Քո խաչի առջեւ, Ո՛վ Տեր, երկրպագում եւ հավատում ենք, որ իրոք այն պիտի լինի մեզ համար փրկության, հաղթանակի ու հարության նշան:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. 
ԱՋԱՊԱՀՅԱ 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 10 (322), հոկտեմբեր 2026 թ.  


 

       

«ԽԱՉԻՆ ՊՍԱԿ ԼՈՒՍԱՒՈՐԵՑՈՅՑ ԶԱՄԵՆԵՍԵԱՆ,
ՈՐ Ի ՏԳԻՏՈՒԹԵԱՆ ԿՈՒՐԱՑԵԱԼ ԷԻՆ…»
ԽԱՉԻ ԳՅՈՒՏԻ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

«Զահաւորեալ նշան խաչին, Յարեւելից փայլեալ ծագին, Հաւատացեալքն
ի քեզ բերկրին Եւ ուրացողքն կոծեսցին: Զերկրպագուս սրբոյ
խաչին Պայծառացո լուսով նորին»:
ՇԱՐԱԿՆՈՑ

յուտ Խաչի տոնը խաչին նվիրված չորս տոներից վերջինն է եւ տոնվում է Խաչվերացից յոթը շաբաթ անց: Խաչելությունից հետո Տիրոջ խաչափայտի տեղի մասին Ավետարանները որեւէ տեղեկություն չեն հաղորդում, սակայն բացը լրացվում է Սրբազան ավանդությամբ: Հիսուսի Համբարձումից հետո կենարար խաչափայտը գտնվում էր Գողգոթայում, քանի որ աշխարհի Փրկչին խաչեցին այդտեղ: Տիրոջ խաչը տարիներ շարունակ այդտեղ էր մնացել՝ լքված ու մոռացված: Ավանդության համաձայն՝ Երուսաղեմի եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբոր օրոք, գարնանային մի օր, մանկական խաղի ժամանակ, մի կաղ երեխա պատահաբար դիպչում է Տիրոջ խաչափայտին եւ բժշկվում: Այդ հրաշքի մասին լուրը տարածվում է ողջ Երուսաղեմում, եւ ամեն կողմից բժշկվելու մեծ փափագ ունեցողները շտապում են հասնել Գողգոթա: Երուսաղեմ եկածները եւս բժշկվում են, ապա Տյառնեղբայրն իր խնամքի տակ է վերցնում երեք խաչափայտերը, սակայն հրեաները հափշտակում են դրանք:

Ավանդության համաձայն՝ Հռոմի Կլավդիոս կայսեր (41-54 թթ.) կինը՝ Պատրոնիկեն, որ քրիստոնյա էր, ուխտի է գնում Երուսաղեմ, ուր եւ հանդիպում է Հակոբոս Տյառնեղբայր Առաքյալին: Կայսրուհին ցանկանում է տեսնել Քրիստոսի գերեզմանն ու խաչափայտը, սակայն Հակոբոս Առաքյալը տեղեկացնում է, որ հրեաները Քրիստոսի խաչը եւ Նրա հետ խաչված երկու ավազակների խաչափայտերը ծածկել են հողով՝ արգելելով դրանց մոտենալ: Կայսրուհու միջամտությամբ խաչերն ազատում են հողե ծածկից, եւ որոշելու համար, թե որն է Քրիստոսի խաչափայտը, դրանց են մոտեցնում մահացած մի աղջկա: Վերջինս Քրիստոսի խաչի հպումից կենդանանում է: Հակոբոս Տյառնեղբայրը, ի տես եւ ի մխիթարություն բոլորի, Սուրբ Խաչը բարձրացնում է Երուսաղեմի տաճարում եւ, ըստ ավանդության, այդ առիթով երգում «Խաչի Քո, Քրիստոս երկիրպագանեմք…»: Ի դեպ, եկեղեցական ավանդության մեջ սա առաջին տեղն է, երբ խաչը հանդիսավորապես կանգնեցվում է՝ փառաբանվելով հավատացյալներից, որոնցից շատերն ականատես են լինում նաեւ Սուրբ Խաչի վրա շողացող լույսին:

Խաչափայտը գտնելուց հետո Սրբուհի Հեղինեն հրամայում է այն պատել ոսկով ու պարսկական քարերով: Խաչափայտի գտնվելու վայրն իմացող Հուդան, տեսնելով հրաշքը, մկրտվում է, վերանվանվում Կյուրեղ, որից հետո քահանա է ձեռնադրվում, որոշ ժամանակ անց էլ դառնում Պաղեստինի վիճակներից մեկի եպիսկոպոսը: Ինչպես Տիրոջ խաչափայտը երեք դար մնաց Գողգոթայում ամայության մեջ լքված, եւ ի վերջո, շնորհիվ բարեպաշտ Հեղինե թագուհու, գտնվեց ի երկրպագություն հավատացյալներիս, այնպես էլ քրիստոնեությունը երեք դար շարունակ հալածվում էր, քրիստոնյաները ենթարկվում էին անասելի տառապանքների: Շատերը, հանուն Քրիստոսի լույս հավատքի, մարտիրոսության անթառամ պսակին արժանացան՝ դառնալով Երկնքի Արքայության ժառանգորդներ: Շնորհք արքեպս. Գալուստյանը Խաչի Գյուտի առիթով պատգամում է. «Գտի՛ր գիտակցութիւնդ՝ ինքզինքդ բարձրացնելու կեանքի աղիւսներէն, մարդկային խնկածութիւններէն, գտի՛ր քաջութիւնդ՝ տիրանալու հոգեկան ու բարոյական ազատութեանդ… Պատրաստ եղիր ի հարկին նեղութեանց ենթարկուելու յանուն արդարութեան, յանուն ողջախոհութեան եւ յանուն Աւետարանի»:

Հոկտեմբերի 25-ին վերստին համահունչ ղողանջեցին հայոց աղոթատների զանգերը՝ ի լուր ամենքի ավետելով, Խաչի Գյուտի տոնի ուրախ առիթով մատուցվելիք, Սուրբ եւ անմահ Պատարագի սկիզբը: Սուրբ Պատարագ մատուցվեց նաեւ Գյումրու Ս. Աստվածածին, Ս. Նշան, Ս. Ամենափրկիչ, Ս. Հակոբ, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Հռիփսիմե, Ս. Մինաս, Ս. Սարգիս եկեղեցիներում:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները