Աստված նման է արեւի եւ սերը՝ ճառագայթի: Կարելի՞ է պատկերացնել արեւն առանց ճառագայթելու:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 6 (218), հունիս 2018 թ.  


 

       

ԳՅՈՒՏ ՆՇԽԱՐԱՑ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ

«Յիսուսի Աջովը շնորհաբաշխ պատիւ ստացաւ լեռը Սեպուհի՝ Սանիրայի պէս եւ Ահերմոնի. Եւ լոյսի Աղբիւրն անկից բխեցուց բարեհամ ջուրեր Եւ յորդախաղաց վազող վտակներ. Որով կը ցնծայ երկիրս բերքերով արմտիքներու»
ՇԱՐԱԿՆՈՑ


արտիրոսների աճյուններին առնչվող հիշատակությունն սկսվում է դեռեւս քրիստոնեության վաղ շրջանից: Հայոց Եկեղեցում սրբերի մասունքները, հավանաբար, պահվել են Դ դարից ի վեր: Մասանց պահարանների առանձին խումբ են կազմում, մեր Եկեղեցուն բնորոշ, աջի նմանությամբ պատրաստված պահպանակները, որոնց ներսում տեղադրվում են սրբի մասունքները, ինչպես նաեւ խաչերը, որոնք զարդարվում են գունավոր քարերով: Մեր հայրերը մեծ հարգանքով են վերաբերվել սրբերի եւ մարտիրոսների նշխարներին ու նրանց նահատակությունների վայրերին: Այն, որ մասունքներն անուշահոտություն են տարածում, մեզ համոզում են մեր քրիստոնեական կրոնի սրբության եւ աստվածային լինելու մեջ: Հետեւաբար՝ յուրաքանչյուր քրիստոնյա, գիտակցելով այդ մասնատուփերում ամփոփված կարեւորությունն ու սրբությունը, պարտավոր է խոնարհվել այդ մասունքներին՝ հաղորդակցվելով դրանց հրաշագործ զորությանը:

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ

Սրբազան ավանդության համաձայն՝ հովիվները, Սեպուհ լեռան վրա շրջելիս, քարանձավներից մեկում տեսնում են մի ծերունի՝ կռթնած գավազանին, բազուկները տարածած եւ անշունչ կանգուն մնացած: Ով էր այդ ծերունին, նրանք չգիտեին, «սակայն փառաց լույսով իմացան, թե Աստծո մեծ ծառան է»: Ապա քարերով լռելյայն ծածկում են նրան ու հեռանում: Հայոց մեծ հովվի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մարմինն էր այն, որ ծածկվեց նորանշան շիրիմի տակ՝ Սեպուհ լեռան միամիտ ու պարզ հովիվների ձեռքով:

327 թվականին՝ Վահան Մամիկոնյանի մարզպանության ժամանակ, Աստված տեսիլքով Գառնիկ ճգնավորին հայտնում է սրբի մասունքների վայրը: Այդ գյուտից հետո Սուրբ Հայրապետի նշխարները տեղափոխվում ու ամփոփվում են Բարձր Հայքի Դարանաղի գավառի Թորդան գյուղում: Սակայն անշուք թաղումն անշուք չթողեց նրա հիշատակը: Հայաստանյայց Սուրբ Եկեղեցին նշխարների գյուտի տոնն ամեն տարի նշում է մեծ հանդիսությամբ:

Ասենք նաեւ, որ, ավանդության համաձայն, մեծն Գրիգորի բոլոր նշխարները չէ, որ ամփոփվել են Թորդանում, այլ ոսկորների մի մասը տարվել է Վաղարշապատ եւ այլ վայրեր, մինչեւ անգամ Բյուզանդիա եւ Իտալիա: Ըստ Դրասխանակերտցու պատմության՝ Ներսես Տայեցի Կաթողիկոսը (գահակալել է 641-661 թթ.), Զվարթնոցի տաճարը կառուցելիս, «Սուրբ Գրիգորի ոսկորների նշխարները բաժանելով՝ դնում է չորս հաստահեղույս սյուների տակ, անշուշտ երկնավոր գանձն ապականիչ զեղուններից հաստատուն պահելու եւ քրիստոնեական հավատի պարծանքի համար: Նա Քրիստոսադրոշմ ու պատվական գլուխը ոչ թե խորքում, այլ դրսում՝ գզրոցի մեջ է զետեղում, դնում աստվածային գանձարանում՝ դրան փափագողների հույսի ու հիվանդների բժշկության համար»:

Ըստ հայ պատմիչների՝ Զվարթնոցն այն վայրն է, ուր Ս. Գրիգորը, Վիրապից ելնելուց հետո, առաջին անգամ հանդիպեց Տրդատ արքային: Սրբի մասունքով Ս. Աջը Հայ Եկեղեցու կարեւորագույն սրբություններից է, քանզի ունի կնիքի դեր եւ օրինավոր ու ճշմարիտ հայրապետության երաշխավորություն: Կաթողիկոսների կոնդակները մակագրվում էին սուրբ Աջի օրհնությամբ, մյուռոնն աջով է սրբագործվում, նաեւ եպիսկոպոսների ձեռնադրության համար է գործածվում: Հավելենք, որ Սուրբ Աջը Կիլիկիայում պահպանել են անվանի հոգեւորականների՝ Աջապահյան տոհմի անդամները, որտեղից էլ առաջացել է նրանց ազգանունը:

2001 թվականին՝ փրկչական 21-րդ դարագլխի առաջին տարում, հայոց լուսավորության տասնյոթերորդ հարյուրամյակի ուրախ առիթով, Հռոմի Հովհաննես-Պողոս Պապը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին նվիրվեց Ս. Գրիգորի մասունքները, որի մի մասն ամփոփվեց Երեւանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ մարմարե տապանակի մեջ:

ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ Հունիսի 16-ին, Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարաց գյուտի տոնի ուրախ առիթով, Ս. Յոթվերք, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչներն ու քարոզխոսներն էին Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը եւ Տ. Եզնիկ քհն. Գալստյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները