Մարդը հանդիպումն է երկնքի եւ երկրի: Այսօր էլ նրա մէջ նիւթական աշխարհն ու յաւիտենական ճշմարտութիւնը հանդիպում են իրար…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 6 (206), Հունիս 2017 թ.  


 

       

«ՈՐ ՀԱՍՏԱՏԵՑԵՐ ԲԱՆԻՒ ԶԵԿԵՂԵՑԻ ՔՈ,
ՔՐԻՍՏՈՍ Ի ՎԵՐԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՎԻՄԻ…»
ՎԵՐԱՕԾՎԵՑ ԲԱՆԴԻՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ

իրակի տարածաշրջանը, հատկապես վերջին տարիներին, բնութագրվում է պաշտամունքային կառույցների՝ եկեղեցիների, մատուռների, հոգեւոր կենտրոնների կառուցման քանակական եւ տարածքային լայն ընդգրկմամբ։

Եկեղեցի կառուցել նշանակում է հավատարմություն դրսեւորել մեր անցյալի հոգեւոր ժառանգության հանդեպ։ Քրիստոնյայի երկրավոր կյանքի ճանապարհն ուղեւորություն է դեպի այդ օրհնյալ հանգրվանը, որին, առանց Եկեղեցու առաջնորդության, անհնար է հասնել, քանզի «Չիք փրկութիւն յարտաքոյ Եկեղեցւոյ»։ Յուրաքանչյուր նորաօծ եկեղեցու հետ մեր կյանքում բացվում է երկնային շնորհների եւ օրհնության մի նոր աղբյուր՝ զորացնելով առ Աստված հավատքը եւ առավել հաստատուն դարձնելով հույսը դեպի փրկություն։

Այս հավատով ու համոզմունքով է ամեն անգամ իր օծյալ աջը բարձրացնում թեմակալ Առաջնորդ Միքայել Սրբազանը՝ վերաօծելու կամ օծելու մի նոր աղոթատուն։

ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ

Ախուրյան գետի ձախ ափին, ծովի մակարդակից 1940 մ բարձրության վրա է գտնվում Ամասիա համայնքի Բանդիվան (նախկինում՝ Պենտեվան) գյուղը։ Այստեղ, հայր եւ որդի Գենիկ եւ Դավիթ Կարապետյանների բարերարությամբ, վերակագնվել է 19-րդ դարի եկեղեցին՝ հիմնականում պահպանելով իր նախկին տեսքը։ Կառույցին ավելացվել են նորերը։

Կառուցվել է զանգակատուն, տեղադրվել խաչքար, որոնք ոչ միայն ամբողջացնում են եկեղեցու տեսքը, այլ նաեւ ապահովում սեյսմակայունությունը։ 1909 թվականին կառուցված եկեղեցին, որ նախկինում կոչվել է Ս. Աստվածածին. բազիլիկատիպ, երկարավուն, քառանկյունի հատակագծով մի կառույց է։ Կառուցված է սրբատաշ սեւ տուֆաքարով։ Բարեկարգվել է նաեւ բակը։ Այժմ գետինը պատված է հարթ սալաքարերով (նախկինում՝ հողապատ, տանիքը՝ փայտածածկ)։

Երկայնական պատերի ներսից հնգական փայտյա սյուներ են։ Եկեղեցին ունի մեկ դուռ՝ հարավային կողմում։ Արեւելյան կողմում կիսակլոր աբսիդն է՝ բարձր բեմով, երկու խորաններով եւ փոքրիկ լուսամուտը՝ Սուրբ Սեղանը լուսավորելու համար։ Եկեղեցու արեւմտյան կողմում է գտնվում զանգակատունը կամ ժամատունը, որի վրա բարձրանում է գեղեցկաշեն կաթողիկեն՝ ութ սյուներով եւ Ս. Խաչով։ Հավելենք նաեւ, որ զանգակատան խաչը եւ զանգն օծվել են 2016 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ձեռամբ թեմակալ Առաջնորդի։ Ս. Խաչ եկեղեցին զարդարված է որմնանկարներով։ Եկեղեցուն կից երիցատունն է։

ԴՌՆԲԱՑԵՔ ԵՎ ՕԾՈՒՄ

Վաղ առավոտից մարդաշատ էր եկեղեցու բակը։ Ներկաներին հիշողությունները հեռուներն էին տանում։ Ավագ սերնդակիցների դեմքին անպատմելի ու անասելի մի խաղաղություն էր իջել։ Նրանց շուրթերն աղոթք էին մրմնջում։ Բյուր աղոթք նրանց, ովքեր կերտեցին Աստծո այս տոնը…

Հունիսի 1-ին, հավատավոր բանդիվանցիները եւ հարակից գյուղերի բնակիչները եկել էին՝ ներկա գտնվելու աղոթատան վերաօծման հանդիսավոր արարողակարգին։ Հավուր պատշաճի զգեստավորված հոգեւորականաց դասը, հանդիսապետությամբ Առաջնորդ Սրբազանի, ինչպես նաեւ ներկայությամբ Գյումրու Ս. Նշան եւ Ս. Հակոբ եկեղեցիների հոգեւոր հովիվներ Տ. Նշան քհն. Պանֆյորովի եւ Տ. Վարուժան քհն. Տերտերյանի, գյուղի հոգեւոր հովիվ Տ. Զարեհ քհն. Աշուրյանի, մուտք գործեց եկեղեցի, ուր քիչ հետո սկսվելու էր սրբազան արարողակարգը։

Նախ, Սրբազան Հոր ձեռամբ, կատարվեց դռնբացեքի ավանդական կարգը։ «Բաց մեզ Տեր» հոգեզմայլ շարականի երգեցողությունից հետո հանդիսավորաբար բացվեց աղոթատան դուռը։ Այնուհետեւ, սաղմոսասացությամբ եւ շարականների երգեցողության ուղեկցությամբ, Տ. Միքայել եպս. Աջապահյանը կատարեց, նախօրոք ջրով ու գինով լվացված, եկեղեցու օծումը։ Սրբալույս մյուռոնով համապատասխանաբար օծվեցին եկեղեցու չորս անկյունները, սյուները, սեղանը եւ մկրտության ավազանը։ Այնուհետեւ Սրբազան Հայրը նորոգ օծյալ եկեղեցին վերանվանեց Ս. Խաչ։

Սրբազան արարողակարգից հետո՝ օրվա ուրախ առիթով, բարեխնամ Առաջնորդն իր օրհնության խոսքն ու հայրական պատգամը հղեց արարողության մասնակիցներին, բարերարներին, շինարարին եւ բարեպաշտ բանդիվանցիներին։ Սրբազան Հայրն առանձնակի շեշտեց, որ բոլորի հոգին ցնծում է՝ ի տես այն արարողության, որ մի քանի րոպեներ առաջ կատարվեց եւ ավարտին հասցվեց. «Բոլորս գիտենք, որ եկեղեցին փրկության տապանն է, որն այս կյանքի խռովահույզ ծովում մեզ առաջնորդում է դեպի խաղաղության հանգրվան՝ դեպի փրկության բաղձալի նավահանգիստ, որն Աստված է պարգեւում։ Երբ գաք այստեղ եւ աղոթք առաքեք առ Աստված, հիշեք բարերարներին, եկեղեցին կառուցողներին, հոգեւոր հովիվներին եւ բոլոր նրանց, ովքեր Աստծո օրհնության կարիքն ունեն»։

Շարունակելով խոսքը՝ Միքայել Սրբազանը նշեց, որ օծման այս հոգեզվարթ եւ լուսավոր, օրը մտաբերում է Առաքյալի աստվածաշունչ խոսքերը, թե «…ամենայն ոք, որ Տիրոջ անունը կանչի, կփրկվի» (Հռովմ. Ժ 13)։ «Այս հավատքով մեր ժողովուրդը դիմակայել է պատմության փորձություններին, ի զորու եղել վեր հառնել մահվան ճիրաններից եւ նոր կյանք կառուցել…։ Հավատում եմ, որ, մեր Տիրոջ Ս. Խաչի անունը կրող, այս եկեղեցին միշտ լեցուն պիտի լինի բանդիվանցիներով եւ ձեր աղոթքներով, ձեր հավատավոր ընթացքով Աստծո շնորհներն ու օրհնությունը պիտի առատանանն մեր կյանքում…։ Բնականաբար՝ պիտի շնորհակալություն հայտնենք բարերար Կարապետյաններին։ Այստեղ տեսնում եմ նաեւ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին, ով միշտ կանգնած է մեր կողքին եւ իր ներկայությամբ պատվել է մեզ, մարզային իշխանության ներկայացուցիչներին։ Շնորհակալություն պետք է հայտնենք նաեւ բոլորիդ։ Ձեր աղոթքները նույնպես նպաստեցին, որ այս եկեղեցին կառուցվի։ Ամեն կիրակի, երբ այստեղ Ս. Պատարագ մատուցի Տ. Զարեհը, եկեղեցին պետք է լեցուն լինի…։

Մեզ համար այսօր մեծ ուրախություն է, որ բանդիվանցիների տարիների երազանքն իրականություն դարձավ։ Բանդիվանի անշուք, խեղճ ու կրակ, լքված եկեղեցին հիմա արդեն հրաշալի տեսք ունի։ Այն տարիներ առաջ եկեղեցի չէր հիշեցնում. տասնութ տարի առաջ, երբ առաջին անգամ եկա այս եկեղեցի, ցավ ու ողբ ապրեցի, քանի որ եկեղեցին գոմի էր վերածվել։ ճիշտ է, տարածքը մաքրվեց, բայց այս ողջ տարիների ընթացքում երազել ենք, որ այն իրական աղոթատեղիի վերածվի։ Այսօր, բարերարի շնորհիվ, ունենք այնպիսի բարենորոգված եկեղեցի, որի մասին չենք երազել, բայց սրանով ամեն ինչ ավարտված չէ, այլ նոր է սկսվում»,-իր խոսքում նշեց թեմակալ Առաջնորդը՝ հորդորելով բանդիվանցիներին հավատքով շարունակել եկեղեցի այցելել, պսակ ու կնունք անել։

ՆԵՐԿԱ ԷԻՆ

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, բարերարներ Գենիկ եւ Դավիթ Կարապետյանները, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, Ողջիի, Ջրաձորի եւ հարակից գյուղերի ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցի տնօրենը, ուսուցչական կազմը, աշակերտներ եւ մեծաթիվ բանդիվանցիներ։

Վերջում, եկեղեցուն կից երիցատանը, Կարապետյան եղբայրների կողմից, տրվեց հյուրասիրություն եւ կատարվեց մատաղօրհնություն։

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները