Նահատակներու արիւնը խառնւեր է մեսրոպահեղ ճրագին իւղին՝ ուրիշ կարգի անսպառելիութեան, անշիջելիութեան գաղտնի ոյժը միազանգելով
իւղի տարրակազմին:
 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

   
    ԺԴ Տարի, Թիվ 2 (168), Փետրվար 2014 թ.  


 

       

«ՏՈՒՐ ԶՕՐՈՒԹԻՒՆ ԾԱՌԱՅԻ ՔՈ, ԿԵՑՈ ԶՈՐԴԻ
ԱՂԱԽՆՈՅ ՔՈ ԵՒ ԱՐԱ ԱՌ ԻՍ ՆՇԱՆ ԲԱՐՈՒԹԵԱՆ»
ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՀԱՑԻԿՈՒՄ

ետրվարի 19-ին Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, հերթական հովվական այցով, եղավ Ախուրյանի տարածաշրջանի Հացիկ (նախկինում՝ Թոփառլու, Թոփառ, Թեփերլի) գյուղում:

ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Հացիկը գտնվում է Գյումրիից 4,5 կիլոմետր հյուսիս-արեւելք, իսկ շրջկենտրոնից ինը կիլոմետր հյուսիս-արեւմուտք: Հացիկցիների նախնիները եկել են Բասենից, Մուշից, Կարսից: 1820 թ. գաղթած հայերն իրենց նոր բնակատեղին հիմնել են մեծաթեք դաշտում: Գյուղը Հացիկ է վերանվանվել Գերագույն խորհրդի 1945 թ. հունվարի 7-ի հրամանագրով:

Ներկայիս գյուղից մեկ կիլոմետր հյուսիս-արեւելք պահպանվել են հին գյուղատեղին եւ գերեզմանոցը: Այսօր արդեն Հացիկ գյուղում բնակվում են միմիայն հայեր: Գյուղը հարուստ է նաեւ հնագիտական արժեք ներկայացնող շինություններով, այդ թվում՝ աղոթատներով եւ ուխտատեղիով: Կլիման ցուրտ է, ձնառատ: Ավերվել է 1988 թվականի երկրաշարժից: Վերակառուցել են հայգյուղշինի շինարարները: Այժմ Հացիկն ունի 200 ծուխ՝ 1061 բնակչով:

ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑԻՆ

Կառուցվել է 1890 թվականին, գյուղամիջում, սեւ սրբատաշ քարերով: Մեծ վնաս է կրել ավերիչ երկրաշարժից եւ այսօր շատ վատ վիճակում է: Թեեւ վերանորոգվել է 20-րդ դարում, սակայն այժմ կիսավեր է: Կանգուն են միայն պատերը: Ծածկն ամբողջովին փլվել է: Դուռը բացվում է հարավային կողմից: Արեւելյան խաչթեւում կիսակլոր աբսիդն է՝ հյուսիսային կողմի խորանով եւ մկրտության ավազանը, իսկ հարավայինն ամբողջությամբ փլվել է: Աստվածմերժության տարիներին այս աղոթատունը եւս օգտագործվել է որպես հացահատիկի պահեստ, կինոդահլիճ:

Եկեղեցու շուրջբոլորը հին գերեզմանատունն է, իսկ գյուղապետարանի դիմաց՝ թեք սարալանջին, նոր գերեզմանատունը: Յոթանասուն տարի կռիվ տալով բնության տարերքի ու մարդկանց անտարբերության դեմ՝ այն փնտրում է աստվածավախ սրտեր ու հոգատար ձեռքեր:

«ԾԱԿ ՔԱՐ» ՈՒԽՏԱՏԵՂԻՆ

Հացիկ գյուղից մեկ կիլոմետր հյուսիս-արեւելք՝ ձորակի մեջ, պահպանվել է հին գյուղատեղի, ուր նկատելի են տների հետքեր՝ դարավանդի ձեւով: Այստեղ եղել է 7-րդ դարի եկեղեցի, որի հիմնապատերի վրա սովորական մատուռ են կառուցել՝ այն դարձնելով սրբավայր-ուխտատեղի: Հայաստանի տարբեր շրջաններից «Ծակ քար» կոչվող այս վայրն ուխտի են գալիս մեծաթիվ հավատացյալներ: Ի մոտո եկեղեցու գտնվում է «Յոթ եղբայր» կոչվող գերեզմանը, որը նույնպես սրբավայր է:

ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԱՂ ՈՒ ՀԱՑՈՎ

Թեմակալ Առաջնորդին Հացիկի գյուղապետարանի բակում աղ ու հացով դիմավորեցին Սուրբ Յոթվերք եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Փավստոս քհն. Սարգսյանը, գյուղապետ Կարեն Պետրոսյանը, դպրոցի տնօրեն Համլետ Պետրոսյանը, հանրակրթական դպրոցի ուսուցչական կազմը, աշակերտներ եւ մեծաթիվ բարեպաշտ հացիկցիներ:

Հոգեւարականաց թափորը, «Հրաշափառ»-ի երգեցողությամբ, առաջնորդվեց դեպի գյուղապետարանի հանդիսությունների սրահ, ուր եւ մատուցվեց եպիսկոպոսական Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Միքայել Սրբազանի:

Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Սրբազան Հայրը, «Փութասջիր զանձն քո ընտիր կացուցանել առաջի Աստուծոյ, մշակ առանց ամօթոյ, ուղիղ համառոտել զբանն ճշմարտութեան» բնաբանով, ոգեշինիչ քարոզով դիմեց ներկա հացիկցիներին՝ ի մասնավորի նշելով, որ յուրաքանչյուրն այսօր ապաշխարությամբ, Աստծո առջեւ մեղա կանչելով, պիտի «ձեռք զարկի» Ս. Հակոբ խոնարհված եկեղեցու վերաշինությանը, քանզի այն դրսից ոչ ոք չի կարող գալ եւ վերակառուցել:

Շարունակելով իր խոսքը՝ պատարագիչ Սրբազանը հավելեց. «Ս. Հակոբը կառուցել են ձեր հայրերը, պապերը, բոլոր հացիկցիները: Երբեք մի կարծեք, թե այն ժամանակ ձեր պապերն ավելի հարուստ էին: Շատ ավելի աղքատ էին ֆինանսապես, բայց հարուստ էին հոգով, որովհետեւ հայ քրիստոնյա էին եւ գիտեին, որ իրենք իրավունք չունեն ապրել առանց եկեղեցու...»: Ապա Սրբազան Հայրը հորդորեց ձգտել հավիտենական կյանքի եւ նույն ոգով դաստիարակել նաեւ մատաղ սերնդին, քանզի թե՛ չար եւ թե՛ բարի մարդկանց մի օր կանչելու է Աստված եւ հաշիվ է պահանջելու...:

Թեմակալ Առաջնորդը նաեւ շեշտեց, որ յուրաքանչյուր հայ օջախ պետք է լուսավորվի սրբալույս մյուռոնի ճառագումով, որ դրոշմվում է հայ մանկան ճակատին՝ դարձնելով նրան Աստծո որդեգիր:

Սուրբ Պատարագի ընթացքում Սուրբ Հաղորդություն ստացան մեծաթիվ հացիկցիներ: Վերջում, խաչքավորի նախաձեռնությամբ, տրվեց հյուրասիրություն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ