Աստծո համար յուրաքանչյուր մարդ մեծագույն ստեղծագործություն է, որովհետեւ
նա Աստվածային Սիրո պտուղ է։


 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 3 (207), Մարտ 2017 թ.  


 

       

«ԱՍՏՎԱԾ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ՞ ԱՆԻ ԻՐ ԱՅՆ ԾԱՌԱՆԵՐԻՆ,
ՈՐՈՆՔ ԳԻՇԵՐ ՈՒ ՑԵՐԵԿ ԱՂԱՂԱԿՈՒՄ ԵՆ…»
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ

եծ Պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի եւ նվիրված է մշտատեւ աղոթքի գաղափարին։

Անիրավ դատավորի ու այրի կնոջ մասին առակը պատմում է, թե ինչպես Աստծուց չվախեցող եւ մարդկանցից չամաչող դատավորը, հոգնած այրի կնոջ անդադրում դիմումներից, նրա հարցը վճռում է արդարությամբ. «Թեեւ մարդկանցից չեմ ամաչում, Աստծուց էլ չեմ վախենում, բայց տեսնեմ նրա դատը, որ չձանձրացնի» (ՂԿ. 18. 4-5)։ Ուրեմն՝ եթե անիրավ ու անսեր մեկը կարող է անսալ եւ բարիք գործել, ապա որչափ ավելին կարող է անել Աստված, որ սեր է, անհատնում եւ անպարագիր սեր։ Քրիստոսն ուսուցանում է, որ չպետք է աղոթել՝ մարդկանց ցուցադրելու, երեւալու համար, այլ, «Անիրավ դատավորի» առակի այրի կնոջ նման, աղոթել հարատեւ, ջերմեռանդ, մաքուր սրտով ու անկեղծ հավատով, որի առաջ տեղի տվեց անգամ անիրավությունը։

Միմյանց համար աղոթելը եւս քրիստոնյաների ճշմարիտ միության էական հանգրվաններից է, եւ, իհարկե, շատ կարեւոր։ Պողոս Առաքյալը խնդրում էր եղբայրներին աղոթել, որ Աստված «խոսքի դուռը» բացի իր առջեւ։ Խոսրով Անձեւացին ասում է. «Եթե Պողոսն աշակերտների աղոթքների կարիքն ուներ, որչափ առավել եւս մենք կարիք ունենք միմյանց համար աղոթելու»։ Աղոթքը մի ճանապարհ է, որով անցնում է յուրաքանչյուր բարեպաշտ քրիստոնյա։ Աղոթքի պատրաստությունն այնքան էլ հեշտ չէ. այն հոգեմտավոր լուրջ պատրաստվածություն է պահանջում, քանզի, աղոթքի միջոցով Աստծուն տալիս ենք ամենաէականը. «Ով կարող է գործով կատարել աղոթք, երկրպագություն, պահք ու ողորմություն, թող դրանք զանց չառնի` հույս ունենալով, թե միայն կամքի հոժարությունը բավական կլինի» (Պողոս Ադրիանապոլսեցի)։ Նաեւ պետք է իմանալ, որ աղոթքը մարմին է ու հոգի. մարմինն աղոթքի խոսքեր են, որոնք լսելի են լինում, իսկ հոգին` իղձն ու սերը, որոնք բխում են սրտից եւ հաճելի դառնում Աստծուն։

Հետեւաբար՝ աղոթքն առավել պատվական ընծա է Աստծուն, քան այն ամենը, ինչ մատուցում ենք Նրան։ Երբ ընթերցում ես Ս. Գիրքը, Աստված է խոսում քեզ հետ, իսկ երբ աղոթում ես, դու ես խոսում Աստծո հետ` ըստ սաղմոսերգուի հետեւյալ խոսքի. «Ես աղոթում եմ Աստծուն կյանքի համար»։ Եվ քանի որ մեր Տեր Աստված աղորմած ու գթառատ է, ուստի չպետք է երկարացնել աղոթքները` մտածելով, թե Աստված մեզնից հեռու է կամ չգիտի մեր սրտերը։ Եթե սուրբ սրտով ու ջերմ երկար աղոթենք Աստծուն, մեծ վարձք կստանանք, ինչպես որ Ինքը` Քրիստոս, մեզ գործով ուսուցանեց ողջ գիշեր աղոթել Աստծուն։

Ըստ Հովհան Ոսկեբերանի` պետք է երախտագիտություն հայտնել Աստծուն նաեւ այն ժամանակ, երբ չենք ստացել մեր խնդրածը, որովհետեւ Նա ավելի լավ գիտի, թե ինչ է մեզ պետք, քանի որ երբեմն օգտակար է չստանալը։ Եվ դարձյալ աղոթելիս պետք է խնդրել, որ Աստծո կամքը կատարվի, այլ ոչ թե մերը. «Սրանում են հաստատված աղոթքի կատարելությունն ու մարդու երջանկությունը» (Պողոս Ադրիանապոլսեցի)։

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Մարտի 19-ին` Դատավորի կիրակիին, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Եզնիկ քհն. Գալստյանը։ Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, «Պարտ է ամենայն ժամ կալ յաղօթս եւ մի ձանձրանալ» բնաբանով, օրվան պատշաճող ոգեշունչ քարոզ խոսեց եւ սուրբգրային ընթերցվածը հանգամանալից մեկնեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը։ Իր քարոզում Սրբազան Հայրը մեկ անգամ եւս շեշտեց աղոթքի կարեւորությունը հավատացյալի կյանքում։

ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐ ՔԱՐՈԶԻՑ

Մեր մտքերը դարձյալ գնում են Ավետարանի այս տողերը, ուր ասվում է, թե անհրաժեշտ է ամեն ժամ աղոթել եւ աղոթելուց չձանձրանալ։ Մեծ Պահքի մեջ ենք, պահեցողության շրջանի մեջ ենք եւ ինչ պահեցողություն, ինչ ապաշխարություն՝ առանց աղոթքի։

Ընդհանրապես մարդը խոսող, հարաբերվող, հասարակական, լեզու ունեցող, ասու էակ է եւ, բնականաբար, արտահայտվում է խոսքով։ Եթե մարդկային հարաբերությունը հնարավոր չէ պատկերացնել առանց խոսքի, առանց միմյանց հետ հաղորդակցության, նույնքան անհնարին է պատկերացնել հաղորդակցությունն Աստծո հետ՝ առանց աղոթքի։ Այդ իսկ պատճառով մեր Եկեղեցին, Քրիստոսի Եկեղեցին, Մեծի Պահոց շրջանում, հատուկ ուշադրություն է դարձնում աղոթքին, որովհետեւ մարդը հակված է արտաքին երեւույթների մեջ փնտրել հավատքը եւ մոռանալ ներքին բովանդակությունն ու ներքին խորհուրդը։

...Աղոթքը կարեւորագույն տեղ պետք է զբաղեցնի մարդու կյանքում։ Ինչո՞ւ է Քրիստոս ասում է՝ ամեն ժամ պետք է աղոթքի կանգնել եւ աղոթելուց չձանձրանալ։ Մի՞թե չափազանցնում է ինչ-որ մի բան, մի՞թե ասում՝ ամեն ինչ թողնենք եւ աղոթելով զբաղվենք։ Տիրոջ ասածն այն է, որ ամեն օր, ամեն ժամ մարդը պետք է լինի աղոթական վիճակի մեջ։ Կարելի է աղոթել ամենուրեք եւ ցանկացած զբաղմունքի ժամանակ։

Ուրեմն՝ Տերը մեզ հորդորում է աղոթական այդ վիճակը գտնել, երբ Աստված միշտ ներկա է մեր կյանքում։ Մեծի Պահոց զգալի մասն անցանք. շատը գնաց, քիչը մնաց։ Մաղթենք, որ այն հատվածը, որ անցանք, անցած լինենք իրոք մեզ եւ բոլորիս համար օգուտ բերած լինելով։ Աղոթենք Տիրոջը, խնդրենք, որ Նա մեզ ուժ, կարողություն, իմաստություն տա, որպեսզի, աղոթական վիճակը, մեր աղոթքը, մեր իսկական մարդկային կերպարը վերագտած, անցկացնենք մնացած հատվածը եւս եւ արժանանանք մեր Տիրոջ հրաշափառ Սուրբ Հարությունը դիմավորելուն։ Աստված օրհնի մեզ եւ մեր աղոթքներին պատասխան տա այն չափով, ինչ չափով Ինքն անհրաժեշտ կնկատի։

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները