Յարութիւնը սահուն, հանդարտ, անյուզական հեշտակեցութիւն չէ: Յարութիւնը կ’ենթադրէ փորձը տառապանքին: Յարութիւնը կ’անցնի խաչի ճանապարհով, բայց կ’անդրանցնի խաչը:

 
ԳԱՐԵԳԻՆ
Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԹ Տարի, Թիվ 3 (215), մարտ 2018 թ.  


 

       

ԱՎԱԳ ԿԱՄ ՉԱՐՉԱՐԱՆԱՑ ՇԱԲԱԹԸ
ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔ ԵԿԵՂԵՑՈՒՄ

իսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ, որովհետեւ ամենամեծն ու նշանակալիցն է հիշատակվող դեպքերի կարեւորությամբ եւ խորհրդով: Ինչպես ասում է Հովհան Ոսկեբերանը՝ «այդ շաբաթ… տրորվեց ու ոտնահարվեց մահը, ջնջվեց մեղքը, փշրվեցին երդումն ու դրախտի փականը, կոտրվեց երկնքի անմատչելիությունը, մարդիկ մերձեցան հրեշտակներին, հեռացվեց բաժանության պատնեշը, զավթվեցին անջրպետող սահմանները, Աստված աշխարհում հաշտեցրեց երկնայինն ու երկրայինը»:

26 մարտի: Ավագ երկուշաբթի անպտուղ թզենու հիշատակության օրն է: Երուսաղեմից դուրս գալիս՝ Հիսուս մի թզենի է տեսնում եւ ցանկանում է թուզ ուտել, բայց, ծառին պտուղներ չգտնելով, անիծում է. «Էլ քեզնից ոչ ոք պտուղ չուտի յաւիտեան» ¥Մարկ. ԺԱ 14¤: Անպտուղ թզենու չորացման դրվագը օրինակն ու խորհրդանիշն է հավատի հրաշագործ զորության: Տիրոջ գալուստն անակնկալ է լինելու, ուստի պետք է միշտ պատրաստ լինել:

27 մարտի: Ավագ երեքշաբթին նվիրված է տասը կույսերի առակին, ովքեր սպասում էին փեսային, բայց հայտնի չէր, թե նա երբ էր գալու: Առակով Հիսուս այլաբանորեն պատասխանում է Երկնքի արքայության մասին Իրեն տրված հարցերին եւ հայտնում այնտեղ մտնելու պայմանները, որոնք հարատեւ աղոթքը եւ հավատքի արգասավոր գործերն են:

Կույսերից հինգը խորհրդանշում են այն հավատավոր քրիստոնյաներին, ովքեր հարատեւում են հոգեւոր արթնության մեջ ու միշտ պատրաստ են Փրկչի Գալստյանը: Իսկ մյուս հինգը, որ բավականին ձեթ չուներ, օգնություն խդրեց իմաստուններից, սակայն վերջիններս իրենց ունեցածից բաժին չհանեցին, եւ հիմարները մնացին ձեռնունայն:

28 մարտի: Ավագ չորեքշաբթի օրը հիշատակվում է, մեղավոր կնոջ ձեռքով, Բեթանիայում Հիսուսի գլուխը եւ ոտքերը նարդոսի թանկարժեք յուղով օծելը. «Իմ մարմնի վրա այդ իւղը թափելով՝ նա իմ թաղուելը կանխանշեց» ¥Մատթ. ԻԶ 12¤: Հիսուս կարեւորեց այդ կնոջ արածը, որովհետեւ, հավատով օծելով Նրա գլուխը, բեթանիացի կինը, նախքան Հարությունը, վկայեց Հիսուսի Օծյալ Փրկիչ լինելը:

Ավագ չորեքշաբթին նաեւ մատնության օրն է, երբ աշակերտներից Հուդա Իսկարիովտացին երեսուն արծաթով համաձայնեց մատնել Հիսուսին:

29 մարտի: Ավագ հինգշաբթի օրը՝ առավոտյան ժամերգությունից հետո, Վերջին ընթրիքի խորհուրդն է, նաեւ կատարվում է ապաշխարողների արձակման կարգ:

Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, ի հիշատակ Վերջին ընթրիքի եւ Ս. Հաղորդության խորհդրի հաստատման, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ հավուր պատշաճի եւ ամենայն հանդիսավորությամբ: Այդ օրը հավատացյալ բազմությունն ի մի էր եկել մայր եկեղեցում՝ ներկա գտնվելու, Սուրբ Խորհրդի հաստատումը խորհրդանշող, սրբազան արարողակարգին:

«Հավատամք»-ի ընթերցման ժամանակ բացվեց Սուրբ խորանի վարագույրը, որ փակվել էր նույն օրը: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Հընթացս Սուրբ Պատարագի՝ թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանն ընթերցեց Սուրբ Հաղորդության մասին Ս. Բարսեղ Հայրապետի ճառը:

ԿԱՐԳ ՈՏՆԱԼՎԱՅԻ

Երեկոյան՝ Ոտնալվայի մեծախորհուրդ արարողության ընթացքում, որ հիշատակն է մեր Տիրոջ տված խոնարհության ամենամեծ դասի, Առաջնորդ Սրբազանը լվաց եւ յուղով օծեց տասներկու ընտրյալների ոտքերը՝ մեր Տիրոջ օրինակով:

Ոտնալվայի արարողությունից հետո ներկա հավատացյալներին բաժանվեց օրհնված յուղը՝ տուն տանելու համար:

Ի դեպ՝ այս կարգը հեղինակել է Սուրբ Եփրեմ Ասորին Դ դարում եւ հայերեն է թարգմանվել ԺԱ դարի Հայրապետ Գրիգոր Բ Վկայասերի կողմից, իսկ հետագայում ճոխացվել է զուտ հայկական շարականների ու աղոթքների հավելումով:

ԿԱՐԳ ԽԱՎԱՐՄԱՆ

Ուշ երեկոյան կատարվեց Ավագ ուրբաթի Հսկումը՝ «Խավարում»-ը: Սուրբ Յոթվերքում հավաքված հավատացյալները, հոգիներում անափ տխրություն անթեղած, եկել էին՝ ներկա գտնվելու, Տիրոջ երկրավոր կյանքի վերջին ժամերը խորհրդանշող, ամենատխուր արարողությանը, որ ծանոթ է Խավարում անվամբ:

Արարողությունն սկսվեց երեկոյան ժամը 21:00-ին: Սուրբ Խորանի վրա վառվող տասնմեկ մոմերը խորհրդանշում էին Տիրոջ առաքյալներին, իսկ սեւ գույնով ներկվածը՝ Հուդային: Այդ օրը յոթն Ավետարան ընթերցվեց, որով հիշեցվեց, թե Հուդան ինչպես մատնեց, եւ թե ինչպես Քրիստոս չարչարվեց: Ս. Խորանի վրա վառվող տասներկու մոմերը, Սուրբգրային ընթերցվածներից հետո, համապատասխանաբար մարվեցին:

«Տեր յերկնից» շարականի երգեցողությունից հետո մարվեց նաեւ Տիրոջը խորհրդանշող մոմը, ապա մարեցին եկեղեցու լույսերը: Արարողությունն ավելի ազդեցիկ դարձավ, երբ մթության խորքից հնչեց «Ո՞ւր ես, մայր իմ» հոգեզմայլ տաղը: Այնուհետեւ, դարձյալ մթության մեջ, հնչեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանի ազդեցիկ քարոզը:

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ «ԵՒ ԳԻՇԵՐ ԷՐ...»

Ավագ ուրբաթի խորհրդակատարությունները շարունակվեցին հաջորդ օրվա միջօրեին՝ «Խաչելության կարգով»-ով, Տիրոջ դատապարտության եւ խաչելության դրվագների ընթերցմամբ: Հընթացս ժամերգության, Տ. Միքայել եպս. Աջապահյանի հանդիսապետությամբ, տեղի ունեցած արարողությունը խորհրդանշում էր Քրիստոսի թաղումը: Ծաղիկներից ու դալար ոստերից հյուսված գերեզմանի մեջտեղում քողածածկ պատանքված Խաչն էր, որ, Թաղման կարգի ժամանակ, մեծաթիվ հավատացյալների ուղեկցությամբ, դուրս բերվեց Ս. Յոթվերքից եւ պտտեցվեց մայր եկեղեցու շուրջը՝ ի տես եւ ի խոնարհումն հավատավոր ժողովրդի:

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ ՃՐԱԳԱԼՈՒՅՑ

Ապրիլի 31-ին Սուրբ Զատկի խթման օրն էր կամ Ճրագալույցը: Ավագ շաբաթ օրը հիշատակվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը եւ արդար հոգիների ազատումը: Ինչպես ուսուցանում է մեզ Եկեղեցու Վարդապետությունը՝ Քրիստոս, գերեզման դրվելով, իջավ դժոխք եւ ավերեց այն՝ փրկություն շնորհելով արդարների հոգիներին. «Ո՞ւր է մահ, զօրութիւն քո, եւ ո՞ւր է դժոխք խայթոց քո» ¥Օսէէ ԺԳ 14¤:

Ավագ շաբաթը սգո եւ տրտմության օր է: Երեկոյան ժամերգությունից հետո, ժամը 20:00-ին, մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ, որին ներկա էին մեծաթիվ հավատացյալներ: Նախ ընթերցվեց Դանիելի թուղթը: Երեք ընթերցողները խորհրդանշում էին բոցավառ հնոց նետված երեք երիտասարդներին: Սա նաեւ խորհրդանշում է Հիսուսի երեքօրյա թաղումը:

Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Սուրբ Հարության նախատոնակը: Գիշերվա խորհրդավոր լռության մեջ հաղթականորեն հնչեց ցնծության եւ հույսի մեծագույն ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց…»:

Ներկաները, Սուրբ Հարության ավետիսն ստանալով, վառված մոմերը ձեռքերին, հրաշափառ Հարության լույսը տարան իրենց օջախները՝ իբրեւ Կենսատու Լույսի խորհրդանիշ:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները