի մեր Մայր Եկեղեցին հնուց ի վեր, ամենայն իրավամբ, կոչվում է առաքելահիմն: Ըստ «Գործք առաքելոց»-ի՝ Քրիստոսի համբարձումից հետո, Թադեոսը՝ Հիսուսի տասներկու Առաքյալներից մեկը, գալիս է Եդեսիա, բժշկում եւ մկրտում Աբգար թագավորին ու նրա նախարարներին եւ բազմաթիվ այլ մարդկանց, Եկեղեցու կարիքների համար ձեռնադրում քահանաներ ու կարգում պաշտոնյաներ: Այսպիսով, Հայաստան աշխարհում քրիստոնեության լույսը սկզբնապես ծագել է երանելի Աբգար թագավորի օրոք՝ Քրիստոսի Թադեոս Առաքյալի քարոզչությամբ:

Պատմական աղբյուրներից տեղեկանում ենք, որ Թադեոս Առաքյալը, Եդեսիայում իր գործունեությունն ավարտելուց հետո, գալիս է Հայաստան եւ քրիստոնյա դարձնում ու մկրտում բազմաթիվ հայերի՝ այդ թվում նաեւ Սանդուխտ արքայադստերը: Ագաթանգեղոսի՝ ասորերեն լեզվով հայտնի մի գրության վկայությամբ, Թադեոսը Եդեսիայից գալիս է Հայաստան եւ Աբգարի քեռորդու՝ Սանատրուկի կողմից արքունիքում ընդունելության արժանանում: Սակայն երբ իշխանների մոտ գլուխ է բարձրացնում թագավորի՝ որպես չաստվածներին ուրացողի, դեմ խռովությունը, որը կխոչընդոտեր նրա աշխարհակալ ծրագրերի իրագործմանը, նա վերստին վերադառնում է իր կռապաշտական հավատալիքներին: Իսկ արքայադստերը դարձի բերելու բոլոր հորդորներն ու ձեռնարկումներն անցնում են ապարդյուն: Ի վերջո, Սանատրուկ թագավորի հրամանով, նահատակվում է նրա դուստր Սանդուխտը, իսկ յոթն օր անց, Արտազ գավառի Շավարշան գյուղաքաղաքում, մյուս քրիստոնյաների հետ նաեւ Թադեոս Առաքյալը:

Նրա մահից հետո Հայաստան եկան առաքյալներից Բարդուղիմեոսը, Հուդա-Ղեբեոսը, Շմավոն Նախանձահույզը, նաեւ Թադեոսի աշակետրներից Եղիշեն ու Եվսթադեոսը: Նրանք, բազմաթիվ մարդկանց քրիստոնեական հավատին դարձնելուց հետո, նահատակվում են Մեծ եւ Փոքր Հայքի տարբեր շրջաններում:

Ըստ ավանդության՝ Թադեոս Առաքյալն իր հետ Հայաստան էր բերել Սբ. Գեղարդը (նիզակի այն տեգծայրակալը, որով հռոմեացի զինվորը խոցեց Քրիստոսի կողը, եւ ջուր ու արյուն հոսեց), որը, երկար դեգերումներից հետո, մինչ այսօր պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ համարվելով Հայոց Եկեղեցու գխավոր սրբություններից մեկը:

Հետագայում Արտազում՝ Սբ. Թադեոս Առաքյալի գերեզմանի վրա, կառուցվում է Սբ. Թադեի վանքը: Այսպիսով՝ առաքյալների ու նրանց գործակից հետնորդների քարոզչությամբ, մենք՝ հայերս, աշխարհում առաջինն ազգովի քրիստոնյաներ դարձանք՝ քրիստոնեությունն ընդունելով որպես պետական կրոն:

Հուլիսի 14-ին՝ Սուրբ Թադեոս Առաքյալի եւ Սանդուխտ կույսի տոնի ուրախ առիթով, Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնին համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Ի լրումն օրվա խորհրդի կատարվեց խոստովանություն, եւ բարեպաշտ հավատացյալներն ստացան Սուրբ Հաղորդություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները