| Տոն
առաջիկա
ԸՆԾԱՅՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ
ԵՐԻՑ ԱՄԱՑ Ի ՏԱՃԱՐՆ
այ
Առաքելական Ս. Եկեղեցին, հավատարիմ սրբազան ավանդությանը, ամեն տարի՝
նոյեմբերի 21-ին , տոնում է Ս. Մարիամ Աստվածածնին տաճարին ընծայելու
տոնը: Ամենագովելի Սուրբ Կույսը սերում է քահանաների ու թագավորների
տոհմից, որովհետեւ Նա, Ով նրանից պիտի ծնվեր, Քահանա է ու Թագավոր:
Աստվածամայրը աստվածատուր զավակ է եւ դեռեւս որովայնից ընտրյալ.
նրա ծնունդը հրեշտակն է ավետել:
Հայրը՝
Հովակիմը, Դավթի ցեղից, բարեպաշտ եւ մեծահարուստ մարդ էր, իսկ մայրը՝
Աննան, քահանայական տնից, համեստ ու երկյուղած կին: Ամուսինները
հայտնի էին իրենց բազում առաքինություններով: Աստծո երկյուղն ունենալով
իրենց սրտում՝ անկեղծ մտքով ու հոժար կամքով ծառայում էին Աստծուն:
Սակայն Հովակիմն ու Աննան զուրկ էին երեխաներից, որովհետեւ Աննան
ամուլ էր: Իսկ այն ժամանակներում անզավակությունը մեղք եւ Աստծո
պատիժ էր դիտվում եւ շարժառիթ էր ամեն կարգի նախատինքի ու արհամարհանքի:
Հովակիմն ու Աննան աղոթքով Տիրոջից զավակ էին խնդրում եւ, չնայած
տարեց հասակին, չէին հուսալքվում: Մի օր, երբ Հովակիմը տաճարում
Տիրոջը զոհ էր մատուցում, քահանան նրան ասաց, որ ամենավերջում ներկայանա,
քանի որ զավակ չունի: Հովակիմի հոգին խոցվեց, նա տխուր դուրս եկավ
տաճարից եւ, տուն վերադառնալու փոխարեն, գնաց լեռները՝ հովիվների
մոտ, ուր անդադրում, արցունքոտ լի աչքերով աղերսում էր Աստծուն՝
հանել իրենց անզավակության անպատվելի վիճակից: Իսկ Աննան՝ նրա բարեպաշտ
կողակիցը, իմանալով ամուսնու տանից հեռանալը, սկսեց արտասվել, բայց
եւ անտրտունջ խնդրել Տիրոջ բարեգթությունը :
Տիրոջ հրեշտակը հայտնվեց Հովակիմին ու Աննային եւ հայտնեց, որ նրանց
աղոթքները լսվեցին, Աստված նրանց մանուկ կպարգեւի, որի անունը ամբողջ
աշխարհում պիտի տարածվի: Աննան ուխտեց, որ եթե զավակ ունենա, Աստծուն
պիտի ընծայի: Այդպես էլ եղավ: Նազարեթ փոքրիկ քաղաքում ծնվեց Դավիթ
թագավորի դուստրը՝ Սրբուհի Մարիամը: Աստվածամոր ծննդյան լուրը տարածվեց
ամբողջ Հրեաստանում, եւ լսողներն օրհնեցին Աստծուն՝ ինչպես մարգարեացել
էր Եսային: Իրենց ուխտին հավատարիմ՝ Հովակիմն ու Աննան, Մարիամին
երեք տարի պահելուց հետո, տարան Երուսաղեմի տաճար՝ Տիրոջն ընծայելու:
Երբ նրան դրեցին տաճարի սանդուղքի առաջին աստիճանին, ի զարմանս ներկաների,
առանց որեւէ մեկի օգնության, բարձրացավ տասնհինգ աստիճաններով: Մուտքի
մոտ Սուրբ Մարիամին ընդառաջ եկավ Զաքարիա քահանայապետը: Նա, հիացմունքով
եւ զարմանքով համակված, հատուկ հայտնությամբ, ասես կանխազգալով մանկան
Աստվածամայր դառնալու նախասահմանումը, առաջնորդեց նրան Սրբության
Սրբոցը: Դա Երուսաղեմի տաճարի այն վայրն էր, ուր միայն քահանայապետին
էր թույլատրվում մտնել եւ այն էլ՝ տարին մեկ անգամ:
Ամեն տարի ծնողները Մարիամին տանում էին տաճար, մինչեւ լրացավ նրա
յոթը տարին: Որոշ ժամանակ անց աղջնակը միացավ այրիներից եւ սրբակրոն
կույսերից կազմված մի խմբի, որոնք բնակվում էին տաճարի հովանու ներքո:
Նա աչքի էր ընկնում իր բարեպաշտությամբ, մեծ խոնարհությամբ ու հեզությամբ:
Մարիամը յոթն ամսական է ծնվել, եւ յոթն ամսականում դուրս եկան նրա
առաջին ատամները: Յոթն ամսականում առաջին անգամ քայլեց յոթը քայլ,
եւ յոթը տարեկանից սկսեց ապրել տաճարում: Նա արժանապես ընդունեց
Սուրբ Հոգու յոթնարփյա շնորհները՝ զարդարվելով յոթն առաքինություններով:
Ամենագով մանուկը բնակվեց տաճարում՝ իբրեւ անբիծ աղավնի: Հրեշտակներն
աղավնակերպ իջնում էին տաճարի մեջ եւ Մարիամին կերակրում: Նա, իր
առաքինի վարքով, մնաց տաճարում յոթը տարի, որից հետո դարձավ Հովսեփի
նշանածը եւ ստացավ Գաբրիել հրեշտակապետի ավետիսը: Աստվածամայրը Տիեզերական
Եկեղեցու մեծագույն Սրբուհին է, եւ նրան միշտ ունենք բարեխոս առ
Միածին Որդին:
>>>
|
|