Ոսկի թելն է կյանքը, օղակներ ենք մենք: Օղակները կկոտրվեն եւ կգնան: Վայ այն օրվան, որ շղթան կոտրվի, ոսկի թելը կտրվի: Այն ժամանակ է, որ մարդկությունը կանգ կառնի, եւ մենք այլեւս թանգարանված մի ազգ կդառնանք։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

«ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾ, ՈՐ ԵԿԻՐ Ի ՓՈԽՈՒՄՆ ՄՕՐ ՔՈ ԵՒ ԿՈՒՍԻ,
ՈՂՈՐՄԵԱ ՄԵԶ»
ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ

«Կենդանի տապանակ կտակարանաց նորոյ ուխտիս, որով ելք յերկիր աւետեաց հորդեալ հոգւով ի քեզ տպաւորեալ Բանին, վասն որոյ ամենեքեան»:
ՇԱՐԱԿՆՈՑ

այաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին օգոստոսին տոնախմբում է հիշատակը հարյուրամյակներ առաջ տեղի ունեցած մի դեպքի, որ կապված է մեր Տիրոջ մոր եւ Ընդհանրական Եկեղեցու մեծագույն բարեխոս սրբերից մեկի՝ Աստվածամայր Սուրբ Կույսի, դեպի երկինք Վերափոխման հիշատակության հետ:

ԸՍՏ ԱՎԱՆԴՈՒԹՅԱՆ

Հայ Եկեղեցին դարերի ընթացքում մշտապես անդրադարձել է Աստվածամորը՝ իբրեւ մարդկային ցեղի, իբրեւ մայրության, առ Աստծո խոսքը հնազանդության գերագույն եւ կատարյալ օրինակի:

Սուրբ Կույսի վերափոխման հետ կապված դեպքերը հայտնի են քրիստոնեության ամենավաղ ժամանակներից եւ հաստատվել են 582 թ., Մավրիկիոս կայսեր կողմից: Իր միածին Որդու համբարձումից հետո Աստվածամայրն օրեր շարունակ անց էր կացնում պահքի ու աղոթքի մեջ: Հաճախ գնում էր Տիրոջ թափուր գերեզմանն ու ծնկաչոք աղոթում:

Գողգոթա կատարած իր այցելություններից մեկի ժամանակ նրա առջեւ հայտնվում է Գաբրիել հրեշտակապետը՝ արմավենու ճյուղը ձեռքին, որպես խաղաղության խորհրդանիշ եւ ավետում Սուրբ Կույսի՝ երկրային աշխարհից «ի վերին Երուսաղեմ» գնալու մասին: Ըստ Ս. Գրիգոր Տաթեւացու՝ «պսակը (բրաբիոն) նման էր արմավենու ճյուղերին եւ հինգ խորհուրդ ուներ: Նախ հավաստիացնում էր Կույսի՝ այս աշխարհից վերափոխվելը: Երկրորդ՝ նշանակում էր Աստծո դրախտը եւ Սրբուհու այնտեղ, այսինքն՝ Աստծո երկնավոր դրախտ գնալը: Երրորդ՝ որ առաքյալները տեսնեն եւ Նրա առաջ օրհնություններ վերառաքեն: Չորրորդ՝ նշանակում էր աշխարհին ու ամենայն չարին հաղթելը: Հինգերորդ՝ որպեսզի արմավենու ճյուղերից նշան լիներ»:

Սուրբ Կույս Աստվածածնի մեջ հանդիպեցին մարդ եւ Աստված, եւ Ս. Մարիամով վերցվեց նախատինքը կնոջ վրայից: Մեր Տերը եւ Փրկիչը Ս. Կույսից վերցրեց այն ամենը, ինչը բնորոշ է մարդուն, բացի մեղքից: Հետեւաբար՝ կինը վերստին օրհնվեց Ս. Աստվածածնի՝ նմանը չունեցող խոնարհության, նվիրումի եւ սրբության շնորհիվ:

Եվ պատահական չէ, որ Ս. Կույսին հաճախ անվանում են Նոր Ուխտի տապանակ, քանզի Հին Ուխտի տապանակը, գիտենք, իր մեջ կրում էր Սրբություն Սրբոց Աստծո ներկայությունը, իսկ Ս. Կույսի պարագայում ինքն իսկ է կենաց ծառը, որ իր մեջ կրում ու պտղաբերում է կենաց Պտուղը՝ Հիսուս Քրիստոսին:

ՆԱԽԱՏՈՆԱԿ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԻՐԱՑ ՀՐԱՇԱԳՈՐԾ ՊԱՏԿԵՐԸ

Օգոստոսի 12-ին՝ երեկոյան ժամերգությունից հետո, հայոց բոլոր եկեղեցիներում, այդ թվում եւ Սուրբ Յոթվերքում կատարվեց նախատոնակ: Հոգեւորականաց թափորը, սուրբգրային ընթերցվածներով, շարականների երգեցողությամբ եւ սաղմոսասացությամբ, հանդիսավորաբար Ս. Աստվածածին եկեղեցուց դուրս բերեց Ս. Յոթվիրաց պատկերը եւ ուղղվեց դեպի Վարդանանց հրապարակ: Այստեղ թափորապետ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանը, հավատացյալների խուռներամ բազմության ներակայությամբ, կատարեց անդաստան՝ Ս. Խաչով եւ Ս. Ավետարանով օրհնելով երկրի չորս ծագերը:

Սրբազան արարողությանը ներկա էին Երեւանից, Ջավախքից եւ Վրաստանի այլ շրջաններից եկած մեծաթիվ ուխտավորներ:

ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Օգոստոսի 13-ին, տոնի ուրախ առիթով, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց Գյումրու Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հակոբ եկեղեցիներում եւ Ս. Սարգիս, Ս. Հռիփսիմե, Ս. Մինաս մատուռներում:

Սուրբ Կույսի բարեխոսությանը վերստին դիմելու ակնկալությամբ Ս. Աստվածածին եկեղեցում ի մի էին եկել հավատացյալ հայորդիներ, ուր Վերափոխման Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Ի լրումն օրվա խորհրդի՝ մեծաթիվ հավատացյալներ ստացան Սուրբ Հաղորդություն:

ԿԱՐԳ ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔԻ «ԵՍ ԵՄ ՃՇՄԱՐԻՏ ՈՐԹԱՏՈՒՆԿԸ…»

Երբ Տերն ասում է, թե Ինքն է ճշմարիտ որթատունկը (Հովհ. ԺԵ 1), վկայում է, որ Նոր Ուխտի ընտրյալ ժողովուրդը՝ Նոր Իսրայելը, որ սերում է Իրենից, քրիստոնյաների միությունն է՝ Եկեղեցին, Իր խորհրդական մարմինը: «Խաղողենին Սուրբ Եկեղեցու խորհրդանիշն է: Ինչպես որթի արմատներից են սկիզբ առնում ու սնվում ճյուղերը, նույնպես եւ Քրիստոս գլուխն է Եկեղեցու (Եփես. Ե 23), Ումից դուրս են գալիս ճյուղերը՝ Եկեղեցիները, որոնք սուրբ ու զորավոր, կենսունակ ու պտղաբեր են»:

Ահավասիկ այս խորհուրդներով էր, որ Հայոց Եկեղեցում նախապատվությունը տրվեց խաղողին, որն էլ ամեն տարի՝ Ս. Աստվածածնի Վերափոխման տոնին, Ս. Պատարագից հետո, օրհնվում եւ բաշխվում է հավատացյալ հայորդիներին «… որպեսզի, այս նյութական պտղի ճաշակման հետ, ճաշակողներիս հոգիներին միանա Քո օրհնության իմանալի շնորհը՝ ընդունելով մաքրություն եւ մեղքերի թողություն, որպեսզի դրա միջոցով արժանի լինենք ճաշակելու նաեւ Կենաց ծառի պտուղը, որը բոցեղեն սրով հրամայեցիր պահել քերովբեների դասին» (Ս. Ներսես Շնորհալի):

Ըստ էության՝ խաղողօրհնեքը ոչ մի աղերս չունի Սուրբ Աստվածածնի վերափոխման հետ: Թերեւս այն առնչվում է մարդկության կյանքում՝ Տիրամոր ունեցած դերի մասին, քրիստոնեական ըմբռնման հետ:

Հավարտ Ս. Պատարագի, ձեռամբ Տ. Թաթուլ ավագ քհն. Հակոբյանի, Գյումրու Վարդանանց հրապարակում կատարվեց խաղողօրհնեքի կարգ: Վերջում օրհնված պտուղը բաժանվեց ներկա հավատացյալներին:

Արդ, եկեք աղոթենք, որ Աստվածամայրը դառնա մեր բարեխոս եւ միջնորդ մայրը, որպեսզի, այդ միջնորդության եւ բարեխոսության արդյունքում, Տերը եւ Փրկիչը թագավորի մեր կյանքում, եւ այն դառնա Տիրոջ փառաբանության ճշմարիտ ընթացք: Աստվածամոր մշտամրմունջ բարեխոսությունը թող ամենքիս պարգեւի շնորհք, սեր եւ խաղաղություն:

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Օգոստոսի 14-ին, առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները