ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔԻ ԷԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՆՁՆՎԵՑ
րբ
երկու տարի առաջ երկու անչափահաս երեխաների մայր Ռեգինա Առուստամյանը
դիմեց սոցիալ-կրթական կենտրոն` որպես շահառու գրանցվելու եւ սոցիալ-հոգեբանական
օգնություն ստանալու խնդրանքով, չէր էլ կարող պատկերացնել, որ, թակելով
կենտրոնի դուռը, գտնում է բանալի` որոշ ժամանակ անց սեփական բնակարանի
դուռը բացելու համար:
Տարիներ
շարունակ ժամանակավոր կացարանը մշտական բնակության հարմարեցնելու
անհուսալի փորձերից հետո, այնուամենայնիվ, չհուսահատված երիտասարդ
մայրը մասնակցեց կենտրոնի մասնագիտական ուսուցումներին՝ ձեռք բերելով,
աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող, հմտություններ: Արդյունքում,
համագործակցելով Գյումրու զբաղվածության կենտրոնի հետ, լուծվեց նրա
աշխատանքի խնդիրը: Նա աշխատանքի ընդունվեց «Լենտեքս» ընկերությունում:
Որպես սոցիալ-կրթական կենտրոնի շահառու` Ռեգինա Առուստամյանին տրամադրվում
էր նաեւ ավստրալահայ բարերարների նյութական աջակցությունը: Սակայն
առավել հրատապ էր բնակարանի հարցի լուծումը. երեխաներին տնակից «ազատագրել»
էր անհրաժեշտ: Յոթը տարի տնակում ապրելուց հետո նրանք վերջապես,
նոյեմբերի 10-ին, բնակարանամուտ նշեցին:
Երեք սենյականոց, կոմունալ բոլոր հարմարություններն ունեցող բնակարանը
ձեռք է բերվել ավստրալահայ հասարակական ու մշակութային գործիչ, Հայ
Առաքելական Եկեղեցու Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի թեմական խորհրդի
փոխնախագահ Ստեփան Գրքաշարյանի եւ նրա տիկնոջ՝ Հիլդա Գրքաշարյանի
անձնական միջոցներով: Գյումրի այցի ժամանակ բարերարը հանդիպել էր
Շիրակի թեմի Առաջնորդի հետ ու մեկ ընտանիքի բնակարան նվիրելու ցանկություն
հայտնել: Ըստ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն
Ղարիբ Հարությունյանի՝ ընտանիքի ընտրությունը եւս բարերարներինն
է եղել:
Թեեւ բնակարանը սոցիալական է եւ ընտանիքի սեփականությունը չի համարվում,
սակայն Ռեգինա Առուստամյանի համար կարեւորը դա չէ, այլ նորմալ բնակարանում
ապրելու հնարավորությունը: Ի դեպ՝ բնակարանն ընտանիքին տրամադրվել
է անժամկետ եւ անվարձահատույց: Երիտասարդ կնոջը հուսահատվելու առիթ
էր տալիս ընտանիքի անօթեւանի կարգավիճակ չունենալը:
Նոր
տան հարմարություններից ամենաշատն ուրախացել էր յոթը տարեկան Աշոտը,
ով, առաջին իսկ հնարավորությունն օգտագործելով, ընտրեց իր սենյակը,
ուր ամեն ինչ իր համար նորություն էր: Շատ ուրախ էր նաեւ ութնամյա
Կարինեն: «Այս նոր տանը շատ լավ է, մեծ է ու լուսավոր: Եղբայրս իր
առանձին սենյակն ունի, իսկ ես ու մայրիկս՝ մերը»,-անկեղծացավ Կարինեն`
միայն ափսոսալով, որ ստիպված է դպրոցը փոխել:
Ռեգինայի ընտանիքը Գյումրի է տեղափոխվել Բաքվից, քսանինը տարի առաջ,
երբ նա ութ ամսական էր: Հայրը՝ Ղարիբ Առուստամյանը, զոհվել է Արցախի
ինքնապաշտպանության ժամանակ: Այսօր նրա անունն է կրում Շիրակի մարզի
Ողջիի միջնակարգ դպրոցը:
Ռեգինան նախ մոր հետ էր տնակում ապրում, ապա արդեն` ամուսնու հարազատների:
Իսկ երբ ընտանեկան խնդիրների պատճառով բաժանվել են, Ռեգինան, երկու
զավակների հետ, առանձին տնակում է ապրել: «Սա երազ է ինձ համար,
երբեք չեմ էլ համարձակվել երազել, որ երեխաներիս հետ բնակարանում
եմ ապրելու: Այդ դժվարություններն էին, երեւի, պատճառը, որ հիմա
ամուսնուս հետ միասին չենք»,- նշեց երիտասարդ կինը՝ հույս հայտնելով,
որ նոր օջախում իր ընտանիքի համար այսուհետ միմիայն ուրախություն
կլինի:
Բնակարանամուտի ուրախությունն ընտանիքի հետ կիսեցին «Գյումրին առանց
տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Միքայել
եպս. Աջապահյանը, խորհրդի անդամները, Շիրակի փոխմարզպետ Հարություն
Արշակյանը եւ բարերարների վստահված անձը՝ Սարգիս Համբարձումյանը:
Հավելենք, որ սա Գրքաշարյան ընտանիքի առաջին բարեգործական քայլը
չի Հայաստանում: Նրանք անցյալ տարի Քարվաճառում կառուցել են հայոց
բանակի երկու հոգեւոր սպասավորների կացարանը:
2016 թվականին կայացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ Հայորդյաց
տների սաների դեկորատիվ կիրառական աշխատանքների մրցանակաբաշխության
ամփոփումը: Հաղթողները համակարգիչներ ստացան Գրքաշարյան ընտանիքի
կողմից: Վերջիններս հոգում են նաեւ Հայաստանում սովորող երկու ուսանողի
ֆինանսական խնդիրները՝ վճարելով ուսման վարձը:
Նշենք նաեւ, որ Սիդնեյի համալսարնում գործում է «Գրգաշարյան եւ Կայիկյան»
հիմնադրամը, որը կրթաթոշակներ է տրամադրում, հովանավորում հայոց
պատմությանն ու մշակույթին, Եկեղեցու պատմությանը եւ, առհասարակ,
հայությանն առնչվող թեմաներին նվիրված թեկնածուական, դոկտորական
ատենախոսությունների հեղինակներին, ինչպես նաեւ ցանկացած աշխարհահռչակ
հայի յուրաքանչյուր օգտաշատ աշխատանք:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՄԽՈՅԱՆ
ԵՍԹԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
>>>
|
|