Աղօթելն Ասոուծոյ հետ հաղորդութեան այն պահն է, որ մարդուն միտքը կը լուսաւորէ, սիրտը կը զօրացնէ, հոգին կազնուացնէ եւ կամքը կը լարէ դէպի բարին։

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 5 (205), Մայիս 2017 թ.  


 

       

«ԹԱԳԱՒՈՐ ՄԵԾ Ի ՎԵՐԱՅ ԱՄԵՆԱՅՆ ԵՐԿՐԻ
ԱՍՏՈՒԱԾ Է, ՍԱՂՄՈՍ ԱՍԱՑԷՔ ՆՄԱ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՄԲ»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՋՐԱՁՈՐՈՒՄ

«Լցցուք մեք ի բարութենէ տան քո,
սուրբ է տաճար քո սքանչելի
արդարութեամբ»։
ՇԱՐԱԿՆՈՑ

30 ապրիլի։ Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի։ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, հերթական հովվական այցով, եղավ Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր (նախկինում՝ Թալինք, Ջալաբ) գյուղում, որ գտնվում է Ամասիայից 6 կմ հարավ-արեւմուտք, իսկ Գյումրիից՝ 17 կմ հյուսիս-արեւելք, Ախուրյան գետի ափին։

ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Տարածվում է ոչ մեծ սարահարթի վրա, խոր ձորի եզրին։ Հովասուն կլիմայով, սառնորակ աղբյուրներով վայր է։ Թե երբ է հիմնադրվել, հայտնի չէ։ Ենթադրվում է, որ ավերվել եւ ամայացել է մոնղոլական արշավանքների հետեւանքով։ 19-րդ դարասկզբին թուրք-արաբական ծանր լծից ազատագրվեցին ինչպես Շիրակի արեւելյան, այնպես եւ հյուսիսային կողմի գյուղերը, այդ թվում՝ Ջրաձորը։

1827 թվականի հաշտության դաշնագրով ռուսներին իրավունք է վերապահվում, Թուրքիայի տիրապետության տակ գտնվող, Կարսի, Մուշի, Բասենի եւ Էրզրումի հայերին վերաբնակեցնել Շիրակում՝ թուրքերի, արաբների ու թաթարների կողմից ամայացված վայրերում։ Ջրաձորում Մուշից եւ Վերին Բասենից գաղթած հայերը հաստատվեցին 1829-30 թթ.։ Գյուղն սկզբում կոչվել է Թալինք, ապա Ջալաբ, որ թարգմանաբար նշանակում է անասուն վաճառող։ 1946 թ. նոյեմբերի 12-ին, Գերագույն Խորհրդի որոշմամբ, Ջալաբը վերանվանվել է Ջրաձոր։ Գյուղի սահմաններում չկան արժեքավոր պատմական հուշարձաններ։ Այսօր Ջրաձորում կա 80 ծուխ՝ 347 բնակչով։

ԺԹ ԴԱՐԻ Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ

1835 թվականին կառուցված եկեղեցին բազիլիկ տիպի շինություն է։ Աստվածմերժության տարիներին այն օգտագործվել է որպես հացահատիկի պահեստ։ Եկեղեցու արեւելյան կողմում կիսակլոր աբսիդն է՝ բարձր բեմով եւ կից փոքրիկ խորաններով։ Պահպանվել են եռաստիճան որմնախարիսխը եւ որոշ բարձրությամբ նաեւ՝ պատերը։ Երկայնական պատերի ներսից առկա են, ուղղանկյուն հիմքով, հնգական որմնասյուներ, որոնք իրար են կապել թաղակիր կամարները եւ գլխավոր մուտքը՝ հարավից։ Պատերը շարված են մեծ չափերի սեւ եւ վարդագույն սրբատաշ տուֆաքարերով, կրաշաղախով։ Եկեղեցու ներսում կան սրբատաշ քարեր, խաչքարերի քանդակազարդ բեկորներ։

Ցայսօր խոնարհված եկեղեցին գլխահակ օգնություն է հայցում՝ տարիներ շարունակ կռիվ տալով բնության տարերքի ու մարդու անտարբերության դեմ, նաեւ փնտրում աստվածավախ սրտեր ու հոգատար ձեռքեր։ Ընդհանուր եւ բավական ընդարձակ գերեզմանատունը գտնվում է գյուղի հյուսիսային կողմում, բարձրադիր վայրում։ Այստեղ ուշադրության են արժանի կարմիր տուֆաքարե մահարձաններն ու կոթողները։ Ջրաձորի շրջակայքում կան կիկլոպյան ամրոցի (II-I հազարամյակ Ք.ա.) ավերակներ։

ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԱՂ ՈՒ ՀԱՑՈՎ

Ջրաձորի ԺԹ դարի խոնարհված Ս. Գեւորգ եկեղեցու մոտ Սրբազան Հորը դիմավորեցին մեծ շուքով, ավանդական աղ ու հացով։ Դիմավորողների թվում էին Ամասիայի շրջանի հոգեւոր հովիվ Տ. Զարեհ քհն. Աշուրյանը, Ջրաձոր գյուղի վարչական ներակայացուցիչ Գեւորգ Հովակյանը, հանրակրթական դպրոցի տնօրեն Հրայր Հարությունյանը, ուսուցչական կազմը, դպրոցականներ եւ բարեպաշտ ջրաձորցիներ։ Բարեողջույնի խոսքերից հետո պատվարժան հյուրերին առաջնորդեցին դեպի խոնարհված եկեղեցի, ուր քիչ հետո մատուցվելու էր Սուրբ եւ անմահ Պատարագ։

ԲԱՑՕԹՅԱ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Այս էլ երկրորդ անգամ, ձեռամբ Սրբազան Հոր, այստեղ մատուցվում է Սուրբ եւ անմահ Պատարագ։ Թեմակալ Առաջնորդը եւ հոգեւորականաց թափորը, «Հրաշափառ»-ի երգեցողությամբ, մուտք գործեցին աղոթատուն, ուր մատուցվեց եպիսկոպոսական Սուրբ Պատարագ։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Սրբազան Հայրը, «Եւ Բանն Աստծո աճեր» բնաբանով, օրվան համահունչ քարոզ խոսեց՝ ներկաներին հորդորելով վերադառնալ նախնյաց ճշմարիտ հավատքին, եւ այդ հավատքը հաստատել գործերով։

«Այս եկեղեցին պիտի վերակառուցվի։ Ամեն տարի եթե մի քար դնեինք, անկախության այս քսանյոթ տարիների ընթացքում մի բան ավելացված կլիներ այստեղ…»,- իր խոսքում շեշտեց բարեխնամ Առաջնորդը։ Հընթացս Սուրբ Պատարագի թե՛ մեծահասակները եւ թե՛ երեխաներն ստացան Սուրբ Հաղորդություն։

Այնուհետեւ ներկաներն ուղղվեցին Ջրաձորի հանրակրթական դպրոց, ուր եւ հանդիսությունների սրահում, գեղարվեստական գողտրիկ հայտագրով, հանդես եկավ «Հայկական զարդանախշեր» պարի համույթը (պարուսույց՝ Բագրատ Հովհաննիսյան)։

Վերջում Գեւորգ Հովակյանի տանը տրվեց փոքրիկ հյուրասիրություն։

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները