Մարդը հանդիպումն է երկնքի եւ երկրի: Այսօր էլ նրա մէջ նիւթական աշխարհն ու յաւիտենական ճշմարտութիւնը հանդիպում են իրար…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 6 (206), Հունիս 2017 թ.  


 

       

«ՀՈՒՅՍՈՎ ՈՒՐԱԽԱՑԵՔ, ՆԵՂՈՒԹՅԱՆ
ՀԱՄԲԵՐԵՑԵՔ, ՀԱՃԱԽԱԿԻ ԱՂՈԹԵՑԵՔ»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԳՅՈՒՄՐՈՒ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՈՒՄ

«Տրտմություններն ու փորձությունները, մեզ հետ պատահած տխրությունները, ոչ պակաս, քան բարիքները, բացահայտում են մեր նկատմամբ Աստծու ունեցած խնամակալությունը»։
Ս. ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ

ունիսի 24-ին՝ Ս. Ներսես Մեծ Հայրապետի եւ Խադ եպիսկոպոսի հիշատակի ոգեկոչման ուրախ առիթով, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Գյումրու տուն-ինտերնատում։

Որ հայրը կամ մայրը չի սպասում իր զավակին։ Ամենավատ զավակն անգամ ծնողի համար սիրելի է։ Մարդուն ծնող է տալիս Աստված՝ տալով նաեւ ծնողին հարգելու, պատվելու պատվիրանը։ Անշուշտ միշտ էլ վտանգ կա, որ, մեծանալուն պես, զավակը կարող է արհամարհել եւ լքել ծնողներին։ ՀՀ-ում տիրող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետեւանքով, որոշ պատճառաբանություններով կամ պատասխանատվությունից խուսափելով, շատ զավակներ իրենց ծնողների կյանքը լցրել են դառնությամբ՝ մոռանալով, որ մեծերն առանց երեխաների եւ երեխաներն առանց մեծերի գոյություն ունենալ չեն կարող, քանզի ընտանիքը մարդկային կյանքի կենտրոնն է, Աստծո ստեղծագործության ամբողջացումը։ Բնականաբար մենք իրավունք չունենք դատել ծնողներին անտեսող զավակներին, բայց կամենում ենք հիշեցնել աստվածապարգեւ տասը պատվիրաններից մեկը. «Պատվիր քո հորն ու մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ» (Ելք Ի 12)։

Տուն-ինտերնատում օթեւանածներից շատերը կարող էին իրենց արեւմարքն ապրել ընտանեկան ջերմ հարկի տակ, սակայն, ապաշնորհ զավակների պատճառով, այժմ հեռու են սեփական ընտանիքից։ Որոշ դեպքերում նրանց տնից դուրս են արել կամ տուն-տեղ վաճառել եւ անօթեւան են մնացել։

Սակայն զավակները պետք է հնարավորինս ամեն ինչ անեն ծնողների համար։ Նրանք պարտավոր են փայփայել նրանց, հոգ տանել՝ հիշելով ավետարաական ահազդու խոսքը. «Այն աչքը, որ արհամարհում է հորը եւ անարգում է մոր ծերությունը, ձորերի ագռավները պիտի հանեն, եւ արծիվների ձագերը պիտի հոշոտեն…» (Առակ Լ 17)։ Ինչպես որ մեր երկնավոր Հորը չենք կարող հատուցել Նրա բոլոր բարերարությունների, հոգատարության ու ողորմության համար, այնպես էլ անհատույց են մեր ծնողների արածները։

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Տուն-ինտերնատում, ուր ապրում են 160 խնամյալներ, անհամբերությամբ ու կարոտով էին սպաում պատվարժան այցելուներին։ Բակում Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանին դիմավորեցին հաստատության հոգեւոր հովիվ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը, տնօրեն Ներսես Մարգարյանը եւ առաջնորդեցին տեղի հանդիսությունների սրահ, ուր, ձեռամբ Սրբազան Հոր, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Հընթացս սրբազան արարողության՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Սրբազանը՝ շեշտելով որ, թեպետ ողորմությունը մարդու համար է կատարվում, սակայն ողորմություն կատարողի վերջնական նպատակն Աստծուն հաճոյանալն է։ Ցանկացած ողորմություն վերջ ի վերջո Տիրոջն է ուղղված։ Աստված գտնում է, որ ողորմությունն Իր համար է արված։ Ըստ այսմ՝ Աստվածորդին ասում է. «Քանի որ Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, Ինձ համար արեցիք»։

Սուրբ Պատարագից հետո, հենց հանդիսությունների սրահում, գեղարվեստական գողտրիկ հայտագրով հանդես եկավ «Հայկական զարդանախշեր» պարի համույթը (պարուսույց՝ Բագրատ Հովհաննիսյան)։

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները