Ապրիլեան նահատակներու ոգեկոչման այս նուիրական պահուն ամէն մարդ կոչուած է իր հոգիին խորը իջնելու ու հարց տալու ինքն իրեն. «Ո՞վ եմ ես»։ Ե՞մ այն, ինչ նահատակներս կուզեն որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ Աստուած կուզէ որ ըլլամ։ Ե՞մ այն, ինչ իմ հայութիւնը կուզէ որ ըլլամ…

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 4 (208), Ապրիլ 2017 թ.  


 

       

«ԶՅԱՐՈՒՑԵԱԼՆ ԶՔՐԻՍՏՈՍ ՕՐՀՆԵՍՑՈՒՔ ԵՒ
ԶՅԱՐՈՒԹԻՒՆ ՆՈՐԱ ՓԱՌԱՒՈՐԵՍՑՈՒՔ»
ԱՎԱԳ ՇԱԲԱԹԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ ՍՈՒՐԲ ՅՈԹՎԵՐՔՈՒՄ

«Սէրդ սիրով խոնարհեցար, Ի փրկութիւն մեր մարմնացար, Նովին մարմնովն խաչեցար, Ի գերեզման մահու եղար, Այսօր յարեար աստուածաբար, Ի հրեշտակաց քարոզեցար»;
ՇԱՐԱԿՆՈՑ

րիստոսի հարության հրաշքն էր, որ հանդիսացավ քրիստոնեական հավատքի ու վարդապետության առանցքն ու հիմքը։ Ըստ Պողոս Առաքյալի՝ «Եթէ Քրիստոս չիցէ յարուցեալ` ընդունայն է քարոզութիւնն մեր, ընդունայն են եւ հաւատքն ձեր» (Ա. ԿՐ. ԺԵ 14)։ Երուսաղեմում ծավալված հաջորդական իրադարձություններն Ընդհանրական Եկեղեցին ամփոփել է յոթ օրերի շրջանակում եւ, ինչպես ողջ շաբաթը, այնպես էլ շաբաթվա օրերը նվիրագործվել են Ավագ որակումով՝ իրենց բնորոշ խորհրդով։ Այս շաբաթը Քրիստոսի երկրավոր կյանքի վերջին յոթ օրերն են։

ԱՎԱԳ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

Ավագ երկուշաբթին նվիրված է աշխարհի եւ երկնքի ու երկրի արարչագործությանը։ Այն հիշատակն է անպտուղ թզենու, որ դատապարտվեց Տիրոջ կողմից (ՄՏ. ԻԱ 18-22)։ Թզենու պտուղը խորհրդանշում է մարդկային բարի գործերն ու առաքինությունները, որոնցից զուրկ մարդը պատժվելու է անպտուղ թզենու նման։ Ինչպես չորացած թզենին՝ Իսրայելը եւս ձախողվեց՝ ապաշխարության պտուղներ տալու իր պարտականության մեջ։ Այդուհանդերձ Քրիստոս ցույց տվեց, թե հավատքը կարող է լեռներ շարժել… եւ հաղթել մահվանն ու հուսախաբությանը։

Ապրիլի 10-ին՝ Ավագ Երկուշաբթի, կատարվեցին առավոտյան եւ երեկոյան ժամերգություններ, ընթերցվեցին օրվա խորհրդին պատշաճող Սուրբգրային հատվածներ։

ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ

Այս օրը հիշատակվում են հինգ իմաստուն եւ հինգ հիմար կույսերը (ՄՏ. ԻԵ 1-13)։ Ի հիշատակ առակի՝ ապրիլի 11-ի երեկոյան ժամերգության ընթացքում, կատարվեց Հայոց Եկեղեցում տեղ գտած կարգը, համաձայն որի իմաստուններին խորհրդանշող մասնակիցները, վառված մոմերով, ընթերցեցին Սուրբգրային հատվածներ՝ ներկա հավատացյալներին մեկ անգամ եւս հիշեցնելով. «Արթուն կացեք, որովհետեւ չգիտեք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը»։ Այս արարողությունը մեզ պատգամում է առաքինի գործերով պատրաստ լինել Տիրոջ գալստյանը։

ԱՎԱԳ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ

Հիշատակվում է մեղավոր կինը, որ օծեց Քրիստոսի գլուխը թանկարժեք յուղով եւ համբուրեց ոտքերը՝ ի հակադրություն Հուդայի, ով մատնեց Տիրոջը երեսուն արծաթով. «Ոչնչից երկինքն ու երկիրը ստեղծողն այսօր վաճառվում է դյուրագին երեսուն արծաթով» (Շարակնոց)։

Ապրիլի 12-ին, առավոտյան եւ երեկոյան ժամերգությունների ընթացքում, ընթերցվեցին Սուրբգրային համապատասխան հատվածներ (ՄՏ. ԻԶ 3-16)։

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ

Օրը նվիրված է Տիրոջ Վերջին ընթրիքին։ Ապրիլի 13-ին՝ Սուրբ Յոթվերք եկեղեցում, սկսվեցին Ավագ Շաբաթվա գլխավոր արարողությունները, որոնք խորհրդանշում են Վերջին ընթրիքը, Փրկչի կողմից աշակերտների ոտքերի լվացումը եւ Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը։ Առավոտյան ժամերգությունից եւ ապաշխարողների արձակման կարգից հետո, Ս. Աստվածածին մայր եկեղեցում, ի հիշատակ Վերջին ընթրիքի եւ Ս. Հաղորդության խորհրդի հաստատման, մատուցվեց Ս. Պատարագ՝ հավուր պատշաճի եւ ամենայն հանդիսապետությամբ։ Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը։ Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, Առաջնորդ Սրբազանն ընթերցեց Ս. Բարսեղ Հայրապետի թուղթը՝ Ս. Հաղորդության խորհրդի մասին եւ հանգամանալից մեկնեց այն։ Սուրբ Հաղորդություն ստացան մեծաթիվ հավատացյալներ։

ԿԱՐԳ ՈՏՆԱԼՎԱՅԻ

Երեկոյան ժամերգության ընթացքում, ձեռամբ Առաջնորդ Սրբազան Հոր, կատարվեց Ոտնալվայի կարգ՝ ի հիշատակ Տիրոջ օրինակի։ Այս կերպ մեկ անգամ եւս ներկա հավատացյալներին փոխանցվեց, Քրիստոսի կողմից մեզ ավանդված, Ճշմարիտ հեզության ու խոնարհության անկրկնելի դասը։ Սուրբգրային ընթերցվածներից հետո Միքայել Սրբազանը, Ս. Խաչով եւ Ս. Ավետարանով, օրհնեց ջուրն ու յուղը, ապա, ծնրադրելով, կատարեց, Քրիստոսով սկիզբ առած, արարողությունը։ Ս. Խորանի վրա նա լվաց եւ յուղով օծեց 12 ընտրյալների ոտքերը։ Վերջում ներկաներին բաժանվեց օրհնված յուղը։

ԿԱՐԳ ԽԱՎԱՐՄԱՆ
«ՈՒՐ ԵՍ, ՄԱՅՐ ԻՄ»

Նույն օրը, գիշերային ժամերգության ընթացքում, կատարվում է հսկում` ի հիշատակ երկրի վրա մեր Տիրոջ անքուն մնացած գիշերվա։ Այս արարողությունը կոչվում է Խավարում։ Խավարման խորհրդավոր կարգն սկսվեց ժամը 21։00-ին եւ շարունակվեց մինչեւ ուշ գիշեր։ Խորանի վրա վառվող 11 մոմերը խորհրդանշում էին Տիրոջ առաքյալներին, իսկ 12-րդը, որ ներկված էր սեւ գույնով, Հուդային։ Հիսուսին խորհրդանշող ամենամեծ մոմը վառվում էր մեջտեղում։ Սուրբգրային ընթերցվածներից հետո համապատասխանաբար մարվեցին մեկական մոմեր։ Վառ մնաց միայն մեջտեղինը։ «Տէր յերկնից» շարականի երգեցողությունից հետո այն եւս մարվեց, ապա մարեցին եկեղեցու լույսերը։ Արարողությունն ավելի ազդեցիկ դրաձավ, երբ խավարում հնչեց «Ուր ես մայր իմ» հոգեզմայլ տաղը, ընթերցվեց «Կտակը» (ԵԲ. Թ 16-17), որն ուղեկցվեց տաղերի ու շարականների երգեցողությամբ։ Այնուհետեւ մթության մեջ լսվեց թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի ազդեցիկ քարոզը՝ «Եւ հիմա իշխանութիւն խաւարի» բնաբանով։ Սրբազան արարողակարգին ներկա էին մեծաթիվ հավատացյալներ։

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ
ԿԱՐԳ ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԹԱՂՄԱՆ

Ամենահանդիսավոր եւ ամենատխուր օրը քրիստոնյաների համար։ Խաչելության արարողությունը, որ սովորաբար կատարվում է կեսօրին, հիշատակում է Տիրոջ չարչարանքը, խաչելությունն ու մահը։ Ապրիլի 14-ին այն Ս. Յոթվերքում կատարվեց ժամը 10։00-ին՝ մեծաթիվ հավատացյալների ներկայությամբ։

Երեկոյան՝ ժամը 17։00-ին, Տ. Թաթուլ ավ. քհն. Հակոբյանի հանդիսապետությամբ, կատարվեց թաղման կարգ, որի ընթացքում Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը, հանդիսավոր թափորով, պտտեցվեց մայր եկեղեցու շուրջը։

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ ՃՐԱԳԱԼՈՒՅՑ

Սուրբ Զատկի խթման օրն է կամ Ճրագալույցը։ Ավագ Շաբաթը հիշատակն է, Հիսուսի կողմից, դժողքի ավերման եւ արդար հոգիների ազատման։ Ինչպես ուսուցանում է Եկեղեցու վարդապետությունը՝ Քրիստոս, գերեզման դրվելով, իջավ դժոխք եւ ավերեց այն` փրկություն շնորհելով արդարների հոգիներին։

Ապրիլի 15-ին՝ Սուրբ Պատարագից առաջ, նախ ընթերցվեց Դանիելի թուղթը։ Երեք ընթերցողները խորհրդանշում էին, բոցավառ հնոց նետված, երեք երիտասարդներին։ Սա նաեւ խորհրդանշում է Հիսուսի երեքօրյա թաղումը, Ով, սակայն, չապականվեց։

Օրվա պատարագիչն էր Տ. Հովհաննես քհն. Ալեքսանդրյանը։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող ոգեշունչ քարոզ խոսեց Տ. Միքայել եպս. Աջապահյանը։ Ս. Պատարագից հետո հավատացյալները տուն տարան վառվող մոմեր՝ որպես Հիսուսի կենսատու Լույսի խորհրդանիշ։

«ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ»
ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ

Այս տարի, հին ու նոր տոմարների համընկնումով, Տիրոջ Հարության հրաշքը համատեղ են տոնախմբում համայն աշխարհի քրիստոնյաները։ «Ուրախ լեր, սուրբ Եկեղեցի» քանզի այսօր քո լույս խորաններից Հարության ու կյանքի շնորհն է բխում։ Հիրավի, մեր Տերը հաշտեցրեց մեզ Աստծո հետ՝ Իր մարմնով եւ Իր մահվամբ, որպեսզի մեզ ներկայացնի Նրան սուրբ, անբիծ եւ անարատ…։

Ապրիլի 16-ին Ս. Յոթվերք, Ս. Նշան, Ս. Հակոբ, Ս. Հռիփսիմե, Ս. Մինաս, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների զանգերն ազդարարեցին Հարության Ս. Պատարագի սկիզբը։ Ս. Յոթվերքում օրվա պատարագիչն էր Տ. Միքայել եպս. Աջապահյանը։ Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենյան Հայոց Կաթողիկոսի զատկական պատգամը։

ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ

Ապրիլի 17-ին մայր եկեղեցում մատուցվեց մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ։ Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավ. քհն. Առաքելյանը։ Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան կարգ։

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները