Հայ տունը հայրենիքն է հայուն,
մայրենիքն է
իր լեզուին, դարբնոցն է
իր հաւատքին, կազմաւորիչ բնակավայրը՝
իր նկ արագրին:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 5 (217), մայիս 2018 թ.  


 

       

ՔԱՀԱՆԱՅԻՑ ԺՈՂՈՎ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

այիսի 24-ին` Մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների սեմին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից հերթական հավաքը:

Ժողովին ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Մայր Աթոռի 36 միաբաններ եւ 182 քահանաներ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ եկեղեցականաց դասը նախ ժամերգության մասնակցեց, ապա Մայր Տաճարի շրջափակում, երանաշնորհ Գեւորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսի շիրմի առջեւ, կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Արարողության ավարտին Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը, աղոթք վերառաքելով առ Բարեգութ Աստված, մաղթեց, որ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանին ընդառաջ` նվիրական այս օրերին, հոգեւորականաց դասը ոգեշնչվի լուսավոր Հայրապետի, նորօրյա Ավարայրի Ղեւոնդ Երեցի պայծառ կերպարով` իր հոգեւոր առաքելության ընթացքում արձանագրելով նորանոր հաղթական իրագործումներ:

Այնուհետեւ Էջմիածնի «Հրաչ եւ Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տանը ժողովն սկսեց իր աշխատանքը: Միասնական Տերունական աղոթքից հետո բացման խոսք ասաց քահանայից հավաքի կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Տ. Միքայել եպս. Աջապահյանը:

Ժողովի ընթացքում քննարկման նյութ դարձան, ներքաղաքական կյանքում տեղ գտած, վերջին շրջանի իրադարձությունները: Այս առիթով զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քհն. Մելիքյանը` անդրադառնալով, երկրում տեղ գտած քաղաքական զարգացումների ընթացքում, համերաշխության ու խաղաղության մթնոլորտի ձեւավորմանը, երկխոսության միջոցով խնդիրների հանգուցալուծմանն ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քայլերին:

Այնուհետեւ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպս. Գալստանյանը` տեղեկություններ փոխանցելով, օրենքի առնչությամբ Մայր Աթոռի կողմից ներկայացված, դիտարկումների եւ առաջարկների մասին: Մասնավորապես անդրադարձ եղավ հովվական ծառայության մեջ ընտանիքների հետ տարվող աշխատանքների կարեւորությանը:

Երրորդ զեկույցը, որ ներկայացրեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպս. Խաչատրյանը, վերաբերում էր «Մտքի, խղճի, կրոնի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին: Զեկույցների շուրջ ծավալվեցին քննարկումներ. եկեղեցականները ներկայացրին իրենց դիտարկումներն ու առաջարկները:

Այնուհետեւ ժողովականներին իր հայրական օրհնությունը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ժողովի կազմակերպիչ հանձնախմբին եւ թեմակալ առաջնորդներին` գոհունակություն արտահայտելով անկաշկանդ, անկեղծ ու շահեկան քննարկումների համար:

Վեհափառ Հայրապետը նախախնամական նկատեց, որ ժողովը տեղի է ունենում Մայիսյան հերոսամարտերի, Հայաստանի առաջին Հանրապետության հաստատման 100-ամյակի տոնախմբությունների նախօրեին: Հայոց Հովվապետն անդրադարձ կատարեց հերոսամարտերում եկեղեցականաց բերած վիթխարի ավանդին եւ վճռորոշ դերակատարությանը, երբ հայրենիքի պաշտպանության սրբազան մարտում Հայոց Եկեղեցին առաջնորդեց ժողովրդին, գտնվեց առաջնագծում:

Նորին Սրբությունն ընդգծեց, որ այս բարձր գիտակցությամբ եկեղեցականները պիտի շարունակեն իրենց առաքելությունը ժողովրդի կյանքում` հոգիներում ունենալով սեր մեր ժողովրդի նկատմամբ: Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց նաեւ հայրենիքում տեղ գտած վերջին իրադարձություններին: «…Մենք պետք է հստակ բանաձեւենք, որ մեր երկրի պաշտպանության, մեր ժողովրդի կյանքի անվտանգության պարագաներին Եկեղեցին գտնվում է առաջնագծում:

Երբ իրադարձություններն ընթանում էին ներազգային կյանքում, ուր մեր ժողովրդի զավակներն էին հակադրության մեջ, այդ իրավիճակում մենք մի առաքելություն ունեինք, որը եւ փորձեցինք իրականացնել՝ հանդարտության կոչ ուղղել, համերաշխության ոգին զորացնել, թշնամանքն ու ատելությունը բացառել մեր ժողովրդի կյանքից եւ թույլ չտալ, որ մեր զավակների միջեւ բախում լինի, որ հայորդու արյուն թափվի, եւ խնդիրներն իրենց հանգուցալուծումը գտնեն իրավական դաշտում:

…Այսօր հուզումները տակավին առկա են մեր կյանքում, եւ մեր առաքելությունը պիտի լինի այն, որ շարունակենք մեր աշխատանքը նույն ոգով ու նույն նախանձախնդրությամբ, որպեսզի տեղ չգտնեն մեր ժողովրդի կյանքում ատելություն եւ անհանդուրժողություն, բախումներ, հակառակություններ, իսկ մեր առաքելության մասին ընդհանրապես նշենք, որ մենք պարտավոր ենք մեր ժողովրդի կյանքը խարսխել քրիստոնեական բարոյական արժեքների վրա: Միայն այդպես կարող ենք ազատել մեր կյանքն արատավոր երեւույթներից, սխալներից, սայթաքումներից, անարդարություններից եւ բոլոր այն դրսեւորումներից, որոնք ընդվզումի եւ դժգոհության պատճառ են դառնում ժողովրդի կյանքումե, - նշեց Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունը եկեղեցականներին մաղթեց, որ նվիրումով շարունակեն կատարել իրենց ծառայությունը՝ լցված անվերապահ եւ անպայմանավոր սիրով հանդեպ ժողովուրդը եւ հայրենի երկիրը եւ ընդգծեց, թե այն սերը, որ յուրաքանչյուր զավակ փոխադարձաբար տածում է Ս. Եկեղեցու հանդեպ, նաեւ կշարունակի լինել ու մնալ զորացնող ուժը Հայոց Եկեղեցու:

Վերջում քահանայից հավաքի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ, որում ասված է. «Հայաստանում սպասավորող եկեղեցականաց մեր ողջ դասով համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հովանու ներքո, աղոթում ենք մեր Հայրենիքի խաղաղության ու ապահովության, մեր Սուրբ Եկեղեցու պայծառության ու մեր ժողովրդի բարօր կյանքի համար:

Անդրադարձ կատարելով վերջին շաբաթների ներհայաստանյան իրադարձություններին՝ գոհություն ենք հայտնում Ամենակարող Բարձրյալին, որ մեր ժողովուրդը, իրեն հատուկ ողջամտությամբ, կարողացավ զերծ պահել մեր երկիրն ավելորդ ցնցումներից ու անցանկալի զարգացումներից: Այս օրերին մենք ականատես եղանք մեր ժողովրդի եւ հատկապես մեր երիտասարդների՝ առ հայրենիքը սիրո եւ նախանձախնդրության ոգուն, երկրի ապագայի հանդեպ պատասխանատվության գիտակցությանը, ինչը հուսադրող կարեւոր գրավական է երկրի հետագա կայուն եւ անշրջելի զարգացման համար:

Վերջին զարգացումների արդյունքում Հայաստանը թեւակոխել է նոր շրջան՝ մեր ժողովրդի մեջ առաջացնելով դրական փոփոխությունների մեծ ակնկալիքներ ու սպասումներ: Մեր երկրի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերների մեջ մենք մեծապես կարեւորում ենք հանրության մեջ սիրո, գործակցության եւ համերաշխության ոգու զորացումը, միմյանց նկատմամբ ատելության ու թշնամանքի դրսեւորումների բացառումը, որը նաեւ առաքելությունն է մեր Սուրբ Եկեղեցու: Մեր ժողովուրդը մշտապես հավատքով, հույսով ու սիրով է ապրել ու արարել, հաղթահարել իր կյանքի բոլոր դժվարություններն ու փորձությունները:

Մենք հորդորում ենք անխախտ ու անսասան պահել մեր համազգային միասնականությունը եւ աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդի ուժերի ու հնարավորությունների համախմբմամբ շարունակել անշեղորեն հետամուտ լինել ազգային իղձերի ու նպատակների իրականացման տեսլականին:

Թող Ամենակարողն Աստված առատապես օրհնի եւ Իր Սուրբ Աջով պահապան լինի Հայոց աշխարհին, մեր Սուրբ Եկեղեցուն ու համայն մեր ժողովրդին»:

Ժողովի ավարտին հոգեւորականաց դասը մասնակցեց Երեկոյան ժամերգությանը:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները