Աստված նման է արեւի եւ սերը՝ ճառագայթի: Կարելի՞ է պատկերացնել արեւն առանց ճառագայթելու:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 6 (218), հունիս 2018 թ.  


 

       

ՀՈՂՕՐՀՆԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՁՈՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

ունիսի 28-ին Շիրակի թեմի Ձորաշեն համայնքում, հանդիսապետությամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, կատարվեց կառուցվելիք եկեղեցու հողօրհնեքի հանդիսավոր արարողություն:

Սպասված հյուրերին դիմավորելուց եւ բարեողջույնի խոսքեր փոխանակելուց հետո բոլորն առաջնորդվեցին նախօրոք ընտրված տարածք, ուր ի մի էին եկել մեծաթիվ բարեպաշտ ձորաշենցիներ: Սրբազան արարողակարգն սկսվեց միասնական Տերունական աղոթքով: Այնուհետեւ, շարականների երգեցողությունից, սուրբգրային համապատասխան ընթերցումներից ու աղոթքներից հետո, Սրբազան Հայրը, համայնքի հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ. Հարություն քհն. Պետրոսյանի մասնակցությամբ, օրհնեց նոր կառուցվելիք եկեղեցու համար նախատեսված հողատարածքի չորս կողմերը: Ապա, Միքայել Սրբազանի գլխավորությամբ, հոգեւորականաց դասն աղոթեց կառուցվելիք եկեղեցու անսասանության ու պայծառության համար:

Սրբազան արարողության ավարտին իր հայրական պատգամը ներկաներին ուղղեց Տ. Միքայել եպս. Աջապահյանը:

«Հոգու բերկրանքով այսօր կատարեցինք Ձորաշենում կառուցվելիք եկեղեցու հողօրհնեքի արարողությունը: Դարեր շարունակ, մեր բարեպաշտ հայրերի ջանքերով, Հայաստան աշխարհում եկեղեցիներ, աղոթավայրեր են հիմնվել` հավատացյալ ու բարեպաշտ հայորդիներին Տիրոջ ճամփեքով առաջնորդելու եւ Աստծո հետ հաղորդակցությունը մշտարթուն ու կենդանի պահելու համար», - ասաց Սրբազան Հայրը` փառք վերառաքելով Աստծուն, որ կյանքի է կոչվում Ձորաշեն համայնքի եկեղեցու երկար սպասված կառուցումը:

Թեմակալ Առաջնորդն իր խոսքում հիշեց, որ թեպետ բնակավայրն ունեցել է աղոթատուն, սակայն ժամանակի ընթացքում խոնարհվել ու հիմնովին ավերվել է, իսկ համայնքի բարեպաշտ հավատացյալների համար նոր աղոթատուն ունենալը դարձեր էր նվիրական երազանք: Անհրաժեշտություն էր գյուղում սեփական եկեղեցի ունենալը, որն աստվածային երկնառաք նոր օրհնություն կբերեր տեղաբնակներին եւ կպայծառազարդեր նրանց հոգեւոր կյանքը:

Անդրադառնալով մարդկային կյանքում եկեղեցու կարեւոր առաքելությանը` Առաջնորդ Սրբազանը հավելեց. «Եկեղեցին հուշարարն է մեր առաքելության, որպեսզի կարողանանք ապրել Բարձրյալի կամքի ու պատվիրանների համաձայն, հեռու մնալ մեղքից ու չարիքից:

Աստծո եւ Եկեղեցու հանդեպ հավատքի ամրությունը եղել եւ մնում է մեր ժողովրդի գոյատեւման ու առաջընթացի, նոր ձեռքբերումների ամրագրման եւ գալիքի կերտման գրավականը»:

Բարեխնամ Առաջնորդն իր խոսքում առանձնակի նշեց նաեւ, որ թեեւ համայնքը շատ փոքրաթիվ է, գտնվում է Շիրակի մարզի ծայրամասում եւ դժավար է նմանատիպ համայնքի համար եկեղեցի կառուցելը, սակայն, այդուհանդերձ, հակառակ առկա բոլոր դժվարություններին, Տերը փարատեց ամենքի մտահոգությունները՝ ուղարկելով բարերարներ արմատներով ձորաշենցի Գուրգեն եւ Գարեգին Ստեփանյան եղբայրներին, ովքեր կամովի հանձն առան իրենց հայրենի գյուղում կառուցել եկեղեցի:

Ավարտելով ասելիքը` Միքայել Սրբազանը բարի ընթացք մաղթեց շինարարական աշխատանքներին եւ դրվատանքի խոսքեր ուղղեց նախաձեռնողներին:

Եկեղեցին կկառուցվի նախկին աղոթատան տեղում: Ըստ ճարտարապետ Արթուր Բեգլարյանի՝ այն կլինի կենտրոնագմբեթ:

ԱՐԱՐԱՏ ՍՐԿ. ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

ՍՈՑԻԱԼ-ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները