Աստծո համար յուրաքանչյուր մարդ մեծագույն ստեղծագործություն է, որովհետեւ
նա Աստվածային Սիրո պտուղ է։


 
ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 3 (207), Մարտ 2017 թ.  


 

       

«ԸՆԴ ԱՆԱՌԱԿԻՆ ՈՐԴՒՈՅ ԳՈՉԵՄՔ ԱՌ ՀԱՅՐԴ, ԳԹԱԾ…»
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԳՏԱՇԵՆԻ ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ՄԱՏՈՒՌՈՒՄ

«Ընկալ զիս որպես զանառակ որդին, եւ զգեցո՛ ինձ պատմուճանն առաջին` զոր մերկացայ մեղօք. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ` բազմամեղիս»։
Ս. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ

առասնորդական Պահքի շրջանում եւս Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը հովվական այցեր է կատարում գյուղական համայնքներ, մատուցում Սուրբ եւ անմահ Պատարագ։ Այս անգամ Առաջնորդ Սրբազանն այցելեց Ամասիա համայնքի Գտաշեն գյուղ։

Մարտի 12-ին՝ Մեծ Պահքի երրորդ կիրակին, որ կոչվում է «Անառակի», առանձնակի կարեւորվեց բոլոր գտաշենցիների համար։ Գտաշեն (նախկինում՝ Մաղարաջուղ, Մաղարաջիկ եւ այլն) գյուղը գտնվում է Ամասիայից 11 կմ հարավ-արեւմուտք, իսկ Գյումրիից 30 կմ հյուսիս-արեւմուտք։

Այն գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից, սակայն չկան պատմական արժեքավոր հուշարձաններ։ Սահմանամերձ բնակավայրը երբեք եկեղեցի չի ունեցել, քանզի թրքաբնակ էր։

Գտաշենը փռված է ընդարձակ ու մեղմաթեք լանջերով ձորում՝ երեք կողմերից շրջապատված կանաչապատ բլուրներով։ Իսկ դեպի արեւելք ընդարձակ դաշտն է։ Կլիման ցուրտ է, ձնառատ, տեղումները՝ բավարար։ Տարածքը ծառազուրկ է։

Մինչեւ 1886 թվական, Գտաշենն ուներ 300 հայ բնակիչ։ Հանգամանքների բերումով հետագայում գյուղը հայաթափվել է, եւ մինչեւ 1989 թվականն այնտեղ միայն թուրքեր են բնակվել։

1989-ից հետո այստեղ վերաբնակվել են բաքվից եկած փախստականներ, գյումրեցիներ, ջավախահայեր եւ շրջապատի գյուղերի բնակիչներ։ Այժմ գյուղն ունի 380 ընտանիք։

ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԱՂՈԹԱՏՈՒՆԸ

Թեեւ Սրբազան Հայրը կողմ չէ փոքր մատուռների կառուցմանը, սակայն գտնում է, որ ավելի լավ է ունենալ փոքր աղոթատուն, քան չունենալ ընդհանրապես։

Գյուղի կենտրոնում է գտնվում Ս. Կարապետ մատուռը, որի հիմնարկեքը կատարվել է դեռեւս 2010 թվականին՝ Առաջնորդ Սրբազանի ձեռամբ։ Ճիշտ մեկ տարի անց` 2011-ին, արդեն հավատավոր գտաշենցիներին ներկայացավ ամբողջական կառույցը, որ արգասիքն է ջավախահայ, այժմ մոսկվաբնակ մեկենաս Կարապետ Պոդոսյանի ֆինանսական աջակցության։

Աղոթատունը միանավ, բազիլիկ տիպի, երկարավուն, քառանկյունաձեւ շինություն է։ Միակ մուտքն արեւմտյան կողմից է։ Ճակատին ագուցված է խաչքար։ Արեւելյան կողմում կիսակլոր աբսիդն է` ցածր բեմով։ Չորս սյուն ունեցող մատուռի գմբեթի թմբուկը գլանաձեւ է՝ վրան խաչ։ Կառուցված է վարդագույն տուֆի սրբատաշ քարերով։ Հյուսիսային եւ հարավային ճակատներին բացվում են մեկական կամարակապ նեղ, երկայնավուն լուսամուտներ եւ մեկ լուսամուտ էլ՝ Սուրբ Սեղանը լուսավորելու համար։ Հյուսիսային կողմում է գտնվում մկրտության ավազանը։

Հարավային պատին առկա է հետեւյալ արձանագրությունը, «Ի Հայրապետութեան Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ յառաջնորդութեան Տ. Միքայել եպս. Աջապահեանի կառուցաւ մատուռս յանուն Ս. Յովհաննու Կարապետին, արդեամբք եւ ծախիւք Կարապետ Պոդոսեանի, ի թուին Հայոց ՌՆԿ եւ յամի Տեառն 2011»։

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Գտաշենցիներն անհամբերությամբ էին սպասում ցանկալի եւ պատվարժան հյուրերին՝ Սրբազան Հոր գլխավորությամբ։ Թեմակալ Առաջնորդին աղոթատան բակում դիմավորեցին Ամասիա համայնքի հոգեւոր հովիվ Տ. Զարեհ քհն. Աշուրյանը, Գտաշեն գյուղի վարչական ղեկավար Սամվել Էգնարոսյանը եւ գտաշենցիներ։

Բարեողջույնի խոսքերից հետո Սրբազան Հորն առաջնորդեցին աղոթատուն, ուր մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Զարեհ քհն. Աշուրյանի։ Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա ավետարանական հատվածը մեկնող ոգեշունչ քարոզ խոսեց Տ. Միքայել եպս. Աջապահյանը։

Սրբազան Հայրն իր խոսքում առանձնակի շեշտելով օրվա խորհուրդը՝ հորդորեց, նախքան Ս. Զատիկը, ապաշխարության, զղջումի, աղոթքի մի շրջան անցնել, որը Մեծ Պահքն է։ Մեծ Պահքը չի նշանակում միայն կերակուրներից հրաժարում, այլ նաեւ, առաջին հերթին, մեղքից հրաժարում։

Շարունակելով պատգամ-հորդորը՝ քարոզխոս Սրբազանն ի մասնավորի հիշեցրեց. «Այս կիրակին երրորդն է եւ կոչվում է «Անառակի»։ Ինչու Անառակի. որովհետեւ այս կիրակի Սուրբ Ավետարանից ընթերցվում է անառակ որդու մասին առակը։ Սա գերագույն առակն է, որի օգնությամբ հասկանում ենք, թե Աստված-մարդ փոխհարաբերությունն ինչպիսին է։ Հայր եւ որդի հարաբերությո՞ւն է արդյոք Աստծո եւ մարդու միջեւ առկա կապը։ Այստեղ մարդը ներկայանում է իբրեւ որդի, իսկ Աստված՝ իբրեւ հայր։

Հայրը միշտ պատրաստ է ընդունել ու ներել իր անառակ զավակներին, եթե նրանք մի օր զղջան եւ տուն վերադառնան…։ Եթե մենք, որպես մարդ, ուրախանում ենք կորած ոչխարը կամ դրամը գտնելիս, որքան առավել եւս մեր Երկնավոր Հայրը պիտի ուրախանա, երբ մոլորված մարդ գտնի, որովհետեւ Աստծո կողմից ստեղծված մեծագույն հարստությունը, մեծագույն արժեքն այս տիեզերքի մեջ մարդն է…։

Մենք երկար ժամանակ ապրեցինք ինչպես անառակ որդին, ով ապրեց մինչեւ իր հարստությունը մսխելն ու ոչնչացնելը։ Բայց մի օր ամեն ինչ սպառվեց եւ տեսանք, որ աղքատ ենք։ Այո, քանի տասնյակ է, հիմա՝ արդեն ութսունհինգ տարի, դարձի ճանապարհը չենք բռնել։ Սխալ ճանապարհով ընթացանք, սխալ բաներ արեցինք եւ դրա համար այսօր թշվառության, աղքատության ենք հասել։ Չունեւոր ենք եւ պարտավոր ենք հայցել Տիրոջից, որ մեզ ընդունի իբրեւ Իր ծառաներ, որովհետեւ արժանի չենք այլեւս Նրա որդիները կոչվել…։

Մենք կարող էինք նաեւ Սուրբ Պատարագ մատուցել Գյումրու Ս. Յոթվերք եկեղեցում։ Բայց եկանք Գտաշեն նրա համար, որպեսզի հիշեցնենք, թե դուք ունեք Երկնավոր Հայր, Ով ձեզ պատրաստ է ընդունել, եթե ցանկույթուն ունեք դեպի Ինքը վերադառնալ։ Թող Աստված օրհնի ձեր գյուղը, ձեզ տա ուժ, կարողություն, զորություն՝ իրոք ապաշխարությամբ վերադառնալ դեպի Երկնավոր Հայրը եւ ասել. «Հա՛յր, ներիր ինձ, որովհետեւ ես մեղք գործեցի երկնքի եւ Քո առջեւ» եւ արժանանալ Նրա ներողամտությանը։ Թող Աստված օրհնի ամենքիդ այժմ եւ հավիտյանս. ամեն»։

Հավարտ Սրբազան արարողության՝ Գտաշենի հանրակրթական դպրոցի հանդիսությունների սրահում, գողտրիկ հայտագրով հանդես եկավ «Հայկական զարդանախշեր» պարի համույթը (պարուսույց՝ Բագրատ Հովհաննիսյան)։

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները