Աղօթքն առանձնութիւն մըն է
մարդերէն,
ըլլալու համար սակայն միացում, գէթ մօտեցում
մը Աստուծոյ:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 10 (210), Հոկտեմբեր 2017 թ.  


 

       

ԲԱՑՎԵՑ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ «ՃՌՃՌԱՆ» ԳՐԱՏՈՒՆԸ

ոկտեմբերի 14-ը Գյումրի քաղաքում մի նոր ուրախության լույս վառեց` համընկնելով Սրբոց Թարգմանչաց տոնի հետ:

Շիրակի թեմի առաջնորդարանում բացվեց հոգեւոր գրականության եւ հուշանվերների գրատուն: Այն անվանվեց «Ճռճռան», որն իր մեջ մի հին եւ մոռացված խորհուրդ ուներ: Նախկինում` Խորհրդային Միության տարիներին, այս նույն վայրում գործում էր մի խանութ, ուր կտորեղեն եւ օծանելիք էր վաճառվում: Խանութի հատակը մաշվածությունից ճռճռում էր, ուստի գյումրեցիները, այն հեշտ մտապահելու համար, անվանել էին ճռճռան խանութ: Մեկ խոսքով՝ Գյումրվա կոլորիտային շենքի տեսքը պահպանվել է, իսկ խանութի անվանումը՝ վերածնվել:

Հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետի որդին` «Բալասանյան ընտանիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Սուրբ Յոթվերք եկեղեցու այս տարվա խաչքավոր Խաչատուր Բալասանյանը, ով Առաջնորդ Սրբազանի միտքը գործի վերածեց: Հիմնադրամի ֆինանսավորմամբ կատարվեցին գրատան վերանորոգման եւ կահավորման աշխատանքները:

Հրավիրյալների թվում էին մարզպետարանի եւ քաղաքապետարանի մշակույթի բաժնի ներկայացուցիչները, մարզային եւ քաղաքային գրադարանների, թանգարանների, դպրոցների տնօրեններն ու աշխատակիցները, արվեստագետներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, առաջնորդարանի, ՍԿԿ-ի աշխատակիցներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, իր օրհնաբեր խոսքով, ներկայացրեց գրատան կարեւորությունը Գյումրի քաղաքում եւ, վերջինիս անվան հետ կապված, հին ու բարի հիշողություններով կիսվեց ներկաների հետ՝ առանձնակի շեշտելով. «Գիտեք, որ Խաչատուր Բալասանյանն այս տարի եղավ Սուրբ Յոթվերք եկեղեցու խաչքավորը եւ, իբրեւ խաչքավորի պարտականություն, իրեն խնդրեցինք, որ այս հատվածը նորոգվի «Բալասանյան հիմնադրամ»-ի միջոցներով:

Եվ, ուրեմն, ծրագրին հավանություն տրվեց, մի քանի ամիսների ընթացքում նորոգման աշխատանքներն իրականացվեցին: Անշուշտ Խաչատուրը չէր, որ միայն մասնակցեց, նաեւ իր եղբայրը՝ Միսաքը, մասնակից եղավ այս նախաձեռնությանը: Բնականաբար, պարոն քաղաքապետին էլ հատուկ շնորհակալություն՝ լավ որդիներ կրթելու համար»:

Այնուհետեւ, Շիրակի մարզպետի, Գյումրու քաղաքապետի որդու, Հասմիկ Կիրակոսյանի շնորհավորական խոսքերից հետո, Սրբազան Հայրը եւ Խաչատուր Բալասանյանը կտրեցին գրատան կարմիր ժապավենը:

Գրատանը հնչում էր հոգեպարար երաժշտությունը՝ թավջութակի կենդանի ձայնը, որն ապահովում էր հյուրերի ջերմ եւ ուրախ տրամադրությունը: Գեղեցիկ զարդարված սեղանների մոտ զրնգացին տոնական բաժակներ եւ հնչեցին շնորհավորական խոսքեր: Հյուրերը շտապեցին առաջին գնումները կատարել եւ իրենց հետ տուն տանել գրքեր ու հուշանվերներ:

Բոլորի համար վաղուց սպասված եւ ցանկալի մի անկյուն էր սա Գյումրու սրտում, քանզի գիրքն ու գրականությունը միշտ էլ, պատմա-մշակութային ժառանգության համակարգում, քաղաքակրթությունների միջեւ շփման կարեւոր օղակ են հանդիսացել:

Նաեւ հայտնի է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, իր կազմավորման վաղ ժամանակաշրջանից ի վեր, պահապանն է հանդիսացել հայ ժողովրդի ստեղծած մշակութային բացառիկ արժեքների:

«Ճռճռան գրատան» նպատակն է քրիստոնյաների, ուխտավորների մոտ հետաքրքրություն առաջացնել հոգեւոր գրականության նկատմամբ՝ զարգացնելով պատմա-մշակութային արժեհամակարգը, որովհետեւ գաղտնիք չէ, որ տեղեկացված, հավատքով զինված եւ ներդաշնակությամբ օժտված անձը կարող է դիմակայել ցանկացած փորձության:

ԼԵՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները