Հավիտենական կյանք կերտելով՝ փրկենք մեզ եւ ուրիշներին մահվան կորստից՝ Տիրոջ Արքայության մեջ միմյանց հետ հանդիպելու եւ Տիրոջ երանությունը հավիտենապես ունենալու համար:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 12 (212), դեկտեմբեր 2017 թ.  


 

       

«ԳՅՈՒՄՐԻՆ ԱՌԱՆՑ ՏՆԱԿՆԵՐԻ»
ԱՄՓՈՓՎԵՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՏԱՐԻՆ

եկտեմբերի 6-ին «Գյումրին առանց տնակների» հիմնադրամն ամփոփեց գործունեության մեկ տարին: Հավատարիմ մնալով քաղաքը տնակներից ազատելու առաքելությանը՝ հիմնադրամն ամբողջ տարվա ընթացքում լուծեց քսանյոթ ընտանիքի կեցության խնդիրը: Մեկ տարում մշակվել է Գյումրու տնակային հասցեների բազա, կատարվել տեղեկությունների ճշգրտումներ, տվյալների թարմացում: Ամփոփելով տարին՝ հոգաբարձուների խորհրդի անդամները նշեցին, որ շատ անելիքներ դեռ առջեւում են:

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Միքայել եպս. Աջապահյանը եւ գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանը հանդես եկան հաշվետվությամբ՝ ներկայացնելով կառույցի մեկ տարվա գործունեությունը: Հիմնադրամն ստեղծվել է երկու տարի առաջ՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից: Նպատակն անօթեւան գյումրեցիների համար, բարերարների միջոցով, սոցիալական բնակարաններ հայթայթելն ու քաղաքը տնակներից ազատելն է: Ինչպես ներկայացրեց Ղարիբ Հարությունյանը՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեռ շարունակում է իր աշխատավարձը փոխանցել հիմնադրամին, մշտական մասնակցություն է ցուցաբերում նաեւ քաղաքապետարանի աշխատակազմը:

Այնուհետեւ հնչեց Միքայել Սրբազանի ելույթն անօթեւանության թեմայի շուրջ: Շիրակի թեմի առաջնորդն իր ելույթում, «առանց քաղաքական նկատառումների», շնորհակալություն հայտնեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին ու քաղաքային իշխանություններին, որոնք ստեղծեցին հիմնադրամն ու շարունակում են լուրջ դերակատարություն ունենալ իրենց ներդրումներով:

«Տնակային թաղամասերի եւ տնակների գոյությունը քսանինը տարի անց մեր քաղաքում մեր խարանն է: Մենք միշտ ներկայացնում ենք, թե իբր պետության, երեւանցիների, կառավարության խարանն է, բայց մեր խարանն է: Մենք ենք կրում այն մեր ճակատին. պետությունը չի կրում, իշխանությունը չի կրում: Մենք հնարավորություն ունեինք այս խարանից ձերբազատվելու, բայց չուզեցինք ձերբազատվել: Հիմա դրա համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր դարձել են հոգաբարձուների խորհրդի անդամ եւ ընդ որում հոգաբարձուների խորհրդի անդամ են դարձել ոչ միայն գաղափարներ, այլ նաեւ իրենց նյութական աջակցությունը տալու: Ի սկզբանե ես թելադրեցի եւ խորհրդի անդամներն ընդունեցին, որ մենք նույնպես պետք է մեր նյութական մասնակցությունն ունենանք, այլ ոչ թե միայն հոգեւոր կամ բարոյական»,- ասաց Սրբազան Հայրը:

Թեմակալ Առաջնորդը մատնացույց արեց դահլիճում կանգնած մի համեստ երիտասարդի՝ Մհեր անունով եւ հատուկ շնորհակալություն հայտնեց նրան, քանի որ նա մի քանի ամսում կատարել էր այն աշխատանքը, ինչը քսանինը տարի չէր կատարվում: Մհերը հստակ թվերով, տվյալներով ցուցակագրել էր բոլոր տնակները, դրանց գտնվելու վայրը, բնակեցված լինելը՝ բնակիչների անուն-ազգանունով, քանակով: «Գյումրեցիներիս մեղքն էր, որ փոխանակ օր առաջ ազատվեինք այս խայտառակությունից, ցանկացել ենք հավելյալ դրամ, օգուտ ունենալ: Ես անուններ չեմ տալու. ո՛չ առաջ եմ տվել, ո՛չ հիմա եմ տալիս, ո՛չ հետո եմ տալու, բայց Աստված գիտի բոլորի անունները, բոլոր մեղավորներին: Ես խնդրում եմ, որ Տերը թողություն տա նրանց այն մեղքին, որ քսանինը տարի քաղաքը թողեցին այս վիճակի մեջ: Մի կարծեք, թե անպայման իշխանություններին ի նկատի ունեմ. ես բոլորիս եմ ասում, նաեւ այն տնակի բնակիչներին, ովքեր ունեին հնարավորություն տնակում չապրելու, բայց հատուկ կարգավիճակի, նպաստ ստանալու եւ այլ նկատառումներով իրենց զավակներին զրկեցին արեւի լույսից...»:

Միքայել Սրբազանն ասաց, որ ամենադժգոհն ինքն է հիմնադրամի կատարած աշխատանքից, քանի որ ոչ թե քսանյոթ բնակարան պիտի տված լինեին, այլ առնվազն 270 եւ ոչ թե 104 տնակ պիտի քանդեին, այլ՝ 1040:

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանն իր հերթին նշեց, որ, համագործակցելով Գյումրու քաղաքապետարանի հետ, մեկ տարվա ընթացքում կարողացել են այցելել բոլոր տնակային թաղամասերը եւ հատ-հատ դիտարկել, լուսանկարել ու պարզել տնակների քանակը:

Այս պահին քաղաքում դեռ առկա են 2983 տնակներ, որոնցից 2399-ը՝ բնակեցված: 584 տնակներում մարդիկ չեն բնակվում, այսինքն` կա՛մ արտագաղթել են, կա՛մ գոնե դիտարկման պահին տնակում չեն եղել. այդ ուղղությամբ տարվող ուսումնասիրությունները դեռ շարունակվում են:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները