Մարդը հանդիպումն է երկնքի եւ երկրի: Այսօր էլ նրա մէջ նիւթական աշխարհն ու յաւիտենական ճշմարտութիւնը հանդիպում են իրար…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 6 (206), Հունիս 2017 թ.  


 

       

«ԶԳԱԼՈՒՍՏ ՀՈԳՒՈՅՆ ՕՐՀՆԵՍՑՈՒՔ, ՀՈԳՒՈՅՆ ՍՐԲՈՅ
ՕՐՀՆԵՍՑՈՒՔ ԶԳԱԼՈՒՍՏ»
ՀՈԳԵԳԱԼՍՏՅԱՆ ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

«Սարսափելի հողմոյ նըման ահեղագոչ սաստիկ հընչմամբ Երեւեցար ի Վերնատանն Հոգիդ դասուն երկոտասան, Որք առ ի Քէն մըկըրտեցան, որպէս ոսկի հրու մաքրեցան, մաքրեա ի մէնջ զմէգ մեղաց եւ ըզգեցո ըզլոյս փառաց»։
ՇԱՐԱԿՆՈՑ

ուրբ Զատկից հիսուն օր անց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է իր ամենանշանակալից տոներից մեկը՝ Հոգեգալուստը. ինչպես Ս. Հովհան Ոսկեբերանն է ասում. «Սուրբ Հոգին, այս նշանավոր տոնին, իջավ, որպեսզի Խաչելության ժամանակ Նրա անարգանքը տեսնողները տեսնեն եւ Նրա փառքը»։ Հոգեգալստյան տոնը կատարվել է դեռեւս առաքելական շրջանից եւ համարվել է հրով մկրտություն, որով մկրտվեցին առաքյալները։ Սուրբ Գրիգոր Տաթեւացին էլ, նկատի ունենալով բոցեղեն լեզուները, գրում է, որ «այն կարծրերը հալեցնում է, իսկ թույլերը՝ պնդացնում»։ Ինչպես որ հրից մետաղը հալվում է, իսկ կավը՝ թրծվում, այնպես էլ Սուրբ Հոգին հալեցրեց անհավատների սրտերը եւ հավատքի բերեց, իսկ առաքյալներին կարծրացրեց, ամրացրեց իրենց հավատքի մեջ, որ ողջ աշխարհով աներկյուղ քարոզեն Ավետարանը։

Սուրբ Հոգին գործում է ամենուր եւ ամեն ժամ, բանական է, մտավոր, կենդանի եւ կենդանացնող։ Նրա համար ժամանակի եւ տարածության մեջ սահմաններ գոյություն չունեն։ Ըստ Սուրբ Հայրերի՝ յոթը շաբաթ անց Ս. Հոգու Էջքը խորհրդանշում է յոթնարփյա շնորհները, որք են՝ իմաստություն, գիտություն, զորություն, հանճար, խորհուրդ, աստվածապաշտություն եւ երկյուղ, որոնք տրվեցին առաքյալներին։ Նոր Կտակարանում հրաշալի դեպքերի ու երեւույթների ոսկեհուռ շղթան ամբողջացնում է հոգեգալստյան դրվագը։ Ճշգրտված թվականով այն պատահել է 30 թ. մայիսի 28-ին։

Առանց Սուրբ Հոգու գալստյան՝ Աստվածորդու երկրային գործունեության մասին հստակ պատկերացում չէր լինի։ Առանց Ս. Հոգու միջամտության՝ այդքան արագորեն չէր տարածվի Ավետարանի ուսմունքը, իսկ մարդկային սովորական ուժերն ի զորու չէին լինի հաղթահարել բազում արգելքներ։ Եվ, ի վերջո, Աստծո Խոսքը, մարգարեների եւ առաքյալների կողմից, մեզ հայտնի դարձավ հենց Սուրբ Հոգու օգնությամբ։ Այն ամուր կնիք է Քրիստոսի Սուրբ Եկեղեցու յուրաքանչյուր անդամի վրա։ Ս. Հոգին մեզ ուսուցանող Վարդապետ է. «Նա ձեզ ամեն բան կուսուցանի եւ ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի» (Հովհ. ԺԴ 26)։

Հավելենք նաեւ, որ հնում մեկ օր էր միայն տոնվում Հոգեգալուստը, բայց 12-րդ դարում Սուրբ Ներսես Շնորհալին սահմանել է ամբողջ շաբաթ ի պատիվ Սուրբ Հոգու՝ ճոխացնելով այդ տոնը հատուկ ընթերցվածներով ու շարականներով։

Հոգեգալստյան տոնի ուրախ առիթով՝ հունիսի 4-ին, Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավագ քհն. Առաքելյանը։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը։

Սուրբ Պատարագի ընթացքում մեր Տիրոջ կենարար Մարմնին եւ Արյանը հաղորդվեցին մեծաթիվ բարեպաշտ հավատացյալներ։

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները