Ամբարիշտը նույնիսկ կարող է ուրախանալ, որ ինքը պատժված չէ, բայց պետք է հասկանա, որ պատժված չլինելն ամենամեծ պատիժն է: Աստված դեռ համբերում է…

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԷ տարի, թիվ 8 (320), օգոստոս 2026 թ.  


 

       

ՃԱՆԱՊԱՐՀ ՈՒԽՏԻ ԵՎ ԱՂՈԹՔԻ

գոստոսի 8-ին՝ Եփեսոսի Ս. ժողովի 200 Հայրապետների հիշատակության օրը, Ազատանի Սուրբ Հարություն - Սուրբ Ստեփանոս եկեղեցու հավատացյալները, Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ հոգեւոր տեսուչ Տ. Նարեկ եպս. Ավագյանի օրհնությամբ ու Տ. Մակար քհն. Գալամդարյանի առաջնորդությամբ, մեկնեցին ուխտագնացության Գուգարաց թեմ:

Ուխտավորների առաջին կանգառը Ճոճկանի Սուրբ Աստվածածին եկեղեցին էր, ուր աղոթք վերառաքվեց մեր հայրենիքի անվտանգության ու ժողովրդի դարձի համար: Տեր Հայրը խոսեց օրվա խորհրդի մասին եւ բացատրեց «Մի է բնութիւն բանին մարմնացելոյ» բանաձեւը՝ որպես Հայ Եկեղեցու դավանաբանական սկզբունք:

Հաջորդ կանգառը Սուրբ Նահատակ վանքն էր, ուր ամփոփված է եղել Ս. Վարդան Մամիկոնյանի դուստր Ս. Շուշանիկը: Ըստ պատմական աղբյուրների՝ 451 թվականի Ավարայրի ճակատամարտից հետո, Վարդան Մամիկոնյանի փեսան՝ Աշուշա բդեշխը, ստիպել է իր կնոջը՝ Շուշանիկին, հրաժարվել քրիստոնեությունից եւ ընդունել զրադաշտականությունը (կրակապաշտություն): Սակայն Շուշանիկը հրաժարվել է, ինչի հետեւանքով նրան բանտարկել են Վրաստանի Մծխեթայի ամրոցում, որտեղ էլ տանջանքների է ենթարկվել ու նահատակվել:

Ջոջ իշխանը, տեղեկանալով Շուշանիկի նահատակության մասին, խնդրել է Աշուշա բդեշխին իրեն հանձնել նրա աճյունը: Շուշանիկի մարմինը տեղափոխվել է Ջոջ իշխանի ապարանք, որտեղ էլ նրան թաղել են եւ, ի պատիվ նրա հիշատակի, կառուցվել է այս վանքը, որն ստացել է Նահատակ անվանումը: Իսկ վանքի հարեւանությամբ գտնվող գյուղը հետագայում անվանվել է Ճոճկան՝ կապված Ջոջ իշխանի անվան հետ:

17-րդ դարում Թիֆլիսի հայ առեւտրականները դիմել են հայկական կողմին, որպեսզի վանքից մի մասունք հանձնեն Վրաց Եկեղեցուն, քանի որ վրաց ժողովուրդն ու եկեղեցականները նույնպես պաշտել են Սուրբ Շուշանիկին: Արդյունքում այդ մասունքը տեղափոխվել է Մծխեթա, ուր մինչ օրս ուխտավորներ են այցելում:

Նույն դարում Նահատակի վանքը վերանորոգվել է մի քահանայի կողմից, ինչի հետեւանքով վանքի զույգ եկեղեցիները պահպանվել են մինչ օրս: Վանքի մուտքի վերեւում առկա է 17-րդ դարի վերանորոգման արձանագրությունը:

Հաջորդիվ ուխտավորներն այցելեցին Ալավերդի քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, Սանահնի կամուրջ եւ Սանահնի վանական համալիր: Այստեղ ուխտավորները ներկա գտնվեցին Երեկոյան Ժամերգությանը:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները