Հայ տունը հայրենիքն է հայուն,
մայրենիքն է
իր լեզուին, դարբնոցն է
իր հաւատքին, կազմաւորիչ բնակավայրը՝
իր նկ արագրին:

 
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 5 (217), մայիս 2018 թ.  


 

       

ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ
ԱՋԱՊԱՀՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

իրելի՛ շրջանավարտներ.

Հայրական սիրով ու ջերմությամբ Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում ձեզ՝ մեր նորոգ հանրապետության շրջանավարտներիդ, ձեր ուսուցիչներին ու ծնողներին:

Սիրելի՛ք, բոլոր կրթօջախներում դարձյալ հնչեցին վերջին զանգի ղողանջները՝ ազդարարելով նոր ճանապարհի մեկնարկը: Այն փոքր-ինչ տարբերվում է անցնող տարիներին հնչած ղողանջներից, քանզի դուք կյանք եք մտնում մեր պետության եւ ժողովրդի համար անչափ կարեւոր ու բարդ ժամանակաշրջանում: Դուք «Թավշյա հեղափոխության» բերկրանքն ապրած անդրանիկ այն սերունդն եք, որ իր ուսերին կրելու է ոչ միայն իղձերի, երազանքների իրականացման ճշմարիտ ուղով ընթանալու պարտականությունը, այլեւ պայծառ ու լուսաշող Հայրենիքի կերտման տեսլականն իրականության փոխարկող գործընթացի քաղցր, սակայն եւ միաժամանակ անչափ ծանր պատասխանատվությունը:

Մեր խորին համոզմամբ՝ ձեր սերունդը հենց այդ Հայաստանը կառուցող սերունդն է լինելու: Նոր ճանապարհի մեկնարկը տրված է: Բաղձալի գալիքը պայմանավորված է ձեր աշխատասիրությամբ եւ գիտակցված քայլերով: Դուք, ձեր ամբարած գիտելիքներով, հույսերով ու երազանքներով, մտնում եք կյանքի նոր հանգրվան: Ուր էլ ձեզ առաջնորդի այս նոր ճանապարհը` ուսումը շարունակելու, աշխատելու, թե ծառայելու, Աստված մշտական հոգածությամբ պահապան եւ օգնական է ձեզ` իրականություն դարձնելու ձեր ազնիվ ու արդար իղձերը:

Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Ես սիրեցի ձեզ, Իմ սիրո մեջ հաստատո՛ւն մնացեք» (Հովհ. ԺԵ 9): Մեր Տիրոջ այս կոչին ունկնդիր` ձեր սրտերում վառ պահեք հավատքը, աստվածասիրությունն ու ազգանվիրումը, որպեսզի ձեր ջանքերը պտղաբերեն հաջողություններով ու նորանոր ձեռքբերումներով եւ բարիք ու խնդություն հավելեն մեր Հայրենիքի ու ժողովրդի կյանքին:

Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված, որ օրհնի ձեր կյանքի ուղին եւ շնորհի երջանկություն ու ամենայն բարիք եւ հայցում, որ Տերն Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի ձեզ, իսկ վերջին զանգի ղողանջները դառնան նորանոր բարձունքների նվաճման, հաջողությունների ձեռքբերման ավետաբերներ:

                       Աղոթարար՝

ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները