Քո խաչի առջեւ, Ո՛վ Տեր, երկրպագում եւ հավատում ենք, որ իրոք այն պիտի լինի մեզ համար փրկության, հաղթանակի ու հարության նշան:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. 
ԱՋԱՊԱՀՅԱ 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 10 (322), հոկտեմբեր 2026 թ.  


 

       

ՀԱՆԴԻՊՈՒՄ - ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ
ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

ոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ մի խումբ հեղինակավոր իրավաբանների, իրավապաշտպանների եւ սահմանադրագետների հետ, որի ընթացքում քննարկվեցին Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները եւ Ազգային ժողովի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց հանդիպման մասնակիցներին՝ Հայոց Եկեղեցու իրավունքների պաշտպանության գործում ցուցաբերած նախանձախնդրության համար՝ կարեւորելով վերջիններիս մասնագիտական աջակցությունը Եկեղեցու առջեւ ծառացած խնդիրների հաղթահարման իրավական ուղիների նախանշման գործում:

Ապա իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր տիար Գեւորգ Դանիելյանը եւ փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու տիար Արա Զոհրաբյանն անդրադարձան Հայոց Եկեղեցուն առնչվող նախաձեռնություններին՝ վարչապետի հանձնարարությամբ Եկեղեցու վերաբերյալ պատրաստված զեկույցին եւ Ազգային ժողովում այս կապակցությամբ ձեւավորված քննիչ հանձնաժողովին: Ներկայացվեցին նաեւ տեղեկություններ Եկեղեցուն եւ եկեղեցականներին առնչվող քրեական վարույթների ընթացքի, կայացված դատական ակտերի ու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ:

Խորհրդակցության մասնակիցները դատապարտեցին Հայոց Եկեղեցու վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ այն գնահատելով որպես բացահայտ հակասահմանադրական եւ փորձ՝ միջամտելու Հայ Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը:

Ընդգծվեց, որ Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման եւ կանոնական կյանքի հարցերն Ազգային ժողովի իրավասության մեջ չեն եւ խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել: Նշվեց նաեւ, որ խորհրդարանական վերահսկողություն սահմանելու փորձերը հակասում են Եկեղեցու՝ պետությունից անջատ լինելու եւ կրոնական կազմակերպությունների ինքնավարության սահմանադրական սկզբունքներին, ինչպես նաեւ կրոնական ազատության պաշտպանության միջազգային չափանիշներին:

Ներկայացվեցին առաջարկություններ՝ Հայոց Եկեղեցու եւ եկեղեցականների իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական միջոցների կիրառման, ինչպես նաեւ Եկեղեցու բնականոն գործունեությունն ու հոգեւոր ծառայությունը խաթարող խոչընդոտների հաղթահարման վերաբերյալ:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերահաստատեց, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մշտապես գործել եւ գործում է օրենքի սահմաններում, իսկ Մայր Աթոռի պահանջն է իրավունքի եւ օրենքի գերակայության ապահովումն ու Եկեղեցու սահմանադրական ինքնավարության հարգումը: Նորին Սրբությունը կարեւորեց ներկայացված մասնագիտական գնահատականներն ու առաջարկությունները՝ առկա խնդիրների հանգուցալուծման համար, եւ հայցեց Տիրոջ զորակցությունն արդարության եւ ճշմարտության պաշտպանությանն ուղղված իրավաբանների գործունեությանը:

ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները