Հավիտենական կյանք կերտելով՝ փրկենք մեզ եւ ուրիշներին մահվան կորստից՝ Տիրոջ Արքայության մեջ միմյանց հետ հանդիպելու եւ Տիրոջ երանությունը հավիտենապես ունենալու համար:

 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 12 (212), դեկտեմբեր 2017 թ.  


 

       

ԽՈՒՆԿ, ՄՇՏԱՀՈՒՆՉ ԱՂՈԹՔ ԵՎ ՀԱՎԵՐԺ
ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ]

7 դեկտեմբերի 1988… ընդամենը յոթը վայրկյան: Սակայն չդիմացավ, ծնկեց յոթը եկեղեցիների քաղաքը: Արդեն քսանիններորդ անգամ Գյումրիում հարգեցին ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը: Թեպետ քսանինը տարի է մեզ բաժանում այդ ահեղ վայրկյաններից, բայց յուրաքանչյուր օր մեր ժողովրդի համար ոգեկոչման ու խնկարկման օր է, հոգեւոր երթ դեպի վեր հառնած հուշարձաններ, ծնրադիր խոնարհումով աղոթք՝ բարձրացված անմեղ զոհերի հոգիների համար:

Արդեն քսանինը տարի, գյումրեցիների հետ, «Շիրակ» գերեզմանատուն են բարձրանում հազարավոր մարդիկ, եւ Գյումրի են այցելում հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ: Համայն հայությունը, ի Հայաստան եւ ի Սփյուռս աշխարհի, մեկ անգամ եւս ապրում է ծանրագին կորստի ցավը եւ վերստին հայոց եկեղեցիներից, Տիրոջ ամենաառատ ողորմության ու գթության հայցով, խնկաբույր աղոթք է բարձրանում առ Աստված՝ հանուն ահավոր երկրաշարժի բյուր-բյուրավոր զոհերի հոգիների խաղաղության:

Հարգանքի տուրք մատուցելու համար Գյումրի էին եկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, «ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ամեն տարի դեկտեմբերի 7-ին Գյումրիում է լինում, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, նախկին պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պաշտոնատար այլ այրեր, տարբեր կառույցների ղեկավարներ ու աշխատակիցներ, Գյումրիում ՌԴ հյուպատոսը, ռուսական սահմանապահ զորքերի ու 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներ:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Առաջնորդանիստ Ս. Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց հիշատակի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը: Հավարտ սրբազան արարողակարգի կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Ոգեկոչման Սուրբ Պատարագ մատուցվեց եւ հոգեհանգստյան կարգ կատարվեց նաեւ Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում:

ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻ ՄՈՏ

Առավոտյան ժամը 11:41-ին, ճիշտ այն ժամին, երբ տեղի ունեցավ ահեղ երկրաշարժը, հոգեւորականց սգո թափորը, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի գլխավորությամբ, մարզպետի, քաղաքապետի եւ ԱԺ պատգամավորների հետ, Ս. Աստվածածին մայր եկեղեցուց, ուղղվեց Վարդանանց հրապարակ՝ աղետից խոնարհված, բայց այսօր վերակառուցված, Ս. Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ գտնվող, «Անմեղ զոհերին եւ գթության սրտերին» հուշարձան-կոթող, որն աղետը հիշեցնող խոսուն վավերագիր է եւ ապագայի, հույսի, սիրո, հավատի մարմնացում, մահվան նկատմամբ կյանքի տարած հաղթանակի խորհրդանիշ: Այո, անվարան է մեր հավատը՝ դարերի հոլովույթում բազում փորձություններ հաղթահարած, բազում մահեր ոտնակոխած:

ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԿԱՐԳ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, քաղաք այցելած կառավարական պատվիրակությունն ու հյուրերը ծաղկեպսակներ զետեղեցին եւ ծաղիկներ խոնարհեցին, երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող, հուշակոթողին, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

Այնուհետեւ, ձեռամբ թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, կատարվեց հոգեհանգստյան հատուկ կարգ՝ զոհվածների հոգիների խաղաղության համար:

Ցավ ի սիրտ խոսք ուղղելով ներկաներին՝ Սրբազան Հայրն առանձնակի նշեց. «Քսանինը տարի անց, մեզ՝ գյումրեցիներիս եւ բոլորիս համար անհրաժեշտ պայման է դառնում աշխատանքը, քրտինքը եւ լավատեսությունը: Տա Աստված, որ բոլորիս քրտինքով, աշխատանքով, գործով, համառությամբ, տքնանքով, նվիրումով, զոհողությամբ, երեսնամյակը փակենք՝ վերջնականապես մոռացած աղետի հետեւանքները: Եվ երեսնամյակը դառնա նոր սկիզբ: Հիշենք մեր ննջեցյալներին, որոնց չպետք է մոռանանլ երբեք, բայց նայենք նաեւ մեր ապրողներին, որովհետեւ արդեն կա մի նոր սերունդ, որ երկրաշարժը հիշում է մեր աչքերի մեջ նայելով: Տա Աստված, որ իրենք ստեղծեն այն նոր Հայաստանը եւ նոր Գյումրին, որը չի տեսնի ողբերգություն, չի ունենա զոհ:

Աստված հոգիները լուսավորի մեր ննջեցելոց. ամեն»:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները