Հայ տունը հայրենիքն է հայուն,
մայրենիքն է
իր լեզուին, դարբնոցն է
իր հաւատքին, կազմաւորիչ բնակավայրը՝
իր նկ արագրին:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 5 (217), մայիս 2018 թ.  


 

       

«ԱՆՄԱՀԱՐԱՐ ԲԱԺԱԿ ՀԵՂԵԱԼ ՅԵՐԿՆԻՑ ՍՈՒՐԲ ՀՈԳԻ…»
ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

«Առաքելոյ աղաւնոյ, իջանելով մեծաձայն հընչմամբ, Ի բարձանց ի նմանութիւն լուսոյ փայլման, հրազինեաց անկիզելի զաշակերտսն. Մինչդեռ նըստէին ի սուրբ Վերնատանն»:
ՇԱՐԱԿՆՈՑ

որ Կտակարանյան հրաշալի դեպքերի ու երեւույթների ոսկեհուռ շղթան ամբողջացնում է Հոգեգալստյան դրվագը: Ճշգրտված թվականով դեպքը պատահել է 30 թ. մայիսի 28-ին:

Հոգեգալստյան տոնը Ընդհանրական Եկեղեցու ժամանակաշրջանում առավել հայտնի է Պենտեկոստե անունով, որը հունարեն բառ է եւ նշանակում է հիսուներորդ: Տոնն այս կերպ է անվանվում, քանզի Հոգեգալուստը՝ Սուրբ Հոգու Էջքն առաքյալների վրա, տեղի ունեցավ Զատկից՝ Հիսուս Քրիստոսի Հարությունից հետո, հիսուներորդ օրը: Աստվածաշնչում այս տոնի անվանումը միանշանակ չի ձեւակերպված եւ հիշատակվում է տարբեր անվանումների ներքո. «Բերք քաղելու տոն» (Ելից ԻԳ 16), «Շաբութների տոն» (Բ Օրինաց Ժ Զ9), «Երախայրիքների օր» (Թիվք ԻԸ 26):

Հետագայում այդ տոնը, իր նախնական նշանակությանը զուգահեռ, իմաստավորվեց որպես հայտնութենական՝ «Օրենքի տվչության տոն»: Ըստ տոմարագիտական հաշվարկների՝ Պենտեկոստեի տոնակատարության օրը համընկնում է այն օրվա հետ, երբ Մովսեսը Սինա լեռան վրա ստացավ աստվածադիր օրենքների քարե տախտակները: Քրիստոնեության սկզբնավորումով Պենտեկոստեն Եկեղեցու տոնակարգ մտավ նոր բացահայտմամբ ու բովանդակությամբ:

ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ

Տոնի օրը, երբ երկրի տարբեր ծայրերից ժամանած մարդիկ, ըստ սովորության, գնում էին տաճար՝ զոհաբերություն եւ աղոթք մատուցելու Տիրոջը, իսկ Քրիստոսի բոլոր աշակերտները հավաքված էին Երուսաղեմում գտնվող վերնատանը, հանկարծ երկնքից մի ձայն լսվեց՝ «սաստիկ հողմից եկած ձայնի նման եւ լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին: Եվ նրանց երեւացին բաժանված լեզուներ՝ նման բոցեղեն լեզուների, որոնք եւ նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա: Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով» (Գործք Բ 1-4):

Լեզուների իմացությունը բացառապես Սուրբ Հոգու պարգեւն էր, քանի որ այդ պարգեւն առաքյալներին անհրաժեշտ էր, որպեսզի նրանք կարողանան տարածել ավետարանական ուսմունքը ողջ աշխարհով: Այսպես՝ ի հիշատակ այդ հիասքանչ իրադարձության, տոնը կոչվեց Հոգեգալուստ: Տոնակատարման ընթացքն ի սկզբանե երեք օր էր, բայց Շնորհալի Հայրապետն այն յոթն օրի վերածեց ու հարստացրեց շարականներով:

Հոգեգալստյան օրն Աստված երկիր ուղարկեց Ճշմարտության Հոգին՝ որպես Մխիթարիչ Ադամի որդիների եւ որպես զորակցություն առաքյալներին: Աստծու օրհնությունը երկիր իջավ, որպեսզի հիշեցնի Ադամին, որ նա կրկին դրախտ է վերադառնալու: Հոգեգալստյամբ լուծվեց նախամոր՝ Եվայի տրտմությունը, քանզի մարմնապես ծնված մահկանացուներին Սուրբ Հոգին վերածնեց որպես Երկնային Հոր՝ Լույսի որդիներ:

Սուրբ Հոգով է միայն, որ մխիթարվում է Եկեղեցին: Աղոթքի պահին Նա է օգնում հավատացյալներին՝ վկայելով ու բարեխոսելով նրանց համար: Բնականաբար Սուրբ Հոգին է, որ սրբացնում է մարդուն՝ պատրաստելով նրան Երկնքի Արքայության համար: Առանց Սուրբ Հոգու գալստյան չէր լինի հստակ պատկերացում Աստվածորդու երկրային գործունեության մասին: Սուրբ Երրորդությունը կատարյալ չէր լինի, եթե Սուրբ Հոգին չգար: Ինչպես «Հավատո հանգանակ»-ում է ասվում՝ «հաւատամք եւ ի Սուրբ Հոգին յանեղն եւ ի կատարեալ, որ խօսեցաւ յՕրէնս եւ ի Մարգարէս եւ յԱւետարանս: Որ Էջն ի Յորդանան..., քարոզեաց զառաքեալն... եւ բնակեաց ի սուրբս»:

Հոգեգալստյան տոնի ուրախ առիթով՝ մայիսի 20-ին, Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը: Սուրբ Պատարագի ընթացքում մեր Տիրոջ կենարար Մարմնին եւ Արյանը հաղորդվեցին մեծաթիվ բարեպաշտ հավատացյալներ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները