Հոգեւորականը ո՛չ իշխանության կողմից պետք է լինի, ո՛չ էլ՝ ժողովրդի: Հոգեւորականը պետք է լինի ճշմարտության կողմից...

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 4 (216), ապրիլ 2018 թ.  


 

       

ԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՎԿԱՅՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆՆ Է ՈԳԵԿՈՉՎԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

«Մեր նպատակը նախ եւ առաջ նահատակների հոգու հանգստյան համար աղոթելն է, որպեսզի նրանք, ովքեր չունեցան շիրիմ, ունենան երկնային արքայություն, որի հավատացողն էին իրենք եւ որի համար ընկան, նահատակվեցին»:
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ

այոց բազմադարյան պատմությունը հարուստ է հերոսական ու ողբերգական բազում դրվագներով, վերելքներով ու վայրեջքներով: Այս իրողություններից յուրաքանչյուրն անշուշտ իր դրոշմն է թողել պատմական զարգացման ընթացքի վրա, հաճախ կանխորոշել ապագան:

Հիշյալ իրադարձությունների հոլովույթի մեջ առանձնանում է Մեծ եղեռնը՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, արեւմտահայության կոտորածը: Իր ընդգրկումով, իրականացման վայրագ միջոցներով այս ոճրագործությունը մարդկության պատմության աննախադեպ իրողություններից է…:

103 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության արհավիրքը հայ ժողովրդի մարմնի վրա բացված այնպիսի մի վերք է, որ ժառանգել ենք մեր արյան հիշողությամբ: Այսօր այն անժխտելիորեն մեր ինքնության մի մասն է:

Ոչ ոք չարգելեց Թուրքիայի խավարամիտ իշխանավորներին՝ վերջ տալ իրենց դժնդակ կտտանքներին, որոնց գործադրումն իրապես կարելի է համեմատել միայն խելացնոր ոճրագործի արարքի հետ: Ի տարբերություն հոլոքոսթի՝ հայ ժողովրդի հանդեպ բնաջնջման գործողությունը կատարվել է հայոց պատմական բնօրրանում՝ նրա վաղնջական հայրենիքում: Թուրքերը ոչ միայն թափել են հայոց արյունը, այլեւ տիրել նրա հող ու ջրին, ուստի ոչ միայն պետք է մեղա գալ, ներողություն խնդրել հայ ժողովրդից, այլեւ ետ վերադարձնել նրա պատմական հայրենիքը:

Այսօր ոգեկոչվում է նրանց հավատի ամրությունն ու անկոտրում կամքը, որ, արհամարհելով ամեն տեսակի տանջանք ու հալածանք, նախընտրեցին մահը կյանքի փոխարեն: Նրանք կարող էին ազատվել թուրքի սրից, եթե համաձայնեին ուրանալ իրենց կրոնն ու ազգությունը: Պատմությունը փաստում է, որ ոմանք այդ ճանապարհով փրկեցին իրենց կյանքը, իսկ ավելի ճիշտ՝ գոյությունը: Միանշանակ սուրբ նահատակների հավատքի օրինակն օգնում է վերաարժեւորել մեր ինքնությունը նոր լույսի ներքո, այն սովորեցնում է մեզ, որ հայ ժողովրդի համար ամենամեծ արժեքն ազատությունն է:

ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ ԽՈՍՔՆ ԱՅՍ ԻԲՐԵՎ ԾՆՐԱԴԻՐ ԱՂՈԹՔ

24 ապրիլի: Հայոց եկեղեցիների Սուրբ Խորաններից, սրբազան Պատարագի արարողությամբ, աշխարհասփյուռ ազգը հայոց աղոթք բարձրացրեց առ Ամենաբարին եւ խոնարհվեց, Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող, խաչքար-հուշարձանների առջեւ: Առաջնորդանիստ Ս. Յոթվերքում եւս մատուցվեց նահատակաց հիշատակի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Փավստոս քհն. Սարգսյանը:

Հավելենք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ 2015 թ. ապրիլի 23-ին, Մայր Աթոռում, Ս. Տրդատի բաց խորանի կամարների ներքո, կատարվեց Մեծ եղեռնի նահատակների սրբադասումը՝ հռչակելով նաեւ նրանց հոգեւոր սխրանքի ու հերոսության պատգամը:

ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՊՈՒՐԱԿՈՒՄ ԽՈՒՆԿ ՈՒ ԱՂՈԹՔ ՁԵԶ, ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐ…

Սուրբ Պատարագից հետո ներկաները, գլխավորությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի եւ հոգեւորականաց դասի, ուղղվեցին Բագրատունյաց պուրակ, ուր, «Վերածնունդ» խաչքար-հուշակոթողին (հեղինակ՝ քանդակագործ Ֆրեդ Սողոյան) ծաղկեպսակների զետեղումից հետո, ձեռամբ Միքայել Սրբազանի, կատարվեց գոհաբանական արարողություն՝ ի հիշատակ Մեծ եղեռնի բյուր-բյուրավոր նահատակների: Յուրաքանչյուր հայորդի եկել էր կրկին անգամ խոնարհվելու սրբոց նահատակաց հիշատակի առջեւ, ինչպես նաեւ հարգանքի տուրք մատուցելու՝ «Ես եկել էի, որ այստեղ լռեմ…» կարգախոսով:

Ներկաների թվում էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ՌԴ գլխավոր հյուպատոսության փոխհյուպատոսը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզի դատախազը, մարզային, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մեծաթիվ հավատացյալներ:

ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Արդ՝ աշխարհի մարդիկ, միացե՛ք մեզ, մեր ցավից անդադար տնքացող հիշողությանը, միացե՛ք մեր պապերի հեղած արյուն-արցունքներին, մանկանց ճիչերին, միացե՛ք արդարության արդար կանչին, միացե՛ք… Մեր պահանջը արդար է ու աստվածահաճո. աննահանջ պահանջելու ենք: Աշխարհի մարդիկ, միացեք մեզ…

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները