Ամբարիշտը նույնիսկ կարող է ուրախանալ, որ ինքը պատժված չէ, բայց պետք է հասկանա, որ պատժված չլինելն ամենամեծ պատիժն է: Աստված դեռ համբերում է…

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 8 (320), օգոստոս 2026 թ.  


 

       

«ՕՐՀՆԵԱԼ ԵՍ ԴՈՒ, ՏԷՐ, ՈՒՍՈ ԶԻՍ
ԶԱՐԴԱՐՈՒԹԻՒՆՍ ՔՈ»
ՈԻԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՎԱՅՐԵՐ

պրել հայրենիքում եւ չիմանալ նրա պատմությունը կազմող մշակութային արժեքների մասին, առնվազն ամոթալի կլինի: Ծանոթանալով նրանցից յուրաքանչյուրին՝ ամեն անգամ հպարտանում ես, որ հայ ես, այդ արժեքների կրողը եւ որ ժառանգել ես նմանօրինակ պատմամշակութային ու հոգեւոր արժեքներ:

Օգոստոսի 13-ին առաջնորդանիստ Սուրբ Յովթերք եկեղեցու մի խումբ ուխտավորներ, նախաձեռնությամբ Զարիկ Իգիթյանի, ճանապարհ ընկան դեպի Գավառ, Հայրավանք, Սեւանավանք: Ուխտագնացների անդրանիկ հանգրվանը Գավառի Ս. Աստվածածին եւ Ս. Կարապետ եկեղեցիներն էին: Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1905 թ.: Հարավային դռան վերնամասում գտնվող արձանագրությունից իմանում ենք, որ Նոր Բայազետ քաղաքի Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1905 թ.: Թեմի Առաջնորդ Խորեն Մուրադբեկյանի միջնորդությամբ եւ տեղի ժողովրդի օգնությամբ սկսել են 1902 թ.-ին եւ ավարտել 1905 թ.: Այստեղ բարեպաշտ ուխտագնացները մոմեր վառեցին եւ աղոթք առաքեցին առ Երկնային Հայրը՝ հայցելով խաղաղություն Հայաստան աշխարհին:

Հաջորդ ուխտատեղին 1848 թ. կառուցված Ս. Կարապետ եկեղեցին էր, որ վերակառուցվել է 2012-ին եւ վերաօծվել ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Ի դեպ Ս. Կարապետ եկեղեցում ժամանակին Սուրբ եւ անմահ Պատարագ է մատուցել Խրիմյան Հայրիկը:

Ուխտավորների հաջորդ հանգրվանը Հայրավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին էր, որ կառուցվել է չորրորդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք եւ համարվում է հայկական ճարտարապետական եզակի նմուշներից: Այն գտնվում է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արեւելյան մասում Սեւանա լճի ափին, ժայռեղեն հրվանդանի վրա: Կառուցված է բազալտից, գմբեթը սրբատաշ տուֆից է, իսկ կամարներն ութանիստ թմբուկով են: 1211-ին եղբայրներ Հովհաննես եւ Ներսես վարդապետները նորոգել են այն եւ կառուցել, երկսյուն երդիկավոր, ութանիստ, շղթաքարեզարդ գմբեթով, գավիթ:

Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ դարի տապանաքարեր, իսկ պարսպից դուրս խցերի ու տնտեսական շենքերի ավերակներ: Վանական համալիրը գործել է մինչեւ 14-րդ դարը: 1980-ական թթ. այն նորոգվել է, իսկ եկեղեցու գմբեթը վերակառուցվել: Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է Ղազար Ա. Ջահկեցի Կաթողիկոսի գրի առած մի ավանդության հետ, ըստ որի 1381-ին, Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհաննեսը Քրիստոսի խաչափայտի մասունքով, խաչի զորությամբ, բռնակալի կողմից գերեվարված, հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու եւ ազատ արձակել:

ՍԵՎԱՆԱՎԱՆՔ

Հաջորդ կանգառը, Սեւանի թերակղզում գտնվող, Ս. Առաքելոց կամ Ս. Կարապետ եւ Ս. Աստվածածին եկեղեցին էր: Այստեղ նրանք վառեցին իրենց հավատի մոմերը եւ աղոթք առաքեցին առ Ամենաբարի Աստված: Վանքը հիմնադրել է Ս. Գրիգոր Լուսավորիչը՝ 305 թ.: Կղզին բերդապարսպով ամրացված է եղել դեռեւս բրոնզե դարում: Ս. Աստվածածինը կառուցվել է 9-րդ դարում: Թվում է, թե, Լուսավորչի կանթեղի նման, այն կախված է երկնքից: Ունի եռաբսիդ հորինվածք: Գավթի սյուները պսակված են եղել փայտե քանդակազարդ խոյակներով, որոնք այժմ պահվում են Հայաստանի պատմության թանգարանում եւ Էջմիածնում: Այստեղ եւս ուխտավորները միասնաբար եւ առանձին-առանձին աղոթք հղեցին առ Աստված՝ հայցելով Տիրոջ օրհնությունը:

Նշենք նաեւ, որ Ս. Աստվածածին եկեղեցում է գտնվում «Սեւանի Աստվածամայր» հրաշագործ սրբապատկերը: Ժամանակն իր կնիքն է թողել այս սրբապատկերի վրա: Գույները խամրել են, ծածկվել կեղտի շերտով, մգացել: Կտավի ներկաշերտը ճաքճքել է, բայց զարմանալիորեն այս վնասվածքները ոչ միայն չեն խանգարում պատկերն ընկալել, այլեւ տպավորիչ են դարձնում այն: Թվում է, թե Մանուկ Հիսուսի հայացքն ասում է. «Ես եմ բարի հովիվը, բարի հովիվն իր կյանքն է տալիս ոչխարների համար» (Հովհ. Ժ 11): Հիրավի, սա մի եզակի վկայություն է Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող հրաշագործ սրբապատկերի մասին: Եկեղեցու բակում գտնվում են Սեւանավանքի եւ «Ամենափրկիչ» խաչքարերը՝ մամռակալած, բայց շատ զորավոր:

ՎԱՆԱՁՈՐԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Մյուս հանգրվանը, Վանաձորի կենտրոնում գտնվող, 1831 թ. կառույց, Ս. Աստվածածին եկեղեցին էր: Այստեղ ուխտավորները ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ Պատարագին, ապա վառեցին իրենց հավատի մոմերը, երգեցին շարականներ եւ խնդրեցին Մեծագույն Սրբուհուց խաղաղություն հայոց աշխարհին եւ անսասանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Վերջին կանգառը Սպիտակի Ս. Հարություն եկեղեցին էր, որը կառուցվել է 1831 թ.: Այստեղ հնչեց «Տեր ողորմեա»-ն, քանզի ուր ողորմություն, այնտեղ շատ բարիք, ծով մարդասիրություն: Արդ, շնորհիր, Տեր, որ մեր աղոթքները Քո առջեւ ընդունելի լինեն՝ առանց կեղծավորության, հպարտության, բարձրամտության, ամբարտավանության կամ որեւէ մեղքի, օգնիր մեզ, Աստված, կատարել Քո կամքը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները