Մեծի Պահոց այս շրջանում եկեք, հավատացյալնե՛ր, եկեք վերագտնենք, վերականգնենք, վերակենդանացնենք քրիստոնյա հայի ինքնատիպ կերպարը մեր անձերի եւ մեր ազգի մեջ...
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

   
    ԺԸ Տարի, Թիվ 2 (206), Փետրվար 2017 թ.  


 

       

«ԲԱՐՁՐԵԱԼ ԵՍ ԴՈՒ ՅԵՐԿԻՆՍ, ԱՍՏՈՒԱԾ, ԵՒ ՅԱՄԵՆԱՅՆ
ԵՐԿՐԻ ԵՆ ՓԱՌՔ ՔՈ»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԳՈԳՀՈՎՏՈՒՄ

ետվարի 12-ին մարդաշատ էր Աշոցք համայնքի Գոգհովիտ գյուղի հանրակրթական դպրոցի հանդիսությունների սրահը, ուր, ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանի, մատուցվեց Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Աշոցք համայնքի հոգեւոր հովիվ Տ. Հարություն քհն. Պետրոսյանը եւ Արարատ սրկ. Սարգսյանը։

ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Գոգհովիտը (նախկինում՝ Թաքնալի, Թաքնալու) գտնվում է համայնքից 12 կմ հարավ-արեւմուտք, իսկ Գյումրիից՝ 20 կմ հյուսիս-արեւմուտք, կանաչապատ սարալանջի գոգավորության վրա։ Այն հովասուն կլիմայով, սառնորակ աղբյուրներով հարուստ գեղատեսիլ վայր է։ Ծառաշատ է, կլիման՝ ցուրտ։ 1828-29 թթ. այստեղ բնակություն են հաստատել Մուշից եւ Ղարսի Տիգրիկ գյուղից գաղթած հայերը։

Գոգհովիտ է վերանվանվել 1978 թ. հունվարի 25-ին։ 1988-ի ահեղ երկրաշարժից գյուղն ավերվել է եւ տեղափոխվել մեկ կիլոմետր դեպի հյուսիս-արեւմուտք։ Վերակառուցել են Ուզբեկստանից եկած շինարարները։ Տեղաբնակները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Գոգհովտում այժմ ապրում են 420 ընտանիք։

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

1860 թվականին կառուցված Ս. Աստվածածին եկեղեցու պատերը շարված են սեւ եւ կարմիր եռանկյունաձեւ սրբատաշ տուֆաքարով ու կրաշաղախով։ Բազիլիկ տիպի կառույց է՝ 19-րդ դարին բնորոշ հատակագծով ու կառուցողական հատկանիշներով։ Աղոթատան տանիքը փլված է, սակայն եղել է թաղածածկ։ Արեւելյան կողմից կիսակլոր աբսիդն է՝ ցածր բեմով եւ մեկ խորանով։

Եկեղեցուց պահպանվել են պատերի ստորին շարքերը եւ հարավային պատի կենտրոնական մասի մի փոքր հատվածը՝ երկու մետր բարձրությամբ։

Եկեղեցին անաստվածության տարիներին անուշադրության է մատնվել եւ վերջնականապես խոնարհվել երկրաշարժից։ Այսօր գտնվում է բավական տխուր վիճակում։ Հավելենք նաեւ, որ Գոգհովտում, մինչեւ 19-րդ դարավերջը, պահվում էր, գրիչ Ներսես Գառնեցու ձեռքին պատկանող, հայերեն մի ձեռագիր՝ Կարմիր Ավետարան անվամբ։ Գյուղի հյուսիս-արեւելյան կողում՝ աղոթատան շուրջը տարածվում է փոքրիկ գերեզմանատունը՝ անմշակ տուֆե տապանաքարերով, որոնք մասամբ ծածկված են հողով։

ՄՈՒՏՔ «ՀՐԱՇԱՓԱՌ»-ՈՎ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՂ ՈՒ ՀԱՑՈՎ

Հանրակրթական դպրոցի բակը լեփ-լեցուն էր բարեպաշտ գոգհովիտցիներով։ Առաջնորդ Սրբազանին դիմավորեցին Աշոցք համայնքի հոգեւոր հովիվ Տ. Հարություն քհն. Պետրոսյանը, Գոգհովտի վարչական ներկայացուցիչ Սերգո Ավետիսյանը, դպրոցի տնօրեն Նազան Գրիգորյանը, ուսուցչական կազմը, աշակերտներ եւ մեծաթիվ գյուղաբնակներ։

Միքայել Սրբազանը դպրոցի հանդիսությունների սրահ մուտք գործեց «Հրաշափառ»-ի հոգեզմայլ երգեցողությամբ, ուր եւ մատուցվեց Սուրբ Պատարագ, հընթացս որի՝ «Հայր մեր»-ից առաջ, «Միթե չեմ խնայելու այն մարդկանց, ովքեր չգիտեն աջն ու ձախը» բնաբանով, ոգեշունչ քարոզ խոսեց՝ ի մասնավորի անդրադառնալով Առաջավորաց պահքին եւ նրա նշանակությանը յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում։

Պատարագիչ Սրբազան Հայրն իր խոսքում նշեց, որ Աստծո համար չկա անցյալ եւ չկա ապագա եւ հավելեց. «Արդ՝ քրիստոնյան, որ ձգտում է հասնել, մոտենալ Աստծուն, ճաշակել Աստծո ճշմարտությունը, պետք է ձգտի ապրել այդ հավիտենական ներկայի մեջ եւ առաջնորդվել նույն մոտեցումով…։ Չպետք է նմանվել այն չար երեխային, որ ինչ-որ բան է կոտրել եւ ահուդողով սպասում է, որպեսզի հայրը վերադառնա աշխատատեղից եւ իրեն պատժի…։

Մարդ-Աստված հարաբերության մեջ չեզոք դիրք գոյություն չունի։ Որեւէ մեկը չի կարող աել՝ «ես Աստծո հետ չեմ, որովհետեւ Աստված միակն է»։ Հովնան մարգարեն եթե Նինվեում Աստծո գործը չկատարեր, ապա Աստված նրան օգնական չէր լինի։ Մեզնից յուրաքանչյուրը, որ ծնվել է, պատահական չի ծնվել։ Հատուկ նպատակով եւ առաքելությամբ է Աստված այդ հոգին տվել մեզ…։ Յուրաքանչյուրս, որպես հայ, պարտականություն ունենք։ Ինչպես ես, որպես Առաջնորդ, պարտավոր եմ գալ, հասնել այստեղ, ձեզ հավաքել եւ իմ խոսքն ասել, այնպես եւ դուք պարտականություն ունեք կատարելու, որ է երեխաներին քրիստոնեաբար դաստիարակելը, մկրտությունը չզլանալը, մեկ, տասը, տասնհինգ տարի չուշացնելը …։ Աստված թող օրհնի ձեզ, եւ Աստվածային սերն ու օրհնությունը լինեն ամենքիդ հետ այժմ եւ հավիտյանս. ամեն»։

Ի լրումն օրվա խորհրդի՝ ներկաներն ստացան Սուրբ Հաղորդություն։ Վերջում գյուղապետարանի եւ հանրակրթական դպրոցի կողմից կատարվեց մատաղօրհնություն։

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները