Հոգեւորականը ո՛չ իշխանության կողմից պետք է լինի, ո՛չ էլ՝ ժողովրդի: Հոգեւորականը պետք է լինի ճշմարտության կողմից...

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 4 (216), ապրիլ 2018 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

«Ե՛ս եմ յարութիւն եւ կեանք. որ հաւատայ յԻս, թէպէտ եւ մեռանի՝ կեցցէ՛»:
ՀՈՎՀ. ԺԱ 25-2

իրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

Քրիստոսի Սուրբ Հարության հրաշազարդ տոնին, ուրախությունն ու խնդությունը մեր հոգիներում, ձայնակից ենք հրեշտակներին՝ փոխանցելով միմյանց «Քրիստոս յարեաւ» կենարար ավետիսը: Թափուր է Տիրոջ գերեզմանը, հայտնված է Նրա աստվածային զորությունը, եւ իրական են մահվան պարտությունն ու կյանքի հաղթանակը: Այսօր հարություն առած Քրիստոս Իր բոլոր հետեւորդներին բերում է հավիտենական կյանքի բերկրալի խոստումը. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հաւատում է Ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի»:

Քրիստոսի Հարության ողջույնը փոխանցելով՝ մենք, սիրելինե՛ր, հաստատում ենք մեր հավատքը, որը հիմնված է Հարության տիեզերանորոգ հրաշքի վրա: Հավատում ենք, որ, Քրիստոսի Հարությամբ, անմահության ու հավիտենական կյանքի արշալույսը ցրել է կորստաբեր մեղքի խավարը: Հավատում ենք, որ մահվան առջեւ անզոր մարդկային կյանքը վերափոխվում է երկնային զորությամբ, ժամանակավորը վերածվում է հավիտենական գոյության:

Հավատում ենք, որ Փրկչին ու Նրա անմահության շնորհին հաղորդակցումը նորոգում է կյանքը, խաչերը դարձնում ծաղկյալ, գողգոթաները՝ հաղթության բարձունքներ: Հավատում ենք, այո՛, որ, մարդկային մեր տկար ուժերին ընդառաջ եկող, Աստծո Սուրբ Հոգին լուսավորում է մեր հոգեւոր տեսողությունը եւ զորացնում մեզ՝ ընթանալու մեղքից դեպի առաքինություն, ընթանալու դեպի մեր Տերը, որպեսզի Նրա հետ կյանք ունենանք եւ ժառանգակից լինենք երկնային արքայությանը:

Հավատալ Քրիստոսի Հարությանը նշանակում է Սիմոն Կյուրենացու պես անտրտունջ Քրիստոսի խաչը կրել՝ կյանքի հաղթանակի աներկբա վստահությամբ, Հովսեփ Արիմաթացու նման բարեգործություններ կատարել, յուղաբեր կանանց նման հավատքն ու հավատարմությունը պահպանել եւ Քրիստոսի Հարության ուրախությունը սփռել, առաքյալների պես աշխարհը Քրիստոսի Հարության լույսով լուսավորել: Այսպես միայն կարելի է արժանանալ Փրկչի խոստմանը՝ հավատքի զորությամբ մահվան իշխանությունը թոթափելու եւ հավիտյան ապրելու:

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, Քրիստոսի Հարության հրաշազարդ իրողությունը մարդու եւ աշխարհի փրկության միջոցն է, աստվածային անսահման սիրո ու հոգածության վկայությունը, նեղությունների ու դժվարությունների հաղթահարման զորությունը:

Թովմասի նման երկմտող աշխարհին հարուցյալ Քրիստոս ցույց է տալիս Իր վերքերը, որպեսզի բուժվեն պատերազմների ու աղետների պատճառած վերքերն աշխարհի: Ցույց է տալիս Իր չարչարանքների հետքերը, որպեսզի դադարեն մարդկային հոգու տառապանքները, լռեն ատելության ձայները, մերժվեն կործանարար ուղիները, որպեսզի գալիքի հանդեպ վստահություն փնտրող մարդկությունն ընդունի Փրկչի Հարության զորությունը՝ Առաքյալի պես բացականչելով. «Տեր իմ եւ Աստված իմ» (Հովհ. Ի 28):

Աստվածատուր այդ զորությամբ ու շնորհով է հարատեւել եւ մեր ժողովուրդը՝ պատմության մեջ դիմակայելով դառը հարվածների ու կերտելով իր ձեռքբերումները: Քրիստոսով, հարության ու փրկության հավատքով մենք վեր հառնեցինք մեր խաչելություններից, վերահաստատեցինք մեր պետականությունը, ձեռնամուխ եղանք նեղությունները թոթափելուն, մեր իրավունքների պաշտպանությանը եւ առավել բարօր գալիքի կերտմանը: Մեր ժողովրդի առաջընթացը, մեր պետության հզորացումը եւ ի սփյուռս աշխարհի մեր կյանքի պայծառությունը պայմանավորված են յուրաքանչյուրիս մեջ Քրիստոսի ներկայությամբ, Նրա Հարության զորության ներգործությամբ եւ մեր արժանավորությամբ Փրկչի խոստմանը. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հաւատում է Ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի»:

Սիրելի՛ հավատավոր զավակներ Մեր, շարունակենք ապրել ու գործել Քրիստոսի հետ: Մեր ընտանիքներում խնամենք ու վառ պահենք հավատքի լույսը, հասարակական ու ազգային մեր կյանքում հաստատուն պահենք միմյանց հանդեպ հոգածությունն ու զորակցությունը, սերն ու միասնությունը: Շարունակենք ապրել հավատքով, որպեսզի այսօր հնչող «Քրիստոս յարեաւ» ավետիսը զորացնի մեզ ապագայի հանդեպ լավատեսությամբ ու վստահությամբ, կամքով ու կորովով` հակառակ ամեն արգելքի ու նեղության, ջանք թափելու, ստեղծելու, հոգալու, որ իրագործենք առաջընթացի մեր նպատակները, հայրենաշեն մեր ծրագրերն ու ազգային իղձերը: Թող մեր սրտերը քաջալերվեն այսօր մեզ հայտնվող հարուցյալ Տիրոջով` սիրով եւ միասնությամբ ընթանալու ազատ նոր կյանքի մեր ուղին՝ միշտ հավատարիմ մնալով մեր Տիրոջ պատվիրաններին եւ հաստատուն պահելով մեր ընթացքը դեպի հավիտենություն:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության բերկալի ավետիսով ողջույն ենք բերում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին: Աղոթում ենք հիվանդության մահճում գտնվող Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյան Պատրիարքի համար: Ի Քրիստոս սիրով ողջունում ենք քույր Եկեղեցիների հոգեւոր պետերին եւ նրանց հավատավոր հոտին: Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Սրբազան Պատարագի արարողությանը ներկա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին`առաջին տիկնոջ հետ, նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին, ողջույն ենք հղում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգեւոր դասին եւ հավատավոր մեր ժողովրդին ի հայրենիս եւ ի սփյուռս:

Աղոթում ենք առ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, որ մեր հայրենիքում ու ողջ աշխարհում մշտապես սփռված մնան Իր Հարության կենարար պարգեւները, խաղաղությունը հաստատվի աշխարհում, մարդկանց սրտերում, մեր երկրի սահմաններում: Հայցում ենք, որ, Փրկչի Հարության շնորհներով զորացած, Մեր զավակների ամեն գործ զարթոնք ու լուսավորություն բերի ազգային մեր կյանքին, եւ աստվածաշնորհ պարգեւները հովանի լինեն մեր ժողովրդին՝ այսօր եւ միշտ ցնծությամբ ավետելու.

                                                 Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
                                            Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները