Ոսկի թելն է կյանքը, օղակներ ենք մենք: Օղակները կկոտրվեն եւ կգնան: Վայ այն օրվան, որ շղթան կոտրվի, ոսկի թելը կտրվի: Այն ժամանակ է, որ մարդկությունը կանգ կառնի, եւ մենք այլեւս թանգարանված մի ազգ կդառնանք։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

«ՈՂՈՐՄԵԱ ԻՆՁ ԱՍՏՈՒԱԾ ԸՍՏ ՄԵԾԻ ՈՂՈՐՄՈՒԹԵԱՆ ՔՈՒՄ…»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԿՐԱՇԵՆՈՒՄ

ուլիսի 30-ին Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը հերթական հովվական այցով եղավ Ախուրյան համայնքի Կրաշեն գյուղում, որը գտնվում է Ախուրյանից 18 կմ հյուսիս-արեւմուտք, իսկ Գյումրիից՝ 25 կմ հյուսիս-արեւելք, Շիրակ լեռնաշխարհի հյուսիսային փեշերին:

ԿՐԱՇԵՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Նախկինում գյուղը կոչվել է մի շարք անուններով՝ Ախյոլի, Ախքիլիսե, Աղքիլիսա, որ նշանակում է «Սպիտակ բերդ» (այդ անունով է կոչվել՝ հավանաբար կրի հանքը նմանեցվելով բերդի):

Կրաշեն է վերանվանվել 1967 թվականին: Հիմնադրել են Էրզրումի նահանգի Պզտի-Տուզ գյուղից, Մուշից եւ Բասենից 1820-ական թվականներին գաղթածները: Գյուղի անվանումն ինքնին հուշում է, որ այն եղել է կրով հարուստ բնակավայր եւ խորհրդային տարիներին ունեցել է կրի հզոր արտադրություն, որը հիմնականում օգտագործվել է ոչ միայն Հայաստանում, այլեւ արտահանվել Ռուսաստան, Վրաստան: Հանքը գործարկվել է 1927 թվականից մինչեւ 1988-ի երկրաշարժը:

Այնուհետեւ հին գյուղը տեղափոխվել է նոր գյուղատեղի, թեեւ նախկին տեղում այսօր էլ բնակվում են մի քանի ընտանիքներ:

Տեղաբնակների խոսքերով՝ այստեղ նախկինում ապրել են մի քանի ասորի ընտանիքներ եւ գյուղն ավելի շատ ամառանոց է հանդիսացել: Հովասուն կլիմայով, սառնորակ աղբյուրներով եւ ծառաշատ գեղատեսիլ մի վայր է:

Այժմ Կրաշենում բնակվում է 300 ընտանիք:

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

1859 թվականի կառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին աստվածամերժ տարիներին օգտագործվել է որպես հացահատիկի պահեստ: 1988-ի ահեղ երկրաշարժից, ինչպես տարածաշրջանի շատ գյուղերի, այնպես էլ այստեղի, աղոթատունը խոնարհվել է: Փլված մասի քարերը տեղաբնակներն օգտագործել են իրենց կարիքների համար: Այժմ մնացել է եկեղեցու հյուսիսային պատը՝ մկրտության ավազանով եւ երեք խաչքարերով: Ըստ երեւույթին դրանից մեկը մուտքի դռան բարավորի խաչքարն է:

ԲԱՑՕԹՅԱ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Առաջնորդ Սրբազանին, խոնարհված եկեղեցու բակում, դիմավորեցին ավանդական աղ ու հացով: Այնուհետեւ Կրաշենի հոգեւոր հովիվ Տ. Նարեկ քհն. Անտոնյանը, գյուղապետ Արտուշ Սիմոնյանը, դպրոցի տնօրեն Մարինե Սարգսյանը հանդիսավորաբար առաջնորդեցին դեպի խոնարհված եկեղեցի:

Այս էլ երկրորդ անգամ է, ձեռամբ Միքայել Սրբազանի, այստեղ մատուցվում Սուրբ Պատարագ: Հանդիսապետ Սրբազան Հայրը եւ հոգեւորականաց թափորն աղոթատուն մուտք գործեցին «Հրաշափառ»-ի հոգեզմայլ հնչյունների ներքո, ուր մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, «Տէր ողորմութեան, զգործ ձեռաց մի առնէր» բնաբանով, պատարագիչ Սրբազան Հայրը հոգեշահ քարոզ խոսեց՝ մանրամասնելով օրվա համապատասխան սուրբգրային ընթերցվածը: Ի լրումն օրվա խորհրդի՝ ներկաներն ստացան Սուրբ Հաղորդություն:

Այնուհետեւ, դպրոցի հանդիսությունների սրահում, «Հայկական զարդանախշեր» համույթը (պարուսույց՝ Բագրատ Հովհաննիսյան) հանդես եկավ համերգային գողտրիկ հայտագրով:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները