Հավիտենական կյանք կերտելով՝ փրկենք մեզ եւ ուրիշներին մահվան կորստից՝ Տիրոջ Արքայության մեջ միմյանց հետ հանդիպելու եւ Տիրոջ երանությունը հավիտենապես ունենալու համար:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 12 (212), դեկտեմբեր 2017 թ.  


 

       

ՏԱՐՎԱ «ԱՄԵՆԱ»-ՆԵՐԸ

արվա ավարտը ոչ միայն հանդիսությունների եւ տոնակատարությունների, այլեւ հաշվետու ժամանակահատված է: Սոցիալ-կրթական կենտրոնի «Ցերեկային կենտրոն» ծրագրի շահառու սաներն արդեն երկրորդ Ամանորն են դիմավորում կենտրոնում: Այս անգամ փորձ էր արվել տոնական հանդիպումը դարձնել նաեւ յուրատեսակ հաշվետվություն՝ ամփոփելով ողջ տարվա ընթացքում կատարված աշխատանքն ու հիշարժան իրադարձությունները, միասին ապրած տխուր եւ ուրախ պահերը:

Դեկտեմբերի 21-ին կենտրոնի սաները հյուրընկալվել էին «Գյումրեցի» հյուրատան ջերմ հարկի տակ: Հանդիսությունն իր ներկայությամբ պատվել էր Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը: Հրավիրված էին համագործակից պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Սրբազան Հոր աղոթքով սկսվեց տոնական երեկոն: Ապա հոգեբան Գոհար Հովեյանը տեսանյութով ներկայացրեց 2017 թվականի ձեռքբերումները՝ համեմված երեխաների զվարճալի իրավիճակային նկարներով, հետաքրքիր մեկնաբանություններով ու հումորային լուծումներով: Յուրաքանչյուր երեխա անհատականություն է՝ իր դրական եւ բացասական կողմերով: Կենտրոնի աշխատակիցների մոտեցումն է՝ բացահայտել իրենց սաների առավելությունները, իսկ փոքրիկ թերացումներն ընդունել որպես կատարվելիք աշխատանքի ուղղորդման միջոց: Այս սկզբունքով էլ նախապես սահմանվել էին անվանակարգեր՝ ընդգծելով յուրաքանչյուր երեխայի, տարվա ընթացքում դրսեւորած, դրական վարքագիծը կամ յուրատեսակ առանձնահատկությունն ու ձեռքբերումը:

Մրցանակաբաշխությունն անցավ բուռն ու ջերմ մթնոլորտում. հայտարարվեցին տարվա «ամենա»-ները՝ ամենակոկիկ, ամենախելացի, ամենատաղանդավոր, ամենաընկերասեր եւ այլն: Կային նաեւ հատուկ մրցանակներ՝ «Տարվա խոհարար», «Տարվա վարսահարդար», «Տարվա եկեղեցասեր պատանի»: Յուրաքանչյուր երեխա պատվոգիրը «փոխանակում» էր, իր ձեռքով պատրաստած, ամանորյա խաղալիքի հետ, որի մեջ սեփական հոգու ջերմությունն էր ամփոփված: Հաջորդ տարում առավել կազմակերպված աշխատելու, ինչու չէ՝ նաեւ իրենց մանկավարժների հանդեպ երեխաների ունեցած դիրքորոշումները հստակեցնելու եւ երեկոյի մասնակիցների տրամադրությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով նախապես մշակվել էին անանուն հարցաթերթիկներ, որոնք լրացվել էին երեխաների կողմից: Ուսուցիչներին պատվոգրեր հանձնելու համար հրավիրվեց սաներից ամենահամարձակը, ով ներկայացրեց տարվա ամենաանպարտաճանաչ, ամենաանկարգ, ամենաշատախոս, ամենաբարձր գոռացող, ամենաանհանդուրժող եւ նմանատիպ այլ անվանակարգերով ընտրված մանկավարժներին:

Միջոցառման ավարտին երեխաներին անակնկալ այցելեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ովքեր էլ հանձնեցին, «Գյումրեցի» հյուրատան եւ սոցիալ-կրթական կենտրոնի կողմից տրամադրված, նվերները: Հետաքրքիր ու զվարճալի խաղերով, երգ ու պարով, ջերմ ու հոգատար մթնոլորտում ամփոփվեց 2017 թվականը՝ հաջորդ տարում նոր ձեռքբերումների ու հաջողությունների ակնկալիքով:

ԵՍԹԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները