Ոսկի թելն է կյանքը, օղակներ ենք մենք: Օղակները կկոտրվեն եւ կգնան: Վայ այն օրվան, որ շղթան կոտրվի, ոսկի թելը կտրվի: Այն ժամանակ է, որ մարդկությունը կանգ կառնի, եւ մենք այլեւս թանգարանված մի ազգ կդառնանք։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 7 (207), Հուլիս 2017 թ.  


 

       

ԱՊԱՇԽԱՐԵՆՔ ԿԱՌՈՒՑԵԼՈՎ
ԿՐԱՍԱՐ ԳՅՈՒՂՈՒՄ ՕԾՎԵՑ ՍՈՒՐԲ ԲԱՐՍԵՂ ԵԿԵՂԵՑԻՆ

արերի հոլովույթում՝ մայրական անսահման գթասրտությամբ, Եկեղեցին իր շուրջն է հավաքել հավատացյալ զավակներին, հոգածու գուրգուրանքով մխիթարել, հույս եւ սեր ներարկել հայորդիների սրտերում եւ հաճախ, չնայած նրանց խոտոր ու անկանոն ընթացքին, ներել է եւ կրկին իր գիրկն առել: Արդարեւ, մարդու կյանքն արժեւորվում եւ իմաստ է ձեռք բերում, երբ անհատն այդ կյանքն ապրում է Աստծո հետ: Այս հավատքով ու համոզմունքով է ամեն անգամ իր օծյալ Սուրբ Աջը բարձրացնում Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել Եպս. Աջապահյանը՝ վերաօծելու կամ օծելու յուրաքանչյուր աղոթատուն:

Հուլիսի 29-ը պատմական օր էր Շիրակի մարզի Աշոցք համայնքի Կրասար գյուղի բարեպաշտ հավատացյալների համար: Մարդաշատ էր գյուղի նորակառույց Սուրբ Բարսեղ եկեղեցու բակը: Տոնական տրամադրությամբ համակված՝ ներականերն ի մի էին եկել՝ ականատես լինելու աղոթատան օծման հանդիսավոր արարողությանը, որ կատարվեց ձեռամբ թեմակալ Առաջնորդ Միքայել Սրբազանի:

Կրասար (նախկինում՝ Կուրդուբուլաղ, Ղուրդուբուլաղ) գյուղը Շիրակ աշխարհի հին բնակավայրերից է: Բնակիչների նախնիները եկել են Արեւմտյան Հայաստանի Ղարսի, Բինգյոլի եւ Մուշի վիլայեթներից: Կրասար է վերանվանվել 1946 թվականի նոյեմբերի 10-ին:

Գյուղի դաշտային մասում կա հանքային աղբյուր, որը կրասարցիներն անվանում են «Ջերմուկ»: Այն ունի բուժիչ հատկություն եւ ամեն տարի Վարդավառի տոնը նշվում է այստեղ:

Կրասարում է ծնվել գուսան Շահենը՝ 1909 թվականին:

ԺԹ ԴԱՐԻ ԱՂՈԹԱՏՈՒՆԸ

Կրասարի կենտրոնում էր գտնվում 19-րդ դարի աղոթատունը, որը ժամանակի ընթացքում խարխլվել եւ բոլորովին քանդվել է:

Փոխարենը՝ 1988 թվականից հետո, գյուղի բնակիչները կառուցել են մի աղոթատուն, որը ոչ միայն ժամանակին չի օծվել, այլ նաեւ կառուցվել է ճարտարապետական շեղումներով: Չնայած այս ամենին՝ եկեղեցում մատուցվել են Սուրբ Պատարագներ:

Աստվածամերժության 70 տարիներն անզոր եղան առաքելական հավատքի դիմաց: Կրասարցիները հավատարիմ մնացին իրենց «ժամին»՝ ապրելով լուսաշող գալիքի հույսով: Նախկինի տեղում այսօր կառուցել են նոր աղոթատուն՝ սակայն չպահպանելով հայկական ճարտարապետական լուծումները: Այդուհանդերձ գովելի է նման մոտեցումը, քանի որ, ի տարբերություն շատ գյուղական համայնքների, կրասարցիները, սեփական միջոցներով ու ջանքերով, կարողացել են կառուցել նոր աղոթատուն՝ ի շահ իրենց զավակների քրիստոնեական ու բարեպաշտ դաստիարակության:

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Աղոթատան արեւմտյան կողմում է գտնվում նորակառույց Ս. Բարսեղ եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել էր դեռեւս 2016 թվականին՝ դարձյալ ձեռամբ Սրբազան Հոր: Ճիշտ մեկ տարի անց արդեն հավատավորին է ներկայանում ամբողջական կառույցը: Եկեղեցու վերաբացման առաջին քայլը զանգի օծումն էր, որը տեղի ունեցավ Գյումրու Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում՝ ձեռամբ թեմակալ Առաջնորդի եւ մասնակցությամբ հոգեւորականաց դասի: Կառուցվել է մեկենասությամբ գործարար Գառնիկ եւ Գագիկ Պապիկյանների եւ նրանց որդիներ Տարոնի եւ Տավրոսի:

Եկեղեցին կառուցված է կարմիր սրբատաշ տուֆաքարերով: Ունի մեկ դուռ: Արեւմտյան կողմում գտնվում է զանգակատունը կամ ժամատունը, որի վրա բարձրանում է գեղեցկաշեն կաթողիկեն՝ ութ սյուներով. Ս. Խաչով ու զանգակով: Հարավային կողմում կան երեք նեղ երկարավուն լուսամուտներ, դռան աջ ու ձախ կողմերում՝ եւս երկուսը: Արեւելյան կողմում կիսակլոր աբսիդն է՝ երկու խորաններով, բարձր բեմով եւ կլորավուն լուսամուտը՝ Ս. Սեղանը լուսավորելու համար: Հյուսիսային կողմում է գտնվում մկրտության ավազանը:

Արեւմտյան պատին առկա է հետեւյալ արձանագրությունը «Ի Հայրապետութեան Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի Ամենայն Հայոց եւ յառաջնորդութեան Տ. Միքայել եպս. Աջապահեանի կառուցաւ եկեղեցիս յանուն Ս. Բարսեղի Հայրապետին՝ արդեամբք եւ ծախիւք Գառնիկ եւ Գագիկ Պապիկեան եղբարց եւ որդւոցն Տաւրոսի եւ Տարօնի ի յիշատակ հօրն իւրեանց Բարսեղի եւ քեռն Անահտայ ի թուին Հայոց ՌՆԿԶ եւ յամի Տեառն 2017»:

Ի մոտո եկեղեցու կա խաչքար՝ դեղադրված 2017 թվականին:

ԼՎԱՑՈՒՄ ԵՎ ՕԾՈՒՄ

Օրն արեւոտ էր ու խնկաբույր…

Վաղուց այդպիսի օր չէր եղել Կրասարում: Առավոտյան մարդաշատ էր եկեղեցու բակը: Հավատավոր կրասարցիները եւ հարակից գյուղերի բնակիչները եկել էին՝ ներկա գտնվելու նորոգ կառուցյալ եկեղեցու օծման հանդիսավոր արարողակարգին: Հավուր պատշաճի զգեստավորված հոգեւորականաց դասը, հանդիսապետությամբ Առաջնորդ Սրբազանի եւ ուղեկցությամբ Կրասարի հոգեւոր հովիվ Տ. Հարություն քհն. Պետրոսյանի, մուտք գործեց եկեղեցի, ուր քիչ հետո սկսվելու էր սրբազան արարողակարգը:

«Ուրախ լեր» շարականի երգեցողությամբ հանդիսավոր թափորն առաջնորդվեց դեպի եկեղեցու դուռը: Հենց մուտքի մոտ, դրսի կողմից, համաձայն «Մաշտոց» ծիսարանի, ընթերցվեցին Սուրբգրային հատվածներ ու համապատասխան սաղմոսներ: Դռան մոտ Սրբազան Հայրը, հոգեւորականաց դասը, ինչպես նաեւ ներկա մեծաթիվ բարեպաշտ կրասարցիներ, ծնրադիր, Տիրոջից հայցեցին «Բաց մեզ Տէր, զդուռն ողորմութեան…»:

Շարականի երգեցողությունից հետո, Տիրոջ ողորմածությամբ բացված, դռնից ներս մտան բոլոր ներկաները: Սկսվեց եկեղեցու լվացումը՝ սաղմոսների ու հոգեւոր շարականների երգեցողության ներքո. լվացվեց ողջ աղոթատունը նախ սովորական ջրով, ապա՝ գինով: Որից հետո հանդիսավորաբար կատարվեց օծումը: Աղոթքների երգեցողությամբ, ձեռամբ Առաջնորդ Սրբազանի, Սրբալույս Մյուռոնով համապատասխանաբար օծվեցին եկեղեցու չորս անկյունները, սյուները, սեղանը, մկրտության ավազանը, իսկ վերջում Տ. Հարություն քհն. Պետրոսյանը նախ ջրով ու գինով լվաց խաչը, ապա համապատասխան ընթերցվածներից հետո, հանդիսադիր Սրբազան Հայրը տյառնագրեց «զակն», «զթագն», «աջ եւ ահեակ թեւսն ու զբունն…»: Օծելով նորակառույց եկեղեցին՝ Միքայել Սրբազանն այն անվանեց Ս. Բարսեղ:

Հավարտ սրբազան արարողակարգի՝ բոլորը խոնարհվեցին նորաօծ Ս. Նշանի առջեւ, որը քիչ հետո զարդարելու էր եկեղեցու գագաթը: Ապա ներկաներին իր հայրական պատգամ-հորդորը հղեց Սրբազան Հայրը՝ գոհություն հայտնելով Ամենակալ Տիրոջը, Ում կամքով ու ողորմությամբ կառուցվեց աղոթատունը: Այնուհետեւ օրհնության խոսք հղեց բարերարներին, որոնց նվիրյալ եւ աստվածահաճո աշխատանքով քար առ քար վեր բարձրացավ եկեղեցին, որ նոր լիցք եւ վերելք է բերելու համայնքին՝ հրավիրելով աղոթքի, աստվածապաշտության, հոգեւոր նորոգության, ազնիվ ու արդար գործերի: Ավարտելով խոսքը՝ Սրբազան Հայրն ասաց. «Ամեն կիրակի, երբ այստեղ Ս. Պատարագ մատուցվի, եկեղեցին պետք է լեցուն լինի…: Թող Աստված օրհնի մեզ, բոլորիդ օջախները, Կրասար գյուղը, բնակիչներին, ողջ Հայաստան աշխարհը եւ համայն հայ ժողովրդին»:

ՆԵՐԿԱ ԷԻՆ

Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը, բարերարներ Գագիկ եւ Գառնիկ Պապիկյանները, Ողջիի, Ջրաձորի, Բանդիվանի եւ հարակից գյուղերի ներկայացուցիչներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Գյումրիից, Արաբական Էմիրությունից, հանրակրթական դպրոցի տնօրենը, ուսուցչական կազմը եւ մեծաթիվ կրասարցիներ: Վերջում, եկեղեցուն կից հանդիսությունների սրահում, Պապիկյան եղբայրների կողմից տրվեց հյուրասիրություն եւ կատարվեց մատաղօրհնություն:

Հենց Եկեղեցու բակում, գեղարվեստական հայտագրով հանդես եկավ «Հայկական զարդանախշեր» պարի համույթը (պարուսույց՝ Բագրատ Հովհաննիսյան):

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները