Ապրիլեան նահատակներու ոգեկոչման այս նուիրական պահուն ամէն մարդ կոչուած է իր հոգիին խորը իջնելու ու հարց տալու ինքն իրեն. «Ո՞վ եմ ես»։ Ե՞մ այն, ինչ նահատակներս կուզեն որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ Աստուած կուզէ որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ իմ հայութիւնը կուզէ որ ըլլամ…

 
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 4 (208), Ապրիլ 2017 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

«Զի կեանս յաւիտենական ետ մեզ Աստուած,
եւ այս են կեանքն, որ յՈրդին նորա են»։
Ա ՀՈՎՀ. Ե 11

իրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, Մեծ Պահքի օրերի խոկումներով ու խորհրդով, մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի չարչարանքների ու խաչելության իրադարձությունների ապրումներով, այսօր հասել ենք Փրկչի հրաշափառ Հարության լուսափայլ օրվան, որը տոնում ենք հոգու բերկրանքով ու խնդությամբ։ Արդարեւ՝ անսահման է ուրախությունն այսօր մեր հոգիներում, քանզի Քրիստոսի Հարությամբ մահը խորտակվեց, եւ մարդկանց տրվեց պարգեւը հավիտենական կյանքի, երկնքի արքայության։ «Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ. եւ այդ այն կեանքն է, որ Նրա Որդու մէջ է»։ Հովհաննես Առաքյալի այս խոսքերով Մեր պատգամն ենք բերում ձեզ, սիրելի՛ հավատացյալներ, որ հավաքված եք Մայր Տաճարում, եւ համայն մեր ժողովրդին՝ ի հայրենիս եւ ի սփյուռս։ Արդեն բացված են մեր եկեղեցիների սուրբ խորանների վարագույրները՝ խորհրդանշելով, որ բաց են հավիտենության դռները։ Հնչում է ավետիսը Փրկչի Հարության՝ ազդարարելով, թե ամեն ոք, ով ունի փափագը, քաղցն ու ծարավը երկնքի արքայության, կարող է ժառանգել՝ ընդունելով այն կյանքը, որ Քրիստոսի մեջ է։

Քրիստոսի Հարությամբ մարդուն տրվել է զորությունը հարուցյալ կյանքի, մեղքն ու չարիքը վանելու, իր նմանի հանդեպ սիրով ու ողորմածությամբ երկրային կյանքը լցնելու երկնային օրհնությամբ ու շնորհներով, երկնային արքայության պատկերը հաստատելու աշխարհում, որտեղ թագավորում են արդարությունն ու ճշմարտությունը, առատանում՝ խաղաղությունն ու խնդությունը։ Քրիստոսի պարգեւած հարուցյալ կյանքի մեջ չկան տագնապներ, բռնություն ու պատերազմներ, աղքատություն ու թշվառություններ, տարաբնույթ մոլություններ, որոնք ցավ ու տառապանք են պատճառում մարդկանց, օտարացնում միմյանցից, բեւեռացնում հասարակությունները, ծնում աղետներ։ Այս ամենը, սակայն, շարունակում են մնալ աշխարհում, քանզի մարդկային սրտերը հաճախ, սիրուց պարպված, շահամոլությունից կարծրացած ու անձնակենտրոն, անարձագանք են մնում հարուցյալ նոր կյանքի կոչին։ Մինչդեռ խաչելությունները հարությամբ պսակելու, դժվարություններից ու նեղություններից, վշտերից ու չարչարանքներից հառնելու ուղին քրիստոսակենտրոն կյանքն է, որ, խաղաղարար ոգով, բարի գործերով, պարկեշտ ընթացքով, Առաքյալի խոսքի համաձայն, առաջնորդում է դեպի հավիտենություն. «Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ. եւ այդ այն կեանքն է, որ Նրա Որդու մէջ է»։

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, երկրային այս կյանքը տրված է մեզ որպես ժամանակ՝ Աստծո փրկարար կամքի վկայությունը բերելու, Աստծո պատվիրաններն ու պատգամներն իրագործելու մեր իրականության մեջ, մեր ընտանիքներում, մեր երկրում, մեզ շրջապատող աշխարհում։ Մեր կյանքն արժեք ու բովանդակություն է ստանում Քրիստոսի մահվան ու Հարության խորհրդի լույսի ներքո։

Պողոս Առաքյալն ուսուցանում է՝ ասելով. «Եւ նա մեռաւ բոլորի համար, որպէսզի նրանք, որ կենդանի են, միայն իրենց համար կենդանի չլինեն, այլեւ Նրա համար, ով մեռաւ եւ յարութիւն առաւ իրենց համար» (Բ Կր. Ե 15)։ Ապրել Քրիստոսով եւ Քրիստոսի համար. ահա այս է փրկարար ուղին մեր կյանքի, հիմքը, պայմանն ու երաշխիքը թե՛ որպես անհատ եւ թե՛ որպես հավաքականություն մեր հոգեւոր աճի ու զորացման, նաեւ՝ մեր հայրենիքի առաջընթացի ու զարգացման, աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության ու լուսավոր գալիքի։

Այսօր բազմաթիվ խնդիրների առջեւ է կանգնած մեր երկիրը. մեր սահմաններում անկայուն է խաղաղությունը, տակավին հաղթահարված չեն աղքատությունն ու գործազրկությունը, հրամայական է արտագաղթի կանխումը եւ մեր ժողովրդի զավակների դարձը դեպի հայրենիք։ Հանդիման այս մարտահրավերների՝ մեր ժողովուրդն ունի վսեմ հատկանիշները հայրենանվիրումի, ազգասիրության, ընտանիքի նվիրականության, ծնողի հանդեպ սիրո, ունի հանձնառություն զոհողությունների՝ հանուն իր սրբազան արժեքների։ Մենք ի զորու ենք անառիկ պահել հայրենի սահմանները, բարօր ու բարգավաճ դարձնել մեր երկիրը, բացառել ազգային մեր կյանքից բոլոր տագնապներն ու ցնցումները։ Մեր կյանքի ընթացքը, մեր կենսակերպը մեզ ոչ թե պիտի ջլատի, պառակտի, այլ՝ միավորի եւ դարձնի համախումբ՝ դիմագրավելու համար մեր կյանքի մարտահրավերներն ու փորձությունները եւ լավատեսությամբ իրականություն դարձնելու ազգային մեր տեսիլքները։ Մենք Քրիստոսի ժողովուրդ ենք, մեր հավատը, որ Քրիստոս հարություն է առել, անհուսությունը փոխում է հույսի, տկարությունը՝ ուժի, անտարբերությունը՝ նախանձախնդրության, արծաթսիրությունը՝ բարեգործության, եւ ծառայությանն ու աշխատանքին միախառնում է նվիրումի ու հանձնառության ոգին։ Այս փոխակերպությանն ենք կոչված, որով միայն կարող ենք անկորուստ պահել մեր երկիրն ու ազգային կյանքը եւ հաղթանակներ արձանագրել մեր ժողովրդի ու հայրենիքի բարօրության ու առաջընթացի պայքարում։

Արդ՝ սիրելի բարեպաշտ ժողովուրդ, բոլորս՝ պաշտոնյա, աշխատավոր, զինվոր, ձեռնարկատեր, մտավորական, հոգեւորական, նորոգած մեր մեջ քրիստոնեական ոգին, ամրապնդված հույսով քայլենք այն ճանապարհով, ապրենք այն ճշմարտությամբ, ընդունենք այն կյանքը, որ Քրիստոս է՝ հարուցյալ մեր Տերը, որպեսզի, գրո հիշատակի արժանի գործերով, պայծառակերպվի ազգիս կյանքն ի սփյուռս աշխարհի եւ լցվի աստվածային պարգեւներով ու երկնային օրհնությամբ։ Եվ մենք, քաջալեր մեր Տիրոջ պարգեւած փրկության հավատով ու տոգորված բարի գործոց ջերմ եռանդով, Առաքյալի հետ վստահությամբ ասենք. «Եւ մենք Ճշմարտի՝ Նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի մէջ ենք. որովհետեւ Նա՛ է ճշմարիտ Աստուած եւ յաւիտենական կեանք» (Ա ՀՀ. Ե 20)։

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության բերկրալի ավետիսով Մեր ողջույնն ենք բերում մեր հոգեւոր եղբայրներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպս. Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Տեղապահ Տ. Գարեգին արքեպս. Բեկչյանին, քույր Եկեղեցիների հոգեւոր Պետերին եւ մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգեւոր դասին։ Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Սրբազան Պատարագի արարողությանը ներկա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` Առաջին տիկնոջ հետ, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն, նորընտիր ԱԺ պատգամավորներին եւ մաղթում, որ Տերը զորացյալ պահի առ ազգն ու հայրենին սիրո մեջ՝ հայրենաշեն ձեռքբերումներով արդյունավորելու բարձր ու պատասխանատու իրենց առաքելությունը։ Օրհնությամբ ու բարեմաղթանքներով ողջունում ենք Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին։ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում հավատավոր ժողովրդին՝ ի հայրենիս եւ ի սփյուռս։

Աղոթում ենք եւ հայց բարձրացնում առ Հիսուս Քրիստոս, որ հրաշափառ Իր Հարության շնորհները լուսավորեն մարդկության կյանքը, խաղաղություն տիրի ողջ աշխարհում, խաղաղություն հաստատվի մեր հայրենի սահմաններում։ Աղոթում ենք, որ մեր ժողովրդի հավատավոր գործերի բարի արդյունքներով հզորանա հայրենիքը, միշտ պայծառ լինի մեր Սուրբ Եկեղեցին եւ աշխարհասփյուռ ազգս հաստատուն ընթացքով առաջնորդվի դեպի փրկություն ու հավիտենություն՝ այսօր եւ միշտ. ամեն։

Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի։

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները