Աղօթելն Ասոուծոյ հետ հաղորդութեան այն պահն է, որ մարդուն միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, հոգին կազնուացնէ եւ կամքը կը լարէ դէպի բարին։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 5 (205), Մայիս 2017 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ԵՐԵՎՄԱՆ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Ի յերկնից երեւեալ նշանն յաղթութեան այսօր, հեթանոսաց ծագեաց լոյսն ողորմութեան»։
ՇԱՐԱԿՆՈՑ

ոնը հիշատակությունն է Երուսաղեմի երկնքում խաչանման լույսի՝ Քրիստոսի հաղթական եւ Սուրբ Խաչի նշանի երեւման։ Խաչը, դեռեւս Հռոմեական կայսրության ժամանակ, մահապարտներին անարգելու, նախատելու միջոց էր, դատապարտության գործիք։ Խաչելությունը ոչ միայն անպատվաբեր վախճան էր, այլեւ համարվում էր ամենաանմարդկային պատժատեսակներից մեկը։ Եվ միայն Քրիստոսի խաչելությամբ այն վերածվեց կյանքի խորհրդի, եւ մարդն օժտվեց նոր արարած լինելու հնարավորությամբ. «Որեւէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է, նա այլեւս այն չէ, ինչ նախապես էր, որովհետեւ նա ամբողջությամբ նորոգվեց…» (Բ ԿՐ. Ե 17)։

Անշուշտ, Տիրոջ փրկագործ խաչը հաշտության նշան է մարդու եւ Աստծո միջեւ։ Ինչպես ադամական մեղքով մարդը զրկվեց աստվածային շնորհներից եւ ճաշակեց մահը, այնպես էլ Քրիստոսի Խաչով անմահացավ եւ, Նրա Սուրբ Հարությամբ, դարձավ հավիտենականության ժառանգորդը։ Խաչի տոնը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է տարին չորս անգամ, որոնցից երրորդը՝ Սուրբ Խաչի երեւման տոնը, այս տարի նշվեց մայիսի 14-ին։

351 թ. մայիսի 7-ին, երբ Երուսաղեմի հայրապետն էր Սուրբ Կյուրեղը, իսկ Հռոմի կայսրը՝ Կոստանդիանոսի որդի Կոստանդինը, Երուսաղեմի երկնքում երեւաց Տիրոջ նշանը` արեւի լույսին ձուլված, որն ասես հիշեցնում էր մարդկային ցեղի փրկությունը՝ Խաչի վրա Քրիստոսի հեղած անմեղ Արյամբ, ինչպես նաեւ Նրա հավիտենական ներկայությունը։ Դրանով, կարծես, կատարվեց Մատթեոս Ավետարանչի խոսքն այն մասին, թե «երկնքի վրա Մարդու Որդու նշանը պիտի երեւա» (ՄՏ. ԻԴ 30)։

Երկնային այս հրաշքի առիթով Կյուրեղ Երուսաղեմացին նամակ ուղարկեց Կոստանդին Բ կայսրին։ Այս իմանալով` Կոստանդին կայսրը զղջաց եւ դարձի եկավ` վերստին վերագտնելով իր կորցրած հավատը…։ Այդ նամակը հինգերորդ դարում թարգմանվեց հայերեն եւ մինչ օրս, Ս. Խաչի երեւման տոնին, ընթերցվում է հայոց եկեղեցիներում։ Ըստ Ս. Հովհաննես Իմաստասերի՝ «պաշտոն եւ երկրպագություն ենք մատուցում ոչ թե Խաչի նյութին, այլ Աստծո զորությանը, որ անբաժանելիորեն միաձուլված է նրա հետ, քանի որ նյութն աստվածային զորությամբ եւ օծմամբ ներկա էր Իր Խաչի, Իր պատկերի եւ Իր անվան մեջ»։

Ուրեմն՝ Տիրոջ փրկչական սուրբ նշանին զորավիգ լինելով, քրիստոնյային վայել սիրով ու հավատով, հետեւենք Խաչի հավիտենական լույսին եւ անդադար, մեր սուրբ հայրերի աղոթք դարձած մաղթանքը վեր առաքելով, ասենք. «Խաչ քո եղիցի մեզ ապաւէն, Տէր Յիսուս, յորժամ երեւիս փառօք Հոր ընդ ամպս լուսաւորս»։

14 մայիսի։ Սուրբ Խաչի երեւման տոնի ուրախ առիթով Ս. Նշան եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Նշան քհն. Պանֆյորովը։ Նույն օրը Ս. Հակոբ եկեղեցում եւս, տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ձեռամբ Տ. Ռուբեն քհն. Գասպարյանի։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնեց եւ հավուր պատշաճի ոգեշինիչ քարոզ խոսեց Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը։

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները