Քո խաչի առջեւ, Ո՛վ Տեր, երկրպագում եւ հավատում ենք, որ իրոք այն պիտի լինի մեզ համար փրկության, հաղթանակի ու հարության նշան:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. 
ԱՋԱՊԱՀՅԱ 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 10 (322), հոկտեմբեր 2026 թ.  


 

       

«ԵԿԱՅՔ ՇԻՆԵՍՑՈՒՔ ՍՈՒՐԲ ԶԽՈՐԱՆՆ ԼՈՒՍՈՅ…»
ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻ ՁԵՌԱՄԲ ՕԾՎԵՑ ՀՈԳԵՎԱՆՔԻ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ԱՎԱԶԱՆԸ

«Եկեղեցին հայկական բարձր բերդն է հաւատքին Իմ պապերուս, որ հողէն
զայն քար առ քար հանեցին...»:
ՎԱՀԱՆ ԹԷՔԷԵԱՆ

ոկտեմբերի 3-ին Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանն այցելեց Անիի տարածաշրջանի Սառնաղբյուր համայնք, ուր Սրբազան Հորը դիմավորեցին Տ. Տաթեւ քհն. Մարուքյանը, Ազատանի հոգեւոր հովիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանը, դպրոցականներ, ինչպես նաեւ մեծաթիվ բարեպաշտ հավատացյալներ:

Օրը հանդիսավոր էր ու հիշարժան, քանի որ, ձեռամբ թեմակալ Առաջնորդի, օծվեց Հոգեվանքի (Կարմիր վանք) նորոգ տեղադրյալ մկրտության ավազանը, որի ծախսերը հոգացել էր Արթիկի բնակիչ տիար Արման Տոնոյանը:

Այսօր լիովին վերանորոգվել է Հոգեվանքը, կառուցվել խորանը, տեղադրվել Սուրբ Սեղանը՝ հուրախություն բարեպաշտ սառնաղբյուրցիների եւ ընդհանրապես հայ հավատավորի:

ՀՈԳԵՎԱՆՔԻ ՔԱՌԱԽՈՐԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Քառախորան եկեղեցիների շարքին է դասվում Հոգեվանքը կամ Կարմրավանքը, որ գտնվում է Ձորագյուղից դեպի հարավ- արեւելք, Արագածի ստորոտի արեւմտյան հովտում: Այն համարվում է 13-րդ դարի կառույց, թեպետ վանքից 50 մետր հյուսիս գտնվող սրբավայրի, քառախորան եկեղեցու ավերակների դեկորատիվ հարդարանքից պահպանված, քիվի բեկորն այլ բան է հուշում: Նրա թեքադիր մակերեսը մշակված է հյուսածո զարդամոտիվով, որը բնորոշ է 7-րդ դարի երկրորդ կեսի հայկական կառույցներին, ինչը եւ հնարավորություն է տալիս Հոգեվանքի եկեղեցին թվագրել հենց այս ժամանակաշրջանով: Այն կառուցված է սրբատաշ քարերից եւ ունի գեղեցիկ կաթողիկե տեսք, որն առ այսօր համարյա ամբողջական է ու կանգուն:

Վանքն անսյուն է, իսկ գմբեթը հաստատված է չորս պատերի վրա՝ կառուցված կարմիր ու սեւ սրբատաշ քարերից: Ունի չորս փոքրիկ լուսամուտ: Պատերին՝ դրսի կողմից, փորված են խորշեր, որոնց վերին մասերը կամարաձեւ են: Հարավային պատի արտաքին մասը մի քիչ քանդված է, բայց ներքեւինն ամբողջական է: Եկեղեցին ունի երկու դուռ՝ արեւմտյան եւ հյուսիսային: Դռների ճակատի քարերի վրա կան արձանագրություններ, որոնք համարյա եղծված են ու չեն կարդացվում:

Վանքից դեպի հարավ-արեւելք, Սառնաղբյուրի ճանապարհին, կա որձաքարից քանդակված մի խաչքար, որի մասին պատմում են հետեւյալը. Երբ մահմեդականները թալանել են Հոգեվանքը, միաբաններին ծեծելով բերել են մինչեւ այս խաչքարի տեղն ու նահատակել: Հետո քրիստոնյաները եկել եւ հողին են հանձնել նրանց մարմինները՝ այնտեղ կանգնեցնելով նշված խաչքարը: ՕԾՈՒՄ ՍՐԲԱԼՈՒՅՍ ՄՅՈՒՌՈՆՈՎ

Մեծաթիվ ներկաների եւ ուխտավորների ուղեկցությամբ Միքայել Սրբազանը եկեղեցի մուտք գործեց «Հրաշափառ»-ի երգեցողությամբ, ուր, համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ մեր հոգեշնորհ հայրապետների կանոնակարգված արարողության, տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տ. Տաթեւ քհն. Մարուքյանը նախ ջրով, ապա գինով լվաց նորակառույց մկրտության Սուրբ ավազանը: Այնուհետեւ, Սուրբգրային համապատասխան ընթերցումներից հետո, հանդիսադիր Սրբազան Հայրը սրբալույս մյուռոնով օծեց այն: Հավարտ սրբազան արարողության Առաջնորդ Սրբազանը շնորհավորեց բարեպաշտ հավատավոր սառնաղբյուրցիներին ու ներկաներին:

Ի դեպ՝ Միքայել Սրբազանի ձեռամբ 2013 թվականի նոյեմբերի 23-ին օծվել է նաեւ Հոգեվանքի Սուրբ Սեղանը:

ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ԽՈՍՔԸ

Ահավասիկ կարճ, բայց գեղեցիկ արարողություն էր, կարծեմ, մկրտության ավազանի օծումը, որին հետեւեցիք, եւ որով այս գեղեցիկ եկեղեցին, այս հրաշալի վանքը, որ Շիրակ աշխարհի հարստություններից է, օժտվեց մկրտության ավազանով: Այսօրվանից կարող են այս ավազանում մկրտվել երեխաներ եւ դառնալ քրիստոնյա, ընդունել Աստծո շնորհներն ու լինել ժառանգակից Քրիստոսի՝ ինչպես մեր աղոթքում ասացինք: Երբ մկրտության ավազանը կա, եկեղեցին կա եւ գյուղում շարունակում են մնալ անկ-նունք երեխաներ, սա ընդունելի չէ: Ի՞նչն է պատճառը, որ մեր՝ հայ քրիստոնյաներիս, որ ամբողջ աշխարհում գլուխ ենք գովում՝ ասելով, թե առաջին քրիստոնյա ազգն ենք, հաճախ երեխաները մեծավ մասամբ հինգ տարի, տասը տարի, տասնհինգ տարի, քսան տարի մնում են անկնունք: Ոչ մի արդարացում չունի եւ չկա այն ծնողի համար, որ երեխաների մկրտությունն ուշացնում է:

Գիտեք՝ կան ծնողներ, որոնք ասում են՝ թող մեծանա, ինքը որոշի: Սա ավելի ճիշտ է, այս ծնողն ավելի իրավունք ունի, որ թողնում է իր երեխայի հայեցողությանը: Բայց այն ծնողը, որ ասում է՝ ես առաքելական քրիստոնյա եմ, մեր ժամին մեռնեմ եւ այլն, եւ իր զավակն անկնունք է, սա ավելի անընդունելի, ավելի մերժելի է: Հիմա սա որ ասում եմ, շատերը ճիշտ չեն հասկանալու՝ ինչպես միշտ: Ոնց թե, այն մարդը որ ասում է՝ թող մեծանա, որոշի, ավելի ճիշտ է, քան ես, որ հայ առաքելական քիստոնյա եմ, ամեն օր մտնում եմ ժամս, մոմս վառում ու աղոթքս անում... Է՛, երեխադ կնքված չի: Այն մարդը գոնե կողմնորոշում ունի, ասում է՝ թող մեծանա, ինքը որոշի՝ ուզում է իմ հավատքին հետեւել, թե չի ուզում: Բայց երբ դու ասում ես՝ ես առաքելական քրիստոնյա եմ եւ իմ զավակն էլ առաքելական քրիսնոնյա է, բա ո՞ւր է կնիքը ճակատի, մեռոնի կնիքն ո՞ւր է: Ինչո՞վ պիտի սատանան տեսնի եւ ասի՝ հա, սա իմը չի, արդեն փախավ ձեռիցս: Մկրտության ավազանի դրոշմով, մեռոնով է տեսնելու: Ինչո՞ւ ենք այդքան «մեռոն, մեռոն» ասում, բայց մեր երեխաներին զրկում մեռոնից մեկ, հինգ, տասը, տասնհինգ տարի: Ի՞նչ պատճառաբանությամբ: Չկա պատճառաբանություն: Խորովա՞ծն է պակաս: է՛, տասնհինգ, քսան տարվա մեջ ոչ մի անգամ խորոված չկերա՞ր: Այդ խորովածի հետ զուգակցի, ասա. «Լավ, քանի խորոված եմ ուտելու, եւ շատ անհրաժեշտ է, որ խորովածն անմիջապես մկրտությանը հաջորդի, երեխայիս էլ մկրտեմ»:

Այն գյուղերում, ուր եկեղեցիներ կան, քահանա կա, անկնունք երեխա ունենալը հանցագործություն է: Ոչ թե ես եմ հանցագործ, որ դատվեցի, չէ՞, այսօր իմ դատավճռի մեկ տարին է լրանում: Անցած տարի հոկտեմբերի 3-ին էր, որ իմ դատավճիռը հնչեց, ասվեց, որ ես մեղավոր եմ, հանցագործ եմ: Այո՛, հանցագործություններ կան չակերտավոր, որոնց համար դատվում ես, հանցագործություններ էլ կան, որ շատ ավելի ծանր են, որոնց համար չես դատվում: Հիմա ծնողի վերաբերմունքն իր երեխայի նկատմամբ, երբ անկնունք է թողնում, ավելի մեծ հանցագործություն է, քան այն, ինչ որ ես իբր թե կատարել էի, որի համար մեկ տարի հանգստացա:

Չի կարելի նման բան թույլ տալ, մանավանդ, Սառնաղբյուր գյուղում. սքանչելի գյուղ, սքանչելի ժողովուրդ, գործող եկեղեցի, ամենաառաջին գործող եկեղեցին Շիրակում՝ սովետների հեռանալուց հետո, Հոգեվանքի նման եկեղեցի, Սուրբ Թադեոսի նման եկեղեցի, ուխտավայրեր չորս կողմում, եւ այդ գյուղում որեւիցե մի երեխա իրավունք չունի մնալ անկնունք: Այստեղ մեղքը ո՛չ իմն է, ո՛չ Տեր Հորը: Տեր Հայրը չի մտնելու ձեր տուն, գաղտնի ձեր երեխաներին մկրտի, հետո, ինքն իրենից գոհ ու շնորհակալ, հեռանա՝ ասելով. «Ես իմ գործն արեցի»: Ամեն ինչ լինելու է ծնողների համաձայնությամբ, առաջարկով, մոտեցմամբ, խնդրանքով: Այդպես է: Աշխարհի դրվածքն է այդպես: Երեխան ծնողի խնամքի տակ է՝ մինչեւ չափահաս դառնալը: Ծնողն ինչպես երեխայի մարմինը, միտքն է խնամում (մարմինը խնամում է կերակրելով, հագցնելով, միտքը` սովորեցնելով, դաստիարակելով), այնպես էլ հոգին պետք է խնամի մկրտությամբ՝ առաջնորդելով եկեղեցի: Հետեւաբար՝ այս հարցում պետք չէ թերանալ, երբ կա մկրտության ավազան, կա եկեղեցի, եւ կա քահանա: Ոչ մի պատճառաբանություն չկա ուշացնելու:

Շնորհակալություն Ձեզ, հարգելի Արման Տոնոյան, որ մկրտության ավազանը կառուցեցիք: Աստված Ձեզ ուժ, կարողություն տա՝ միշտ լավ, բարի գործեր կատարել, եւ մեր ժողովուրդն էլ օգտվի այս իրողություններից: Իրապես՝ մեր ժողովրդի մեջ անկնունք, անմեռոն, առանց աստվածային դրոշմի մարդ թող մնա միայն ութն օրական երեխաների մեջ: Ութն օրականից այս կողմ որեւիցե երեխա, մարդ չլինի, որ մեռոնն իր ճակատին չունենա:

Օրհնալ եղերուք ի շնորհաց Սուրբ Հոգւոյն, երթայք ի խաղաղութիւն եւ Տէր Յիսուս եղիցի ընդ ձեզ եւ ընդ ամենեսեանսդ. ամէն:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները